Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Հայկականությունը դարձել է ծաղրի առարկա

ՈՒշի ուշով հետևում եմ նոր իշխանությունների կրթադաստիարակչական մոտեցումներին, փնտրտուքներին ու դեգերումներին: Նրանցից, իհարկե, առանձնանում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն իր պաշտոնավարման սկզբից անընդհատ խոսում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացման մասին, թեպետ ոչ մի ելք չի գտել, բացի մարդկանց պաշտոնանկ անելուց: Այդ ճանապարհին, նվազ դրվատելի քայլերի կողքին, նախարարը հասցրեց անել այնպիսի բաներ, որոնք, մեղմ ասած, հարիր չէին բարձրաստիճան պաշտոնյաների: Ինչևէ, չանդրադառնանք դրանց: Խոսենք կրթության մասին:

Նախ` ի՞նչ ենք հասկանում կրթություն ասելով, մանկապարտե՞զ, դպրո՞ց, քոլե՞ջ, համալսարա՞ն։ Կարծում եմ` քաղաքացու, մանավանդ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության համար, կրթական համալիրներից բացի, կարևոր կռվան է նաև հեռուստաեթերը, որի մասին էլ ցանկանում եմ խոսել:

Նախարարը կամ նրա խորհրդականները, կրթական բարեփոխումների մասին խոսելիս, երբևէ չե՞ն մտածել հայկական հեռուստաեթերի մասին: Ի՞նչ կրթական բարեփոխումների մասին է խոսքը, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերություններից, բացառությամբ «Շողակաթի», անգրագիտություն, գարշանք ու անբարոյականություն է ծորում:

Խորհրդային Միության փլուզումից հետո հեռուստատեսությունը հասել է կատարյալ սանձարձակության ու միջակության: Անցյալ դարավերջին սկիզբ առած բարոյական անկման արշավին մասնակցելն այսօր հեռուստաընկերությունների` մրցակցությունից դուրս չմնալու միակ միջոցն է դարձել: Մանավանդ վերջին տասնամյակում անճանաչելիորեն փոխվել է ցուցադրվող հաղորդումների ու ֆիլմերի լեզուն. եթերը հայերեն չի խոսում:

«Հ1»-ը կարծես ներկարարական արհմիություն լինի և, արդեն երեք տասնամյակ, նախանձախնդրորեն վարդագույնով է զմռսում իշխանություններին: Հանուն արդարության պետք է նշել, որ այստեղ հայերենը շատ թե քիչ կենդանության նշույլներ է ցույց տալիս:

«Կենտրոնը» նույնպես ներկարարական արհմիություն է, պարզապես ներկի պատվիրատուն է այլ:

«Արմենիան» զբաղված է հայոց լեզուն ապականող, ծաղրող ու նսեմացնող սերիալների արտադրությամբ. այն կարելի է համարել նաև հնդկական սերիալների մագնատ հեռուստաընկերության: Այդ ալիքով կարելի է լսել այսպիսի նախադասություն` «ադվակատին յուվիլերն ա սպանել» կամ «չուլկի», «կալգոտկա», «բիգուձի», «համբալ», «տվար» և այլ նմանատիպ բառեր:

«Հ2»-ով առհասարակ հայերեն ոչ մի ֆիլմ դիտել հնարավոր չէ, թեպետ լեզվի մասին օրենքը պահանջում է եթերով նույնպես պատշաճ մակարդակի վրա պահել հայերենը:

«Շանթի» մասին առհասարակ խոսելս չի գալիս, մեր «ամենատարեց» հեռուստաընկերություններից մեկն է, բայց «երեկվա երեխայի» պես է պահում իրեն: Նա էլ չի զլացել և չի զլանում հնարավորինս չարչրկելու հայոց լեզուն: Նախորդ տարի սկիզբ առած «Վումնս կլուբը» ասվածի ցայտուն ապացույցն է: Այդ հաղորդումն ուղղակի խայտառակություն է, զարմանում եմ, որ մինչ օրս որևէ լուրջ քննադատության չի ենթարկվել: Այդ շոու կոչվածի ընթացքում կարելի է լսել հայհոյանքներ, սեռական, ոչ եթերային, անճոռնի շարժուձևի: Այդ ամենին զուգահեռ, որպես հանդիսատեսին ծիծաղ պարգևելու նախընտրելի միջոց, ընտրված են հայկական ավանդական արժեքները, մեր դարավոր նիստ ու կացը, բարքերը, որոնց շնորհիվ հասել ենք այսօրվան: Տպավորություն է ստեղծվում, որ «Շանթն» ուղղորդված կերպով ծաղրում է հայկականությունը: Մյուս ալիքները բացառություն չեն։ Վաղուց ժամանակն է ամեն ինչ վերանայելու, խմբագրելու և սրբագրելու, եթե, իհարկե նոր իշխանությունն ունի գրագետ խմբագիրներ ու սրբագրիչներ:

Հասկանալի է, որ մեկ օրում կամ մեկ ամսում հնարավոր չէ նման ծավալի աղբը մաքրել, բայց եթե անցած ամիսներին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եկեղեցու դեմ «արիաբար» մարտնչելու և սեփական սկզբունքներին տուրք տալով դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ պաշտոնանկ անելու փոխարեն զբաղված լիներ սրանով, արդեն ահագին բան փոխված կլիներ:

Կարծում եմ` առաջին լուրջ անելիքն այդ ուղղությամբ Ազգային ժողովում վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելն է, պետության քաղաքացու դաստիարակությանը նախանձախնդիր թղթածրար ստեղծելը: Ի դեպ, սա ավելի կարևոր քայլ է, քան պետության օրհներգի փոփոխության, դրոշի վրա խաչ պատկերելու կամ մայրաքաղաքը տեղափոխելու անհեթեթ նախաձեռնությունները:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am