Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Քրիստոնյայի պատասխանատվության մասին

Հայտնի է, որ աշխարհում բազմաթիվ փորձություններ կան, որտեղ ամեն օր ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում: Այսօր առավել քան երբևէ մենք քաղում ենք մարդկային կեղծիքի պտուղները: Կեղծիք, որի հետ հաշտվել են մեր նախնիները, որի հետ հեշտությամբ հաշտվում ենք նաև մենք:

Մենք սարսափով ենք խոսում պատերազմի մասին, սակայն շատ հանգիստ ենք վերաբերում սառը և շահով պայմանավորված մարդկային հարաբերություններին: Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր շուրջ տեղի ունեցող չարիքի համար: Ոչ ոք թող չասի. «Ես զոհ եմ, անմեղ եմ, ես ենթարկվել եմ տառապանքների»:

Ոչինչ չի կարող շեղել քրիստոնյային։ Քրիստոնյան չի կարող լինել շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ու հանգամանքների զոհ կամ անշունչ խաղալիք: Մեր մեջ ապրում է Տիրոջ սիրո զորությունը, և եթե մենք այդ զորությամբ երկրի վրա չարարենք Տիրոջ ճշմարտությունը, ապա նման ենք այն աղին, որի մասին Քրիստոս ասաց. «Եթե աղն անհամանա, ապա այլևս ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի (Մատթ. 5:13)։ Շատ հաճախ մենք այդպիսին ենք:

Հաճախ ներփակվում ենք մեր միջավայրում՝ փորձելով ստեղծել ապահով մի անկյուն, չնկատելով, որ շուտով այն դառնում է ճահիճ: Քրիստոս հիմնեց Եկեղեցին, որպեսզի Իր խաչելությամբ, հարությամբ ու հավիտենական ներկայությամբ զորացած մարդիկ կերտեին մի նոր աշխարհ, որտեղ կիշխեր աստվածային ճշմարտությունը: Բավական չէ իմանալ, որ Աստված է ստեղծել ամեն ինչ: Պետք է հիշել, որ ուղարկելով իր աշակերտներին հեթանոս, անաստված աշխարհ՝ Քրիստոս ասաց, թե նրանց ուղարկում է որպես ոչխարներ՝ գայյլերի մեջ (Մատթ. 10:16), ինչպես Իր Հայրն ուղարկեց Իրեն՝ անհաղորդ մնալու անաստված աշխարհի ստին, կեղծիքին՝ սեփական անձը զոհաբերելու պատրաստակամությամբ և Աստծո փրկարար կամքին հնազանդությամբ:

Մեզնից յուրաքանչյուրը կոչված է իր ուժերի ներածին չափով այս աշխարհ բերել սեր, խոնարհություն, գթասրտություն, կարեկցանք: Ուստի հավաքենք ոչ միայն մեր հոգու բոլոր ուժերը, որոնք, կարող է պարզվել, որ շատ քիչ են, այլև մեր մեջ եղած հավատքի բոլոր փշուրները, և հանձնենք մեզ Տիրոջ կամքին: Բայց հիշենք, որ այդ կամքը պետք է իրականանա մեր միջոցով։

Աղբյուր՝ Qahana.am