Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են» (Սամուել 12:21)

Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից»

Ձեզ ենք ներկայացնում Պարգև Շահբազյանի հուշերը Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին: Շուրջ 40 տարի Պ.Շահբազյանը եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի աշխարհական մերձավորագույն գործընկերը, նրա գիտական քարտուղարն ու թարգմանիչը:

Ուխտը

Մոտ 25 տարի առաջ էր: Մի առավոտ նկատեցի, որ Վեհարանի հյուրասրահում Վեհափառը և սևազգեստ տարեց մի կին զրուցում են: Որոշ ժամանակ անց վերադարձա իմ աշխատասենյակ ու նկատեցի, որ նրանց զրույցը դեռ շարունակվում է: Մտածեցի` Վեհափառն այս կնոջ հետ ի՞նչ գործ ունի, մանավանդ որ սովորություն չուներ հյուրասրահում մարդկանց ընդունել` սովորաբար իր աշխատասենյակում էր ընդունում: Մտածեցի` երևի հեռավոր ազգականներից է: Մոտ մեկ ժամից կրկին անցա հյուրասրահով և տեսա, որ Վեհափառը մենակ է, կինը արդեն գնացել է: Վեհափառն ինձ ձայն տվեց և հարցեց` պարոն Շահբազյան, գիտե՞ք` ով է այս կինը: Ոչ, պատասխանեցի: Ու Հայրապետը պատմեց հետևյալ պատմությունը:

Կինը եղել է Ցեղասպանությանը զոհ գնացած ծնողների զավակ: Նրա ծնողները հավատացյալ մարդիկ են եղել և տեղահանության ժամանակ ուխտ են արել` եթե Աստված ողորմեց, կհասնեն Էջմիածին և իրենց կուտակած ոսկիները կհանձնեն օրվա կաթողիկոսին: Տեղահանության ճանապարհին ծնողները հասկանում են, որ դժվար թե կենդանի մնան: Ոսկիները պահ են տալիս գոտու մեջ, գոտին կապում դստեր մեջքին և պատվիրում` եթե ողջ մնացիր, ամեն գնով հասիր Էջմիածին ու հանձնիր ոսկիները: Ծնողների մահից հետո, ինչպես շատ հայ որբուկներ, աղջիկը հայտնվում է Հունաստանի Կորֆու կղզու որբանոցում: Չափահաս դառնալուց հետո որբանոցից դուրս է գալիս, կատարում հազար ու մի աշխատանք: Պատահում է` հաց է մուրում, բայց երբեք ոսկուն ձեռք չի տալիս: Անցնում են տարիներ: Արդեն առաջացած տարիքում նա դիմում է Սովետական դեսպանություն` Հայաստան գալու խնդրանքով:

Երկար ձգձգումներից հետո վերջիվերջո թույլատրում են: Այն ժամանակվա Ներգաղթի կոմիտեն նրան տեղավորում է Էջմիածնի գյուղերից մեկում: Փոքրիկ մի կացարան է տալիս ու ամսական 40 ռուբլի թոշակ նշանակում: Էջմիածին հասնելուն պես կինը գնում է Վեհարան` ընդունելություն խնդրելով կաթողիկոսի մոտ: Բայց նրան մերժում են, որովհետև չի ցանկանում հայտնել այցի նպատակը: Պարզապես կրկնում է` ուզում եմ նրան անձամբ տեսնել:

Ընդառաջելով կնոջ թախանձանքներին` Վեհափառին հայտնում են կնոջ խնդրանքը: Եվ ահա Հայրապետն ընդունում է նրան: Ու նա պատմում է` այսպես ու այսպես: Հետո մեջքից արձակում է գոտին ու հանձնում կաթողիկոսին:

Այս բոլորը Հայոց կաթողիկոսի նվերն է իր ժողովրդին

1955 թ. Լուսավորչի գահին բազմելուց հետո Վեհափառը հետաքրքրվել է, թե Էջմիածինն ինչ գանձեր ունի: Պարզվել է` բացի թանգարանային արժեք ներկայացնող իրերից կան նաև բազմաթիվ ոսկյա իրեր` ժամացույց, մատանի, ապարանջան, որոնք առանձնացրել է: Պաշտոնավարության ընթացքում նույնպես շատ սփյուռքահայեր, այցելուներ նոր-նոր նվերներ են արել: Ու կաթողիկոսը բոլոր ոսկյա նվերները, որոնք առանձին գեղարվեստական արժեք չեն ներկայացրել, առանձնացրել է: Ասում է` մտածեցի` ինչ անել այս գումարները: Եվ մտահղացում ունեցա` հալեցնել և մի ազնիվ նպատակի ծառայեցնել: Մոտ 20-25 կգ ոսկի եղավ: Եգիպտոսից հայրենադարձ եղած մի լավ ոսկերիչ կար` Ժիրայր Չուլոյան: Միշտ զանազան աշխատանքներ էի հանձնարարում նրան: Մի օր կանչեցի, ասացի` կարո՞ղ եք այս ոսկուց այբուբենը կերտել: Ասաց` այո: Իսկ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանին էլ հարցրի` այսպիսի ծրագիր ունեմ, դուք կարո՞ղ եք տառերը առանձին–առանձին նկարել, բայց հին հայկական ձեռագրերի ոճով:

Մի քանի օր անց ճարտարապետը օրինակը բերել է: Վեհափառը որոշ ցուցումներ է տվել: Երբ տառերի էսքիզները պատրաստ էին, կանչել է ոսկերիչին, տվել ձուլածո ոսկին և ասել` նույնությամբ պատրաստեք: Այնուհետ որոշել է տառերը զարդարել թանկարժեք և կիսաթանկարժեք գոհարներով: Իսկ մի առիթով էլ Վեհափառն ասել է. «Այս բոլորը Հայոց կաթողիկոսի նվերն է իր ժողովրդին»:

Հետագայում նա կարողացավ մեջտեղ բերել նաև «Ոսկյա խաչը», որի պատրաստման ամբողջ ոսկին Էջմիածնին նվիրաբերել էին մարսելաբնակ վանեցի մի հայ ընտանիքի ներկայացուցիչներ: Իսկ դրանից հետո Մայր տաճարի ոսկյա մանրակերտը պատրաստել տվեց:

Մահը սարսափելի չէ, մահվան սպասելն է սարսափելի

Գիտեք, որ Վեհափառն անբուժելի հիվանդությամբ մահացավ: Նա սպիտակարյունություն ուներ, որը ծնողներից էր ժառանգել: Բայց միշտ բժիշկների հսկողության տակ էր: Եվ այդ ձևով երկար տարիներ ապրեց: Մահից մի քանի ամիս առաջ էր: Պետք է մեկներ Միացյալ Նահանգներ` տեսակցելու Ալեք Մանուկյանի հետ: Ճանապարհին մի քանի օր պետք է կանգ առներ Փարիզում: Նրա մեկնելուց երկու օր հետո լուր ստացանք, որ Վեհափառը Փարիզից հետ է եկել:

Պարզվեց` բժիշկները խորհուրդ չէին տվել շարունակել ուղևորությունը, հիվանդությունն իր գործն արել էր: Ես արդեն գիտեի, որ սպիտակարյունություն ունի, բայց չգիտեի, որ հուսահատված է հետ եկել: Եվ մի օր սառնարյունությամբ ասաց` գիտեք` բժիշկներն ինձ ասացին, որ քաղցկեղ ունեմ: Գիտե՞ք` քաղցկեղն ինչ է: Շշմեցի: Մտածեցի` կատակ է անում: Այո, Վեհափառ, ասացի: Շատ հանգիստ ասաց` բժիշկներն այդ հիվանդությունը նշեցին: Իհարկե, այս լուրը տարածվեց, բոլորը գիտեին: Դրանից հետո ապրեց մոտավորապես 3-4 ամիս: Բայց վերջին շաբաթներն այնքան էր թուլացել, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում: Ամեն առավոտ գալիս էր իր աշխատասենյակ, կես ժամ, մեկ ժամ աշխատում, ապա գնում հանգստանալու:

Այս օրերին էր: Գիտեի, որ իր աշխատասենյակում է: Գնացի, դուռը բախեցի: Ձայն չեղավ: Ավելի ուժեղ բախեցի: Էլի ձայն չեղավ: Հեռացա: Մի քանի րոպեից վերադարձա, նորից բախեցի: Էլի ձայն չկա: Մտածեցի` ի՞նչ կարող է պատահել: Եվ համարձակություն ունեցա դուռը մի փոքր բաց անել: Դռան ճեղքից տեսա, որ իր աշխատասեղանի առջև, ձեռքը ճակատին դրած, գլուխը ինչ–որ թղթերի վրա խոնարհած` նստած է: Հարցրի` Վեհափառ, կարելի՞ է ներս գալ: Ձայն չտվեց: Որոշ ժամանակ անց ձեռքի շարժումով նշան արեց, որ ներս մտնեմ ու դիմացը նստեմ: Տհաճ լռություն տիրեց: Նա ոչինչ չէր ասում, ես էլ չէի համարձակում որևէ բան խոսել: Մտորումների մեջ էր: Ի վերջո համարձակություն ունեցա, ասի` Վեհափառ, այսօր ինչպե՞ս է ձեր ինքնազգացողությունը: Միանգամից չպատասխանեց: Մի քանի վայրկյան հետո գլուխը բարձրացրեց, նայեց դեմքիս` պարոն Շահբազյան, մահը սարսափելի չէ, մահվան սպասելն է սարսափելի: Սարսռացի: Զգացի, թե այդ րոպեին ինչ ուժեղ ապրումներ է ունեցել և մտածեցի, որ ամեն րոպե մահվան է սպասում: Ու հանկարծ հիշեցի Վիլյամ Սարոյանի մի խոսքը և իբր մխիթարելու համար ասացի` Վեհափառ, բոլորս մահկանացու ենք, բայց Վիլյամ Սարոյանն ասում է` մահվանից չպետք է վախենալ, որովհետև քանի դեռ մենք կանք` մահ չկա, իսկ երբ մահ կա` մենք չկանք: Շատ իմաստուն ու ճիշտ խոսք է, ասաց:

Վերջին հայը, որ կլքի Ղարաբաղի հողը, ես կլինեմ

Արցախյան շարժումն սկսել էր: Ղարաբաղում անհանգիստ էր: Թշնամին նույնիսկ Գանձասարի ուղղությամբ էր ռումբեր նետել: Այդ օրերին էր, որ Բյուրականում հոգևոր խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգում Արցախի հարցն էր: Մի քանի հոգևորականներ իրենց ընտանիքներով ապահովության համար Ղարաբաղից վերադարձել էին:

Վեհափառը խոսեց Արցախում ստեղծված կացության մասին, նշեց, որ որոշ հոգևորականներ անվտանգության նկատառումներից ելնելով վերադարձել են: Ապա դիմեց նիստին ներկա Պարգև սրբազանին, ով նշանակվել էր Արցախի թեմի առաջնորդ` սրբազան, լավ կլինի, որ դուք էլ ձեր անձնական անվտանգության համար գոնե ժամանակավորապես տեղափոխվեք Երևան: Ու Պարգև սրբազանը համարձակվեց Վեհափառին հետևյալն ասել` Վեհափառ, Դո՞ւք եք այդ խոսքերն ինձ ասում, չէ՞ որ ինքներդ ինձ նշանակեցիք հոգևոր հովիվ` հովվելու Ղարաբաղի հայությունը: Ես ինչպե՞ս կարող եմ նրանց թողնել և իմ անձի մասին մտածելով վերադառնալ Հայաստան: Վերջին հայը, որ կլքի Ղարաբաղի հողը, ես կլինեմ:

Ես Վեհափառի դեմքին նայեցի: Այլայլվեց: Ոչ մի պատասխան չտվեց: Ժողովն ավարտվեց: Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր անդամները մեքենաներով իջան Երևան: Արդեն երեկո էր: Ես ամառվա շրջանում միշտ մնում էի ամառանոցում` Աստվածաշնչի վրա էինք աշխատում: Երեկոյան ընթրիքի ժամն էր: Դեմ դիմաց նստել ենք: Լուռ ընթրում ենք: Որոշ ժամանակ անց նա հարցրեց` պարոն Շահբազյան, լսեցի՞ք սրբազանի խոսքը: Ի՞նչ եք մտածում:

Ասացի` Վեհափառ, շատ ճիշտ ասաց, և ես տպավորվեցի: Այսօրվա նման հիշում եմ` ասաց` երբ այդ խոսքն ինձ ուղղեց, ոչինչ չկարողացա պատասխանել, զգացի իմ սխալը: Եվ լռեցի: Բայց հոգուս խորքում մեծ գոհունակություն զգացի, որ այդպիսի հայրենասեր, նվիրված բարձրաստիճան հոգևորականներ ունեմ: Ու ձեռքը բախելով սեղանին բացականչեց` ինձ այդպիսի նվիրյալ հոգևորականներ են պետք:

Իրավունք չունի՛նք հայրենիքը լքելու

1970-ականների սկիզբն էր: Երկաթյա վարագույրը մի փոքր ճեղքվել էր և հնարավորություն կար արտագաղթելու արտասահման: Հելսինկիում Արևմուտքի երկրների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի` Սովետական Միությունում ապրող այն ընտանիքները, որոնց մի մասն արտասահմանում է գտնվում, իրավունք էին ստանում գնալ արտերկիր և միանալ իրենց հարազատներին: Այդ առիթից օգտվելով` ոմանք, և դրանց մեջ հոգևոր հայրեր, ցանկություն հայտնեցին արտասահման գնալ: Հոգևորականներից վարակվելով` Մայր Աթոռի աշխատակիցներ, որոնց կարիքը մենք ունեինք, նույնպես արտասահման մեկնելու դիմումներ ներկայացրին: Մեկ, երկու… Կաթողիկոսը նկատեց սա և վրդովվեց, որ հայրենիքը թողնում, հեռանում են: Եվ մտածելուց հետո մի որոշում կայացրեց` բոլոր այն հոգևորականները, որոնք թողնում են իրենց վստահված աշխատանքը և հեռանում, կարգալույծ պետք է լինեն, իսկ աշխարհականները` ազատվեն աշխատանքից:

Շատերը քննադատությամբ ընդունեցին կաթողիկոսի որոշումը: Ու մի օր Վեհափառը կանչեց բոլոր հոգևորականներին ու աշխատակիցներին և ելույթ ունեցավ նրանց առաջ: Ասաց` հարազատ զավակներ, դուք բոլորդ վրդովված եք, որ ես այսպիսի խիստ միջոցների եմ դիմել, բայց ուրիշ ելք չունեի: Ես ինքս, համոզված եղեք, ազատամիտ մարդ եմ: Եվ գտնում եմ, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է գնա և ապրի: Բացի հայերից: Մենք Եղեռն տեսած մի բուռ ժողովուրդ ենք և իրավունք չունի՛նք մեր հայրենիքը լքելու:
Վեհափառը շատ էր հուզվել, գրեթե արտասվում էր:

Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ
Աղբյուր՝ Nyut.am