Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Մատյան Ողբերգության։ Կարդում է Սոս Սարգսյանը (Բան Գ)

Գ

Ողբերգությունն այս սիրեվ ճաշկող
սրտերում թող որ
Շնորհիդ լու՜յսը մտնի և բնակվի։
Եթե պատահի, որ ինձ համար
բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն,
Ինձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ,
որոնք կենդանի են քեզ համար․
Եթե սրանով մեղքերը մաքրող
արցունքներ կաթեն աչքերից,
Ով խնամակալ, անձրևիր նաև
նրանք ինձ վրա։
Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝
Թող փրկվածներին լինեն դասակից։
Քո կամքով, օրհնայալ, թող որ նաև ես
համարվեմ փրկված։
Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ
մեկի սրտի խորքերից
Հնչեն հառաչներ աստվածահաճո,
Թող որ նրա հետ, ո՜վ բարձյալ, և ես
օգտվեմ քեզանով․
Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով
առքեզ կարկառվի,
Թող իմ ձայնի հետ հասնի, միանա
Եվ այս աղերսանքն առ քեզ
մատուցվող՝ աղոթքների․
Եթե ուրիշներն էլ պաղատանքներ
երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
Նրանցով ես էլ թող որ քեզ կրկին
նվիրված լինեմ։
Եթե բանավոր պատարագն այս իմ
հաճո լինի քեզ և գնահատես,
Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմ,
թող քեզ ընծայվի․
Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ
նվաղի տկար,
Թող կանգնի դարձյալ հառաչանքների
այս հաստարանով՝ քեզնով հուսադրված․
Եթե ամբարտակն ապահովության
խորտակվի մեղքով,
Թող որ քարերովն այս պատշաճապես
կառուցվի դարձյալ, աջովդ պաշտպանված․
Եթե հանցանքի սրով կտրվի հույսի
լարը ձիգ,
Ամենակալիդ կամքով թող դարձյալ
կցվի ամրապես՝ քո պատվաստումով․
Եթե հոգեկան ցավի մի վտանգ
պաշարի մեկին մահացու կերպով․
Թող որ փրկություն գտնի սրանով՝
հույսով ապրելու,
Ով կեցուցիչդ քեզ աղոթողի։
Տարակուսանքի տագնապով եթե
խոցոտվի մի սիրտ,
Թող քո քաղցրությամբ՝ բուժվի սրանով
և առողջանա․
Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն
ընկղմել է խոր անդունդի մեջ,
Այս կարթով թող որ դեպի լույս գա՝
քո պաշտպանությամբ․
Թե խավարային գործերով թմրած ՝
ուժասպառ է ոք,
Թող որ զորանա քեզ ապաստանած,
միա՜կ ապավեն․
Եթե պահպանակը վստահության լքել է
մեկի հոգին,
Այս միջնորդությամբ թող ձեռքդ նրան
ընդունի դարձյալ և ամրապնդի,
Եթե ոք հսկող պահապաններից
հեռու դեգերի,
Այդպիսին թող որ սպասի սրանով
նորոգչիդ դարձին․
Եթե դիվային ջերմի սարսուռը
խռովի մեկին,
Սթափվի թող նա խաչիդ խորհրդի
Այս խոստովանված ու երկրպագված
նշանի առջև․
Անօրենության խորտակիչ հողմի
մրրիկը եթե
Մարդու մարմնեղեն շինվածքն
աշխարհի ծովում հարվածի,
Թող որ քո կողմից շինված այս ղեկով,
առագաստներով խաղաղվի՜ դարձյալ։
Դ
Մատյանն այս ողբերի, որ քո անունով
սկսեցի, բարձրյա՜լ,
Թող կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և
մարմնի ցավերը բոլոր։
Սկսածն այս իմ՝ իր ավարտին
հասցրու դու
Եվ թող քո հոգին խառնվի սրան։
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ
շնորհածդ այս բանաստեղծույանը,
Քանզի դու ես լոկ տալիս զորություն
վհատ սրտերին
Եվ ընդունում փա՜ռք բոլորից․ ամեն։