Այսպէս է ասում Տէրը. «Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ» (Կորնթացիներ 14:5)

Կոմիտասի ոգին ոչ միայն չի թևածում, այլև իսկի ներկա էլ չէ. Սոս Սարգսյան

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի «Վարագույրից այն կողմ» գրքից մեկ հատված:

Բանաստեղծներն անչափ ավելի լավ կպատկերեն Իջևան ու Շամշադին բնաշխարհի խելահեղ գեղեցկությունները: Միայն կասեմ, որ ներշնչման զարմանալի պահեր ապրեցի այդ բնական թվացող բնության մեջ: Օձի կաշվի պես մի բան, մի ինչ-որ ավելորդ բան պլոկվում է քեզնից, թվում է` նորանում ես այդ սարերում, թվում է` խորն անդունդներից նոր կյանքի համար ես դուրս գալիս, նոր ճակատագրի …

Ապա միտք ես անում` ինչո՞ւ են իրենք իրենց կողոպտում` բանից անտեղյակ մեր «բիրդան աղաներ», ուշքն ու միտքը հայտնի հեռու տեղերն են միայն այն բանի համար, որ օտար անվանումներով հարևանին զարմացնեն …

Այսպես, ուրեմն, Շամշադին: Բերդ մտնելուց առաջ որոշեցինք նախ տեսնել Վարագավանքը: Դեռ հեռվից նշմարվում է տեղանքին ներդաշնակ, կանգուն մնացած նրա պատկերի մի մասը: Ո՞վ է ընտրել այս վանքի դիրքը, մտածում ես, ո՞վ է հղացել նրա ձևն ու տեսքը … Քարը չի սուրբ, չէ, ոչ էլ վանքը … Քո հայրենակցի միտքը, որ ապրել է քեզնից հազար տարի առաջ, ձեռքը, որ տաշել-տեղադրել է այս թանձր քարերը, մեջքը, որ կորացրել է այս խաչքարի վրա, խաչը ծաղիկ արել ու նաև` քրտինքը, որ կաթիլ-կաթիլով փխրունացրել է քարը` բազմապիսի այս նախշերը հեշտ փորագրելու համար:

Հնությունը հորենական հարգանք է պահանջում: Մոտենում ես ակնածանքով լի, բայց …

Ինչպիսի երևակայություն պետք է ունենալ, ինչ խոսքեր, որ սառնասրտորեն նկարագրես այն բացառիկ անտերությունն ու ապականությունը, որին մատնված է այդ հնադարյան կոթողը: Ու դեռ աղբանոցի վերածված շրջապատի ծանր տպավորությունից ուշքի չեկած (աղբը մեր հետևից չհավաքելը, ցավոք, ոմանց համար սովորույթ է դարձել), տեսնում ես շատ ավելի սոսկալին` կարծես իրար հետ մրցելով, մեր երիտասարդները կարմիր ու կապույտ, սև ու սպիտակ ներկերով, անճոռնի տառերով դրոշմել են իրենց աղավաղված անունները` ի «հիացումն» գալիք սերունդների, այլանդակել են պատերը ներսից ու դրսից, անգամ խաչքարերը, անգամ «նեղություն են քաշել», հատուկ բարձրացել են դեռ կանգուն աշտարակի վրա ու այնտեղ էլ են «անմահացել»: Չգիտեմ, ժամանակը, որ հազարամյակներով է հաշվվում, թշնամին կամ երկրաշարժը այնքա՞ն վնաս հասցրել են, արդյոք, միատեղ:

Ինքնակամ հիմարանալ: Եվ այս աստիճա՞ն...

Երկար ճանապարհս փոշմանած, շվարեցի անպաշտպան պատերի մեջ, ու հանկարծ հիշողությունս լուսավորվեց...

Փարիզ քաղաքում էի, Լուվրում. Հին Եգիպտոս, Հին Հունաստան, Հռոմ, շումերներ, Ջոկոնդա, քանդակներ, նկարներ... ծով հանճարեղության մեջ հոգիդ խենդանում է, աչքդ դառնում է փարախն ընկած սոված գայլ, ագահությունը խեղդում է, տենդորեն սրահից սրահ ես վազում ու մեկ էլ... Երազ չէ՞, արդյոք, տեսածս: Ամենապատվավոր տեղերից մեկում խնամքով կանգնեցված մեր խաչքարը... Խորհրդային Հայաստանի նվերը Ֆրանսիային... Հպարտությունս խտացավ, մի բուռ դառավ, կոկորդս խեղդեց: Սա էլ ենք մենք, մեր արվեստը, մի նմուշ միայն, հազար տարեկան մեր գրագետ քարը, մեր հավիտենության վկայագիրը , հայոց ազգի գեղեցկություններն իր մեջ ամբարած...

«Էմա պլուս Սեռոժ, Դեզիկ պլյուս Բաբիկ...»: Հենց խաչքարի վրա, քիմիական ներկերով...

Իսկ Ղարաբաղ, Շուշի քաղաքում երևանից Վոլոդյա Բաբայանը (նույնպես երիտասարդ) քանի տարի է արդեն, քարափոշին երեսին շերտ կապած' վերակառուցում է Ղազանչոց եկեղեցին...

Շամշադենցիները թող չնեղանան. օրինակս վառ էր ու թարմ, դրա համար բերեցի: Նրանք կարող են «մխիթարվել», որովհետև նույն աղբուփսորը, նույն անկարգությունը տիրում է Չարենց կամարի շուրջը (մանավանդ` անկյուններում) և ուրիշ շատ տեղերում:

Տխուր էր այս ամենը, և ավելի ես տխրում, երբ մտաբերում ես, թե սրա կողքին որքան «մանր» բաներ կան, որ աչքաթող ենք արել: Միչդեռ հենց մանրուքներից է կազմվում մեր կենցաղը, ապրելակերպը, տրամադրությունը, ինքնազգացումը: Կուտակվում են, դառնում քանակ ու որակ:

Կարելի է ձեռք թափ տալ, ասել` մանր բաներ են, չարժե ուշադրություն դարձնել, ժամանակ վատնել, բայց դա, իսկն ասած, կլինի հոգու ծուլություն, եթե ոչ` անգիտություն...

Անշուշտ, մանրուք է ճանճը, բայց եթե ճաշարաններում պարսերով հարձակվում են ուտելիքիդ վրա, և, ասենք, դու շրջանային հյուրանոցում ես ապրում ու քաղցած ես, ստիպված ես խեղդել զզվանքդ, արհամարհել վարակի վտանգը...

Մանրո՞ւք է մեր, ներեցեք հանրային (և ոչ միայն) զուգարանների վիճակը, մինչև ե՞րբ աչք (ու քիթ) փակենք ու ձևանանք, թե դա մեզ հետ կապ չունի: Մենք էն ենք, որ ասում են' բազմադարյան մշակույթ, իսկսա, հեչ, մանր բան է...

Մանրո՞ւք է փողոցը սխալ անցնելը:

Մանրո՞ւք է կանաչը տրորելը, ծառի շիվը կոտրելը: Իսկ կանաչը, եթե նկատել եք, քաղաքում ցանում, խնամում են կանայք, մեր քույրերը, հողն էլ են իրենք փորում, ծառն էլ Հայաստանում հաշվված է...

Ջուրի բարակ շի՞թն էլ մանրուք է, որ անիմաստ հոսում է գրեթե բոլոր հիմնարկների ու բնակարանների ծորակներից... Այդ թվում նաև` խնայողության կոչ անողների…

Փողոցի լեզուն սև ձյութի համառությամբ լցվում է մեր ականջները, համարում ենք մանրուք ու վարժվում դրան էլ…

Խնջույք-հավաքներում երգասեր մեկը քթի մեջ, խուճուճ կլկլացնելով, երգում է, համարում ենք մանրուք, վերջում էլ ծափ ենք տալիս: Բա ինչ եղավ Կոմիտասի ոգին, որ պիտի հպարտ թևածի հայոց երգարվեստում ու ավելի շատ` հոգիներում: Ասենք, ումի՞ց սովորի երգասերը, երբ որոշ, նույնիսկ պրոֆեսիոնալ, կատարողների մեջ Կոմիտասի ոգին ոչ միայն չի թևածում, այլև իսկի ներկա էլ չէ…

Մանրուքնե՞ր են… Իհարկե, մեր հրաշք կառույցների, հրաշք գյուտերի ու ստեղծագործությունների կողքին մանրուք են, բայց կան, չէ՞: Իրականում դրանք ևս մեր գոյության արտահայտությունն են, չէ՞, աշխարհի ներկայանալու մեր որոշակի կերպը… ճանճն էլ է փոքր, բայց կարող է պղծել ամենաշքեղ սեղանն իսկ…

Ժամանակն է, վերջապես, որ ընտանի հայրենասիրությունը մեր խնամված, կոկիկ տներից ու բնակարաններից դուրս հանենք, տարածենք մեր բակի, փողոցի, քաղաքի երկրի վրա, «մանրուքների» վրա` ևս…

Աղբյուր՝ Lurer.com