Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Աղասի Այվազյան. «Հավատ»

301 թվականին հայերը իրենց համակայության վրա բարձրացրին Քրիստոսի դրոշը: Հայոց պետությունը աշխարհին ներկայացավ որպես առաջին քրիստոնեական նույնաբանություն։ Այսօր դա, թերևս, քաղաքական գործողություն նկատվի, պետականության հիմք ու տեսակ, բայց ես՝ իբրև այդ կազմավորության մի փշուր, որը սկիզբ ունի իմ ժողովրդի մեջ, ընթացք, ու նաև հանգրվան պիտի ունենա նրա մարմնում, այժմ կրում եմ լոկ գիտակցությունը մեր եղելության։ Ու անընդհատ ներքին տառապանքով ձգտում եմ իմ նախագոյի հավատն ու ներուժը պահպանել, ավելի ճիշտ՝ թոթափել իմ չեղված, խոտոր ճանապարհի աղետը և վերգտնել իմաստուն արմատը, որը համարյա երկու հազար տարի էությունն է եղել իմ ցեղի: Էությունն է եղել և ոչ թե ընտրությունը: Մենք ուրիշ տեսակ չենք կարող լինել, քանզի այլ գոյական վիճակ չկա մեզ համար: Թեքումը ձախ կամ աջ՝ քայքայում է, վերջ մեր բարոյական և ֆիզիկական լինելիության: Որովհետև թեքում քո տեսակից անհնար է գիտութւան բոլոր բնագավառների փորձով: Հավատը մենք ենք ու ընտրության հնարավորություն ի բնուստ չի տրված: Հավատը մարդու էության մասնիկներն իրար սոսնձող հիմնանյութն է, բարոյական կերպի նախապայմանը: Եվ հայը Քրիստոնյա է, ու քրիստոնեությունը ստեղծագործություն է, որ մարդուն անջատեց անասունից: Եվ անասնականն է, որ դժոխազգի ենք կոչում մենք, տակավին այսահարում, չարչրկում է մեզ: Ու մեր տառապանքները այլ կերպ հավատալու, դրսերևույթ բարոյականությունն ընդունելու անպտուղ փորձեր են։

«Չի վախենում նա այնժամ ոչ անսահմանությունից, ոչ հավերժության հոսընթացից, - գրում է Կառլեյլը Հավատ ունեցողի մասին, - նա խիզախորեն նայում է Աստծո և մարդկանց աչքերի մեջ, և անիմանալի, անեզր Տիեզերքը նրա համար դառնում է ծանոթ քաղաք կամ տուն, որտեղ նա բնակվում է» ։

Մեր ազգային կերպարի այժմյան խախտ ու խանգար շրջագծերի միջից մշտապես թեթևակի երևակվում է բնազանցական մի նկարագիր՝ մեծ հայի նկարագիրը՝ ազնվատոհմ ու ազատաբարո, մեր խորքային իմաստն ու հիմքը, որը մեզ պահել ու պահպանել է և բերել մինչև այսօր։ Այլապես ինչո՞ւ կանք հիմա: Այլապես ինչո՞ւ ենք անցել այս դժվարին ու երկար ճանապարհը։ Եվ որտեղի՞ց է այն դժգոհությունը, որ ունենք ինքներս մեր նկատմամբ, այդ ո՞ր վեհանձն բնույթն է և սուր աչքը, որ ամեն քայլափոխի տեսնում է ինքն իրեն և սրտմտում։ Դա այն մետաֆիզիկական ազգային գերակայությունն է, որ մեծ սևեռում է պահանջում իր ներկայությունը տեսանելի դարձնելու համար։ Նա, թերևս, լավագույնն է այս աշխարհում, ուր սկզբնաչարը փշրել է նրա ամբողջությունը, դիվալլուկ ժամանակների մրամութն ու ժանգառքր կոլոլել են նրա փշուրները: Գուցե մեր դժգոհությունը նրա կերպարը հավաքելու տառապանքից ու ձգտումի՞ց է։ «Սիրի՛ր ինքդ քեզ, փշո՛ւր, - երբեմն ասում է նա, - և դու կսիրես ամբողջությունը քո» ։