Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն» (Ղուկասի 11:37)

Մենք շարունակում ենք իրար վրա կրակել, հայի կյանքը չենք խնայում. Սոս Սարգսյան

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի «Վարագույրից այն կողմ» գրքից մեկ հատված:

Մենք տեսանք, թե ինչպես ժողովրդավարություն ասելով, պետության ղեկը տվին լենինյան «խոհարարուհիներին», և արդյունքը տեսանք, և վայելեցինք դրանց եփած ճաշերը: «Խոհարարուհիները» չեն չքացել, կան, նրանք կան ու, պահը որսալով, ձեռքը գցում են ղեկին

Մենք անզգամության ենք սովոր և անզգամի պես չենք տեսնում աղետյալ գոտու ողբերգությունը: Միայն մենք կարող էինք այսքան անտարբեր մնալ փախստականների տառապանքներին: Միայն մեր «ֆիդային» կարող էր լինել այսքան ավազակաբարո: Միայն մեր կրթությունը կարող էր լինել այսքան վախկոտ ու եսամոլ …

Մարդու հոգին` բարդ ու առաղծվածային: Մարդու հոգին` խորն ու անհատակ մի անոթ, դարը դարի հետևից մղվելով, մի-մի կաթիլ առաքինություն է կաթել այդ անոթի մեջ, պտղունց-պտղունց հավաքվել է իմաստություն: Եկավ լենինիզմը, շուռ տվեց, դատարկեց անոթը, տեղը դնելով սուտ ու կեղծ իր գաղափարախոսությունը, որի չնչին ծավալն ու կշիռը ոչինչ էր մարդու հոգու անհունության համար:

Ու դատարկ մնաց մարդ էակի հոգին, և դատարկությունից է այսօր ճայթում, պատառ-պատառ լինում, դատարկությունից …

Հայաստանում ազատություն է … Օրենք չկա, եղածը չի գործում: Մարդն անպաշտպան է, ապրանքը` անտեր: Ամենուր ալան-թալան է …

Ազատություն է: Հրաշալի է: Բայց մենք իրար չենք սիրում, չենք զիջում ոչինչ: Մենք շարունակում ենք իրար վրա կրակել, հայի կյանքը չենք խնայում: Չարության սառույցը կալել է մեր հոգիները …

Մենք պատրաստ չենք ազատության համար:

Ազատության խառնիխուռն ալիքները ցրիվ կտան մեզ, իրենց խելահեղ ջրերի տակովը կանեն, մեր երեխաներին կդարձնեն անկառավարելի, անմիտ, եսամոլ արարածներ: Դա կլինի մեր վերջը:

Բայց հիշենք` մենք առաջինն էինք, որ սասանեցինք կայսրությունը: Արցախն էր, որ արթնացրեց կայսրության ժողովուրդներին:

Աղբյուր՝ Lurer.com