Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Ամեն ինչ մեր կողքին է` գեներում

«Այսօր, ահա, քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը» (Երկրորդ օրենք 30;15):

«Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Երկ. օր. 6;4): «Հոգուդ մեջ պիտի համոզվես, որ ինչպես մարդ խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը պիտի խրատի քեզ» (Երկ. օր. 8;5-6):

Աստված խրատում է մեզ հայրաբար, մարդավարի ու մարդկային լեզվով: Իսկ մենք խրատվելու փոխարեն բողոքում ենք, տրտնջում, դատում ու դժգոհում` շատ հաճախ ոչ հասցեական կամ առանց հասցեատիրոջ, պարզապես սովորության համաձայն` շարժելով Աստծո արդար զայրույթը: Սովորույթի համաձայն երբևէ չենք անդրադառնում նաև, որ մենք միայն, լինելով անցյալի ու ապագայի միջև ապրող ներկա, ի զորու ենք փոխելու սխալ անցյալը կամ կանխելու սխալ ապագան: Մենք աշխարհ ենք գալիս աշխարհից, ըստ էության, երբևէ բացակայած չլինելով, որովհետև մենք աշխարհում ենք Ադամի արարումից ի վեր: Ամեն ինչ մեզ հետ է, մեր գեներում: Կախված այն բանից, թե ինչպես ենք արժևորում անցյալից ստացածը, կերտվում է մեր ապագան, ծնվում են նրանք, ովքեր ծնվում են: Ահա թե ինչու է անգնահատելի Աստծո կողմից Իր Միածնի տվչությունը աշխարհին` մեղավոր մարդկությանը, որը անկասելիորեն դեպի կորուստ էր գնում: Դա Աստծո մասնահատուկ միջամտությունն էր մարդկության պատմության ընթացքին, մարդու փրկության շուրջ Նրա առանձնահատուկ ծրագրի մեկնարկն էր, որի մասը դառնալով` կարող ենք լեռներ շարժել: «Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ երկնչես քո Տեր Աստծուց, ընթանաս Նրա ցույց տված ճանապարհներով, սիրես Նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, պահես քո Տեր Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի» (Երկ. օր. 10;12-13): Ահա թե որքան կարևոր է պատվիրանապահությունը, մեր կյանքը աստվածային օրենքներով կառուցելը, ինչը սոսկ մեր անձնական փրկությանը միտված վարքականոն չէ, այլև մեր սերունդների վարքագիծը որոշող, հետևաբար, համայն մարդկության ապագան ուղենշող իրողություն: «Այս խոսքերը ի պահ դրե՛ք ձեր մտքում ու ձեր հոգում: Դրանք որպես նշան կապեցե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև: Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք գրեցե՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կլինի երկրի վրա» (Երկ. օր. 11;18-21):

Պատվիրաններին հետևելով` մենք ապահովում ենք մեր և մեր սերունդների երկարակեցությունը, իսկ ավելի լայն իմաստով` հավերժությունը: Մենք ապրում ենք Աստծո հետ մշտական, սերտ կապի մեջ, և Աստված հարատև կերպով հոգ է տանում մեզ և մեր սերունդների համար. «Տերը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էությամբ, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկ. օր. 30;6): Փրկությանը միտված կամ հակամետ ընթացքի մեր ընտրությունից է կախված ոչ միայն մեր անձի, այլև մեր սերունդների, մեր ազգի ու մարդկության ապագան: «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև Ե՛ս Եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, Ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ Ինձ սիրող ու Իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ» (Ելք. 20;4-6): Ի՞նչ է այդ ողորմությունը, եթե ոչ գեների զտում: Այսօր մարդը բազում կուռքեր ունի, հնուց ի վեր եղածների կողքին ավելացել և նրանց փոխարինելու են եկել նորերը, ահա, թե որտեղից այդքան անեծք ու չարություն մարդկանց մեջ: Պատահական մարդիկ չեն ծնվում: Մարդու արարումը միայն Աստծուն վերապահված գործ է: Մարդը աշխարհ է գալիս օրհնությամբ կամ անեծքով, բայց նա միշտ տեղ ունի Աստծո ծրագրում: Մենք չենք կարող վերահսկել այն, ինչ մեր կարողության տիրույթում չէ: Այսօր շատ անպտուղ զույգեր երեխա ունենալու համար դիմում են գիտատեխնիկական միջոցների ու միջամտությունների: Այդ եղանակով ծնվող երեխաները, պարզվում է, հակված են դաժանության, որովհետև սաղմնավորվել են փաստացի մարդասպան միջավայրում (բեղմնավորված մնացած սաղմերը ոչնչացվում են): Այնինչ այդ զույգերը կարող էին դիմել աստվածային օգնականությանը և լույս աշխարհ բերել ուխտի զավակներ, ովքեր մարդկության համար փարոս և առաջնորդ կլինեին: Մեր պատմությունը կերտում են նվաճողներն ու դիկտատորները, որովհետև մենք տրտնջալու և դատելու գեշ սովորություն ունենք: Սակայն պետք է գիտակցել, որ երբ տրտնջում ենք, Աստծուն որակում ենք որպես անզոր ու անտեղյակ մեկը, իսկ երբ դատում ենք, մենք մեզ ենք վերագրում աստվածային ամենագիտությունն ու ամենազորությունը: Եվ շատ հաճախ մենք այդ կերպ վարվում ենք` ստանձնելով Աստծո դատապաշտպանի դերը, մեր հոգուց դուրս ժայթքելով Նրա օրենքների հանդեպ մեր ողջ նախանձախնդրությունը. իզուր, անօգուտ և վնասակար ջանադրանք: Մեր ամենագլխավոր կուռքը ոսկե հորթը չէ, այլ մեր անձն իսկ է: Մի՞թե դա չի ծանրանում քրիստոնյա անունը կրողի խղճի վրա:

«Եթե չլսեք ձեր Տեր Աստծու ձայնը, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը, որոնց վերացրեց Տերը ձեր առջևից» (Երկ. օր. 8;19-20): Ինչու՞ ենք շարժում Աստծո զայրույթը, որը սիրում է մեզ, փոխանակ մենք էլ նրան սիրենք. «Քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները: Եվ Նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5;3):

«Այն պատվիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ քեզ անմատչելի: Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թե՝ «Մեզնից ո՞վ կելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք և կատարենք», ո՛չ էլ ծովի մյուս ափին, որ ասես, թե՝ «Ո՞վ պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա, և մենք կատարենք»: Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում, քո սրտում է, և դու ի վիճակի ես կատարելու այդ» (Երկ. օր. 30;11-14):

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին)

Աղբյուր՝ Irates.am