Արարչագործելով փառավորված Տեր,
Հայացքդ պարզիր և տես
Բազմությունն անկատարների.
Անօրինական օրենքներն ամեն,
Մարդադավության ուսմունքն անօրեն,
Զավզակությունը որպես ճառընտիր
Մատուցողներին,
Մոլորված հոգի որսացողներին,
Ախտածնություն տարածողներին,
Ախտամոլությամբ տառապողներին,
Տես գաղտնակենցաղ
Սատանայություն դավանողներին,
Լուսեղբայրներին ուրացողներին,
Տես չարասնունդ հերձվածողներին,
Ճշմարիտ խոսքը հալածողներին,
Բուրվառ ու կանթեղ գողացողներին,
Եղելությունը նենգափոխությամբ
Տարածողներին,
Պատվականներին պարսավողներին,
Խոսքն ու խոստումը խարդախողներին,
Կայենությունը քաջալերելով
Հորդորողներին,
Կացնահարողին մեծարողներին,
Ոճրագործներին աջակցողներին,
Մանկապիղծներին կարեկցողներին,
Տես տգիտության Վաստակի համար
Շքանշաններ բաժանողներին,
Մեկենասներին մոլորեցնելով
Պաշարողներին,
Մուրացիկներից մուրացողներին,
Խղճմտությունը երգիծողներին,
Ուժեղի առաջ կռացողներին,
Թույլերի հանդեպ բռնացողներին,
Երգելու տեղակ ոռնացողներին,
Պարելու տեղակ թռչկոտողներին…
Տես ինքնամատույց կանանց հերթերը
Եվ տղամարդկանց կավատաբարո,
Եվ մատնիչներին նորաբովանդակ…
Տես անծլունակ թերացողներին,
Ճարահատաբար գնացողներին,
Ապավերադարձ հեռացողներին
Եվ անփառունակ մնացողներին…
Անձնապաշտություն գովերգողներին,
Օգտաշահ գործը խափանողներին,
Մեծերի վարքը բացառողներին,
Ապրուստի հնար գտնելու հույսով
Աշխարհեաշխարհ թափառողներին,
Ինքնայպանվելով մաքառողներին,
Կերակրապաշտ — մակաճողներին…
Պաշտոնակռիվ սերմանողներին,-
Պաշտոնակռվում փչացողներին,-
Դեպի գահաթոռ մագլցողներին…
Անընտելական հմայողներին…
Որպես փրկության միակ ճանապարհ՝
Ինքնադատաստան որոճողներին…
Խճճված՝ ահի անդեմ ոստայնում,
Նահանջի երգը հնչեցնողներին։
Մտախոհություն անվախճանական,
Հերձողահայաց աչքի զորություն,
Ազատանվեր կերպի անրջանք,
Առատապարգև ձեռքի ջերմություն։
Ե՞րբ պիտի զատես ձեռնասուններին անասուններից
Եվ նրանց, ովքեր հազարագաղտնիք
Հեռու են քեզնից, այսքան չօտարես,-
Գոնե պարգևես իրենք իրենցից
Գլուխ հանելու վերջին մի հնար, իրենք իրենցով
Մարդաբուրվելու, իրենք իրենցով բուժվելու պատիվ։-
Տես ազնիվների քչվորությունը և բազմությունը
Անազնիվների, և աղքատներին՝ հոգով ու բանիվ,
Զատիր, կաղաչեմ, հեգ ու անտրտում չքավորներից,
Խառնավարներին միաբաններից,
Խեղճամիտներին բանիմացներից,
Մարդամերժներին մարդասերներից,
Ուրացողներին մուրացողներից։
Ի՜նչ ասեմ նրանց,
Որոնց պատմության դառը դասերը
Ոչինչ չեն ասել,
Ովքեր սոսկական կյանքի դասերի
Գերին են դարձել։
Ովքեր տենչում են, ոչ թե անրջում,
Ովքեր ուզում են, ոչ թե ցանկանում,
Ովքեր հնձում են, ոչ թե սերմանում,
Ովքեր գռփում են, ոչ թե առաքում,
Ովքեր խաբում են, ոչ թե խարխափում,
Ովքեր փակում են, ոչ թե արձակում,
Ովքեր բանտում են, ոչ թե ազատում,
Ովքեր շորթում են, ոչ թե վաստակում,
Ովքեր խլում են, ոչ թե պարգևում,
Ովքեր լափում են, ոչ թե ճաշակում,
Ովքեր գալիս են, ոչ թե ժամանում,
Ովքեր գնում են, ոչ թե համենում,
Ովքեր դիզում են, ոչ թե բաժանում,
Ովքեր սոսկում են, ոչ թե վախենում,
Ովքեր դավում են, ոչ թե դավանում,
Ովքեր դատում են, ոչ թե դարմանում,
Ովքեր ցնծում են, ոչ թե գոհանում…
Ովքեր… Մեռնում են, ոչ թե մահանում։