Թող ձին վազի անտառի մեջ,
թող վրնջա կարմիր քամի,
թող փրփուրով հալեցընի
սառնությունը իր լկամի.-
օ, կհորդա փրփուրն իմ մեջ
(երբ իմ բեռը լուռ տանեմ ես)
Նիագարա խոլ ջրվեժի
աստղակուտակ փրփուրի պես:
Թող ձին վազի մարգագետնով,
հետո փախչի, մտնի բացատ,
թող օձերին օձխեղդ անի
սմբակներով իր հրացայտ.-
իմ բեռը լուռ կտանեմ ես,
ես իմ բեռի խոնարհ ծառան,
եւ աչքերիս կայծերը խոլ
հոգուս վիհում կթրթռան:
Թող վրնջա հրեղեն ձին,
ազատության գինով հարբի,
մինչեւ գայլին հանդիպելը
գուցե տիրո՞ջը հանդիպի.-
գուցե փրկի՞ գլուխը սեգ
փորձանքներից անփրկելի.
որ պտույտ են գալիս գլխում
ամեն տեսակ գազան-գելի:
Ես իմ խղճի բանտում նստած,
ազատ ամեն մի փորձանքից,
ձիու սարսափը կըերգեմ,
ծիկրակելով լույսի ծակից:
Երբ գայլերը նեղեն սաստիկ,
ես ձայն կտամ ձիուն ուժատ՝
-Սմբակներդ ամուր պահիր,
ճակատները ամուր են շատ: