Բանաստեղծը դեռ շրջում է անվերջ,
Բայց ենթակա չէ իր ժամանակին,
Ընդմիշտ մտախոհ չոր անապատում,
Հետևելով իր երազանքին:
Սիրանուշ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» մեջ գրում էր, որ մանր ու փոքր հանցանքներից չխուսափեց, հաշվելով դրանք անվնասակար: Սակայն նա կանգնում է Հողից նորից ծնվելու խնդրի առաջ «…քանզի տռփական ցանկություններիս մոլագարության՝ սանձ չդրեցի, արժանի կերպով կրում եմ այժմ անզովանալի հրայրքը կիզման» (ԲԱՆ ԺԹ): Ինչպե՞ս ազատվել երբեմն մարդուն պարուրող այդ կիզող շղթաներից, անօրենություններից և մեղքերից: Այս հարցերի պատասխանը ուղղակիորեն առնչվում է փիլիսոփայության այն հիմնական հարցերից մեկի հետ, թե որն է կյանքի իմաստը: Առանց կյանքի իմաստի փիլիսոփայական ընկալման մարդիկ հաճախ դժվարանում են ֆիզիկական մարմնի այս կամ այն ցանկության ճիշտ ընտրություն կատարել և նախապատվություն տալ որևէ ցանկության: Մենք «Իրատես» թերթի նախորդ համարներից մեկում նշել էինք, որ օրվա ընթացքում մարդու ֆիզիկական ուղեղի, հոգևոր ուղեղի և ֆիզիկական մարմնի միջև տեղի են ունենում տեսանելի և անտեսանելի փոխազդեցություններ, որոնց արդյունքը պայմանավորված է տվյալ մարդու ինքնագիտակցությամբ և անհատականությամբ: Հիմնականում մեր փիլիսոփայական մոտեցումների կամ փիլիսոփայական մոդելի շրջանակներում քննարկվել են ֆիզիկական ուղեղի և հոգևոր ուղեղի փոխհարաբերության որոշ հարցեր, սակայն նույնքան կարևոր է նաև ֆիզիկական մարմնի ու դրանից բխող ցանկությունների, ինչպես նաև ֆիզիկական ուղեղի և հոգևոր ուղեղի միջև փոխադարձ կապի ուսումնասիրումը: Վերջին հաշվով մեր առօրյա կյանքում դրանց փոխազդեցությամբ է ձևավորվում մեր կոնկրետ վարքագիծը և վերաբերմունքը մեզ հետ հաղորդակցվող մարդկանց, առկա սովորույթների ու գործող օրենքների նկատմամբ: Ֆիզիկական մարմնի ցանկությունների և ֆիզիկական ուղեղի ու հոգևոր ուղեղի միջև փոխազդեցությունները ուսումնասիրելու համար ֆիզիկական մարմնի ցանկությունների քանակը կամ դրանց բազմությունը պայմանականորեն աստիճանակարգենք սկսած բացասական ցանկություններից ներառյալ դրական ցանկությունները՝ ցածրից դեպի բարձր: Մասնավորապես այդ բազմությունից որպես բացասական ցանկություն կարելի է նշել մարդու ծխելու սովորությունը, իսկ որպես դրական՝ մարմնամարզությամբ զբաղվելը կամ առողջ ապրելակերպին առնչվող որևէ այլ սովորություն: Այստեղ կարելի է ընտրել ֆիզիկական մարմնին առնչվող ցանկացած այլ սովորություն: Նույն կերպ կարելի է աստիճանակարգել նաև հոգևոր ուղեղին առնչվող դրական և բացասական արժեքները, սովորույթները և երևույթները: Ինչ վերաբերում է ֆիզիկական ուղեղին, ապա այն կազմակերպում, տրամաբանական գործողությունների է վերածում ֆիզիկական մարմնի և հոգևոր մարմնի գործառույթները և դրանցից ստացված դրական ու բացասական ազդակները:
Ընդհանուր առմամբ ֆիզիկական ուղեղը ֆիզիկական մարմնից և հոգևոր ուղեղից ստացված բոլոր ազդակները և հոգևոր արժեքները վերածում է նյութական արժեքների, ապահովելով նյութական աշխարհում մարդու ֆիզիկական գոյությունը: Ֆիզիկական մարմնի ցանկությունների, ֆիզիկական ուղեղի և հոգևոր ուղեղի միջև փոխհարաբերությունները և փոխազդեցությունները կարելի է ներկայացնել հետևյալ պարզ սխեմայի կամ մոդելի միջոցով: Նախ ֆիզիկական մարմնի ծխելու ցանկության վերաբերյալ ազդակին ֆիզիկական ուղեղը կարող է արձագանքել դրական կամ բացասական: Երբ դրական է արձագանքում, ապա ծխելու ցանկությունը ֆիզիկական ուղեղը վերածում է համապատասխան տրամաբանական գործողությունների: Ֆիզիկական ուղեղի այս գործառույթը հնարավոր է դառնում այն դեպքում, երբ հոգևոր ուղեղում առկա են եսակենտրոն հավելյալ հակումներ: Դա նշանակում է, որ այն ժամանակ, երբ հոգևոր ուղեղը կձերբազատվի եսակենտրոն հավելյալ հակումներից, ապա մարդու մոտ կարող է զգալիորեն թուլանալ կամ վերանալ նաև ծխելու ցանկությունը: Իսկ դա հնարավոր է, երբ մարդու կողմից ամբողջ մտքով, ամբողջ հոգով ընկալվում են Աստծո պատգամները, հոգևոր-քրիստոնեական կանոնները և հոգևոր կյանքի օրենքները, և դրանք դառնում են մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը: Մեր հոգու խորքում եղած հավելյալ եսակենտրոն հակումներից կարելի է հրաժարվել զղջման, մտքի և հոգու մասնակցությամբ անմնացորդ աղոթքի միջոցով, որը կուժեղացնի մեր հոգու լույսը՝ տեսնելու համար մեր իրական վիճակը:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ մեղքը նախապես ծնվում է մտքի ու մտածումների մեջ, այնուհետև դրսևորվում է գործերում: Բերված օրինակը ցույց է տալիս, որ մեր վարքագծում առաջացած բազմաթիվ այլ կայուն կամ անկայուն ձեռքբերովի շղթաներից կարելի է ազատվել հոգևոր վարքագծի փոփոխության միջոցով: Ոչ թե պետք է ուղղակիորեն հրաժարվել ֆիզիկական մարմնի այս կամ այն ցանկությունից կամ զսպել կոնկրետ որևէ ցանկություն, այլ մտքի և հոգու միասնական ջանքերի միջոցով բացասական ցանկություններից հրաժարվելու հիմքեր ստեղծել: Ըստ էության, մեր վարքագծի փոփոխությունների դինամիկան պայմանավորված է հոգևոր ուղեղի գործողություններով, որի միջուկը կազմում է աստվածային ծագում ունեցող սուրբ հոգին:
Սուրբ հոգու կարողությունները, ֆիզիկական մարմնի ցանկությունների և ֆիզիկական ուղեղի վրա դրա ազդեցության նշանակությունը և ուժգնությունը ավելի լավ պատկերացնելու համար այն կարելի է համեմատել ատոմի կառուցվածքի հետ: Ինչպես գիտենք, ատոմն ունի բարդ կառուցվածք, որը կազմված է միջուկից և էլեկտրոնային թաղանթից: Ըստ Մաքսվելի տեսության՝ դրական լիցքավորված միջուկի շուրջն էլեկտրոնի արագացման հետևանքով էներգիա է ճառագվում: Ամեն դեպքում քվանտային ֆիզիկայի զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ նյութական աշխարհի իմացության սահմաններն անիմանալի են: Ինչպես Կանտն էր պնդում, որ չենք կարող իմանալ, թե ինչպիսին է աշխարհն ինքնին: Թեև ինքնին իրերը Կանտը համարում է անճանաչելի, այնուհանդերձ, դրանք չափազանց կարևոր դեր են խաղացել աշխարհի և նյութի միկրոկառուցվածքի վերաբերյալ մեր իմացության գործընթացում։ Այդ առումով, ըստ մեր փիլիսոփայական պատկերացումների, մարդու էության միջուկը կազմում է աստվածային ծագում ունեցող սուրբ հոգին, որի շուրջ ձևավորված հաջորդ թաղանթը կազմում է հոգևոր ուղեղը, այնուհետև երկրորդ թաղանթը` ֆիզիկական ուղեղը, և երրորդ թաղանթը կամ վերջին ուղեծիրը կազմում է մեր ֆիզիկական մարմինը: Ըստ էության, դա որոշ չափով նման է պյութագորյանների այն պնդմանը, թե հոգին բանտարկված է մարմնում և ազատություն է գտնում մահից հետո` դուրս գալով մարմնից: Պյութագորյանների այս ուսմունքն արտահայտված է նաև Պլատոնի ստեղծագործություններում: Պլատոնը ևս ցույց է տալիս, որ մարմինը հոգու զնդանն է, և մարմնի մահով հոգին ազատություն է գտնում: Բայց ամեն դեպքում այդ փիլիսոփաներից ոչ մեկը չի ասել, թե հոգին ուր է գնում կամ ինչ է լինում ազատություն փնտրող հոգու հետ: Դա ոչ միայն մարդու կողմից կյանքի իմաստի փիլիսոփայական ընկալման, այլ նաև Աստծո մասին մեր պատկերացումների տեսանկյունից շատ կարևոր հանգամանք է:
Ըստ մեր փիլիսոփայական պատկերացումների՝ Աստված անսահման միտք է, անսահման մարմին է և անսահման հոգի է: Մարդն անվերջ սահմանին ձգտող միտք է, անվերջ սահմանին ձգտող հոգի է և վերջավոր մարմին է: Ըստ մեր այդ մոտեցման՝ մարդու կյանքի իմաստը բարեկեցության, երջանկության և Աստծո թագավորության մեջ ապրելն է: Կյանքի իմաստի այս ձևակերպման մեջ բարեկեցությունը կարևոր դեր ունի, քանի որ այն առնչվում և միաժամանակ ընդգրկում է ֆիզիկական մարմնի ցանկությունների մի մեծ ներկապնակի հետ, որի գույները բազմազան են և այն բավականին ընդարձակ է: Մարդու բարեկեցության ապահովումն առնչվում է նյութական բարիքների և ծառայությունների ձեռքբերման և սպառման հետ: Ինչպես որ գոյություն ունեն ֆիզիկայի կամ բնության և հոգևոր կյանքի օրենքներ, այնպես էլ գոյություն ունեն տնտեսական օրենքներ, որոնք միմյանց չեն հակասում: Այս առումով մարդու սպառման վարքագիծը, մասնավոր և հասարակական բարիքների արտադրության գործընթացում առաջացած հարաբերությունները կարևոր դեր ունեն մարդու համար և կազմում են իր կյանքի անբաժանելի մասը: Մյուս կողմից նյութական աշխարհում մարդիկ երջանկության կարող են հասնել պահպանելով Աստծո պատգամները և հոգևոր կյանքի օրենքները, քանի որ դրանց խախտումը կարող է բերել նաև նյութական և ֆինանսական մեծ կորուստներ և նույնիսկ կարող է մարդուն հասցնել կործանման: Մարդու կյանքի իմաստի ընկալման ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է սուրբ հոգու վերաբերյալ մեր պատկերացումներին: Մարդկության պատմության բոլոր ժամանակներում այս հարցը մշտապես հետաքրքրել է փիլիսոփաներին՝ կապված դրա ծագման, գոյության, դերի և նշանակության հետ: Մեր կողմից ներկայացված մոդելում մարդու էությունը կազմված է եռաշերտ ուղեծիրներից, որի միջուկը ըստ էության, ինչպես արդեն նշել ենք, կազմում է սուրբ հոգին: Մեր կողմից ընդունված փիլիսոփայական դրույթների համաձայն սուրբ հոգին քանի որ գոյություն ունի նյութական միջավայրում, հետևաբար ունի նաև նյութական բնույթ: Իր նյութական տեսքով և ձևով այն անտեսանելի է, ունի մտքին կամ լույսին մոտ արագություն, անսահման հիշողություն և վերջնականորեն մեզ լքելուց հետո հայտնվում է երկնքում կամ Աստծո թագավորությունում:
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Աղբյուր՝ Irates.am