Արդ, ո՜վ ողորմած եւ բազմագութ Աստված իմ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների եւ բարեկամների համար բարիքներ եւ ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, եւ պահանջում է մեր բնության օրենքը: Այժմ աղաչում եմ Քեզ նաեւ իմ թշնամիների համար, ինչպես որ Դո՛ւ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ «Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Ուրեմն, ընկնելով Քո առաջ, խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաեւ իմ բոլոր թշնամիներին եւ ատողներին, չարակամներին ու վնասատուներին եւ բոլոր մյուսներին, ովքեր Քո ծառայի հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում եւ կամենում գործել, ովքեր բամբասում, վատաբանում եւ հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ եւ թե՛ անիրաւամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր իմ, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր եւ թողությո՛ւն տուր նրանց մեղքերին:
Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետեւ հիրավի մեղավոր եմ եւ արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում եւ միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ եւ պատժի արժանի, քան նրանք:
Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուր ես եւ անհուն ողորմության ծով, որ ողորմես նրանց եւ ինձ՝ նրանց հետ, եւ ներես իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները եւ ետ դարձնես նրանց չարից՝ փոխարկելով բարու: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի եւ փառք վերառաքենք Քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ այժմ եւ միշտ եւ հավիտեանս հավիտենից. ամեն: