Մի օր 7-րդ դասարանցի Աշոտն այնպիսի ուժով փակեց երկրաչափության դասագիրքը, որ այնտեղ ապրող երկրաչափական պատկերները դես ու դեն գլորվեցին և իրար հրմշտեցին։
Մի անկառավարելի խառնաշփոթ ստեղծվեց՝ եռանկյունին պատահմամբ տրորեց քառակուսու ոտքը, քառակուսին նեղացած թեքվեց և արմունկով դիպավ ուղղանկյան քթին, իսկ շրջանը գլորվելով այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ քնած փոքրիկ կոներն ու ութանկյունները շփոթված վեր թռան։ Սարսափելի աղմուկ էր, բոլորը վիճում էին և միմյանց մեղադրում.
— Այ դո՛ւ, եռանկյո՛ւն, ի՞նչ ես քո սուր անկյունը աչքս մտցնում, -զայրացած գոռում էր շրջանը։
— Իսկ դու, ա՛յ տձև, տեսե՞լ ես քեզ հայելու մեջ, գոնե մի քիչ մարզվիր, որ այդպես չգլորվես։
— Է՜յ, ա՛յ քառակուսի, քիթս կոտրեցիր, քո քառակուսի ձեռքերում հեչ շնորհք չկա,-քիթը բռնած՝ գոռում էր ուղղանկյունը։
Բոլորն այնպես տաքացան, որ սկսեցին միմյանց հրմշտել, հաշիվ պարզել և ներողություն պահանջել։ Բայց քանի որ ոչ ոք իրեն մեղավոր չէր համարում, այլ ամեն մեկը մյուսին մեղադրելով էր զբաղված, վեճը չէր դադարում, և նրանք, մեկը մյուսին սպառնալով, հայտարարեցին․
— Ախ այդպես, ուրեմն մեր դռները կփակվեն ձեր առջև։
Այդ ասելով՝ նրանք նեղացած փակվեցին իրենց աշխարհներում և հպարտ- հպարտ այնտեղից դուրս հանեցին այն ամենը, ինչը նման չէր իրենց պատկերին։ Նրանք նաև իրենց ձևին համապատասխան մի դուռ դրեցին իրենց աշխարհների մուտքի մոտ, և վերջ, այլևս ոչ մի երկրաչափական պատկեր չէր կարող մտնել մյուսի աշխարհը։ Իսկապես, նրանց աշխարհների դռները փակվեցին մյուս բոլոր պատկերների համար։ Ամեն մեկն իրեն կատարյալ կարծելով և չարախոսելով՝ հրաժարվեց այն ամենից, ինչը տարբեր էր։ Եվ այսպես միաձև աշխարհներ առաջացան այդ 250 էջին մոտ դասարքում։ Քառակուսիների մոտ ամեն-ամեն ինչ քառակուսի էր, շրջաններինի մոտ՝ շրջան և այդպես մնացած բոլոր պատկերների մոտ։
Սկզբից բոլորն էլ շատ գոհ էին, քթները ցցած ման էին գալիս և հայտարարում, որ իրենց հեչ էլ պետք չեն այլ պատկերները։ Իրենք իրենց ունեցածով կգոհանան, իսկ եթե մի բանի կարիք լինի, ապա իրենց ձևով էլ այն կպատրաստեն։
Անցավ որոշ ժամանակ, բոլորը քիչ թե շատ հարմարվել էին իրենց միաձև աշխարհին։ Սակայն ամառային արձակուրդների ժամանակ գրքի բնակիչները շատ էին ձանձրանում, և մի օր էլ եռանկյունիների աշխարհում որոշեցին ֆուտբոլ խաղալ, նրանք մի եռանկյունակ էին սարքել և փորձում էին գլորել, սակայն այն բոլորովին հարմար չէր, նրանք շատ տանջվեցին, փորձեցին գլորել -գլորել, բայց այն շատ դժվարությամբ էր տեղից շարժվում, և հուսահատ եռանկյունիները տխուր նստեցին իրենց եռանկյունաձև դաշտում։ Մի մասի մտքով մի պահ նույնիսկ անցավ գնալ շրջանների մոտ, հաշտվել և մի գնդակ խնդրել, սակայն մեծամասնությունն անդրդվելի էր, նրանք չէին կարողանում մոռանալ, թե ինչպես շրջաններն իրենց անվանեցին դանդաղաշարժ և վտանգավոր սուր անկյուններով եռանկյունիներ։ Եվ բացի այդ, նրանք էլ նրանց թմբլիկ, շատակեր էին ասել։ Ե՛վ ամաչում էին, և՛ նեղացած էին, այնպես որ հաշտվելը բացառվում էր։ Եվ եռանկյունիները տխուր-տխուր գնացին իրենց եռանկյունի տները՝ առանց ֆուտբոլ խաղալու։
Քառակուսիների աշխարհում էլ գործերն այնքան լավ չէին, բոլոր մրգերն ու ծաղիկները, անգամ գազարն ու ճակնդեղը քառակուսի էին աճում, արևը քառակուսի էր ժպտում, գետակներն ու փոքրիկ առվակները քառակուսի էին հոսում, և մի ափից մյուսը հասնելը շատ էր դժվարացել։
Անհարմար իրավիճակ էր նաև շրջանների աշխարհում, որտեղ տեղավորվելու համար ընձուղտներն ու կապիկներն այնպես էին կլորացել, որ ո՛չ կարողանում էին վազել, ո՛չ էլ ծառ մագլցել։
Բոլորի մոտ ճանապարհային երթևեկության, քաղաքաշինության և գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու անհարմարություններ կային։ Աստիճանաբար բոլորն էլ գիտակցում էին, որ աշխարհն առանց այլ պատկերների բավականին միապաղաղ է, և կյանքն էլ՝ դժվար, սակայն ոչ ոք չէր ուզում հաշտության քայլ անել, քանի որ յուրաքանչյուրը վստահ էր, որ հենց իրեն են անարդար նեղացրել, պետք է բոլորը հենց իրենից ներողություն խնդրեն։
Հայտնի չէ, թե այս ամենն ինչքան կտևեր և ինչպես կավարտվեր, եթե մի օր դասագիրքը չհայտնվեր նոր աշակերտի մոտ, որն էլ մի սրտաձև պատկերով թուղթ դրեց գրքի մեջ։
Հայտնվելով այդ գժտվածների աշխարհների մուտքի մոտ՝ սիրտը տեսավ, որ բոլորի դռներն իրենց չափսով և ձևով էին, և բաց էին միայն իրենց նմանների համար և շատ վշտացավ։ Նա չգիտեր, թե որքան է այդ գրքի մեջ ապրելու, իսկ նա չէր սիրում միայնություն։ Միայնությունից նա տխրում էր և սկսում էր արտասվել։ Եվ քանի որ նա նաև չգիտեր, թե ինչ է նշանակում լինել մեծամիտ, խռովկան, անհաշտ, առանց երկար-բարակ մտածելու իր դռները բացեց, և բոլոր ցանկացողները կարող էին ներս մտնել։ Այդ առիթից շատ ուրախացան և առանց երկմտելու օգտվեցին փոքրիկ շրջանները, որոնք վազելով և գլորվելով՝ փոքրիկ ութանկյունների հետ պար բռնեցին, իսկ փոքրիկ եռանկյունիններն ու քառակուսիններն էլ ուրախ -ուրախ գրկվելով՝ տնակ դարձան և խնդիրների մեջ ապրող շնիկները, փիսիկներն ու գործող անձինք, որանք այս գժտության պատճառով զրկվել էին իրենց տներից, վերջապես նորից տուն ունեցան։
Շուտով բոլորն էլ տեսան այն ուրախությունը, որ բերում էր սիրտը, համարձակություն հավաքեցին և անցան նրա բացած դռնով։ Ոգևորության և սիրո մթնոլորտում բոլոր պատկերները կարոտած իրար գրկեցին և մոռացան բոլոր գժտությունները։
Հեղինակ՝ Աստղ Մադաթյան
Աղբյուր՝ impoqrik.am