Մեր այս խառը ժամանակներում, երբ թվում է՝ ծիածանն անգամ կարող է փոխել իր գույների հաջորդականությունը, մշտապես վարդագույն մի քաղաք կա և այդ քաղաքում վարդագույն երազներ տեսնող մի աղջիկ էր ապրում: Նրա երազները բարի էին, երազանքները՝ լուսավոր: Ամեն առավոտ նրա պատին արևը մի հեքիաթ էր նկարում, և մի օր էլ նա որոշում է հագնել իր գեղեցիկ հագուստներն ու կոշիկները, այդ հեքիաթը պոկել պատից, դնել պայուսակի մեջ ու գնալ քաղաքից քաղաք։ Եվ այդպես նա ամեն նոր քաղաքում մի նոր հեքիաթ էր գտնում, իր հետ պտտում և պատմում մարդկանց։
Զբոսնելուց բացի՝ «Աղջիկը շատ էր սիրում նաև երգեր հորինել, նա անընդհատ երգում էր՝ լա-լա, լի-լի, թե արև լինի, կյանքը ուրախ կլինի, լա- լա, լի-լի, լա-լա, լի–լի, թե լինի, լա-լա լի-լի, թե արև լինի…» և քանի որ նա ամբողջ օրը նման երգեր էր երգում, մարդիկ սկսեցին նրան Լիլիթ կոչել:
Մի օր Լիլիթը քայլում էր մի քաղաքով և երազների մասին երգ հորինում։ Հանկարծ նա լսեց մի տխուր հառաչ, նայեց շուրջբոլորը, ոչ մի մարդ կամ կենդանի արարած տարածքում չկար, կար միայն մի շինություն և Լիլիթն ուշադիր կարդաց՝ «Համերգասրահ»:
«Իսկ ինչո՞ւ է այնտեղից տխուր հառաչ լսվում»,- մտածեց աղջիկն ու որոշեց գնալ ձայնի ուղղությամբ:
Նա մտավ մի մեծ և լուսավոր սենյակ, մեջտեղում տեղադրված էր գեղեցիկ դաշնամուր, որի շուրջ դրված էին փողային և լարային մի շարք գործիքներ:
Բայց այդ ի՞նչ հառաչ էր գալիս։ Մի՞թե այս փայլուն և մաքուր երաժշտական գործիքներից որևէ մեկը տխուր է:
Այդ ժամանակ նա կրկին լսեց տխուր հառաչը և գնաց ձայնի ուղղությամբ դեպի ետնաբեմ, այնտեղ մի փոքր սենյակ կար, որտեղ ոչ ոք չկար, բայց արի ու տես, որ ձայնը կար, փնտրեց ու ի վերջո գտավ դարակաշարի վերևում դրված մի փոքրիկ ջութակ, որը շատ տխուր էր, լուռ արտասվում էր և հառաչում.
— Փոքրիկ ջութակ, ինչո՞ւ ես լալիս:
— Ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ինձ անտեսում են, տե՛ս, դրել են այս բարձր դարակաշարի վրա, որ ոտքի տակ չընկնեմ, բայց ախր, ես ջութակ եմ, նվագել եմ ուզում, իմ հոգում այնքան մեղեդի է կուտակվել, ուզում եմ դրանք բոլոր մարդկանց համար հնչեցնել :
— Տես, է, քո լարը պոկված է, ինչպե՞ս ես դու նվագելու այդպես:
— Այո, գիտեմ, բայց առանց այդ մի լարի էլ ես երգում եմ, խնդրում եմ, նվագիր ինձ:
— Ե՞ս, ես ջութակ նվագել չգիտեմ, ես կարող եմ միայն երգել:
— Ես էլ գիտեմ երգել, սակայն որպեսզի ես երգեմ, դու պետք է ինձ նվագես, խնդրում եմ, մի թող, որ իմ երգը հավերժ լռի, այս ստիպողական լռությունն ինձ կործանում է, չէ՞ որ երաժշտության համար եմ ստեղծված, զգում եմ, իմ երգերը գեղեցիկ են, հաստատ նրանք քեզ դուր կգան։ Դո՛ւ, որ լսեցիր իմ սրտի հառաչը, կկարողանաս նաև ինձ օգնել: Վերցրու՛ աղեղը և նվագիր:
Աղջիկը լսեց ջութակին, վերցրեց նրան ու աղեղը, բայց ընկրկեց և չնվագեց, ասաց.
— Լավ, արի գնանք, մի բան կմտածենք,- նրանք դուրս եկան համերգասրահից, և ոչ ոք չնկատեց, որ ջութակն աղջկա հետ գնում է, ամեն մեկն իր գործն էր անում, իր կարևոր գործը,- դու գիտե՞ս, թե որտեղ կարելի է քո լարը նորոգել:
— Այո, մեր քաղաքում մի լավ վարպետ կա, բոլորս նրա ձեռքի տակով անցել ենք, հիշում եմ, երբ նա վերջին անգամ ձգեց իմ լարերը, ասաց. — «Փոքրիկ, քեզ, կարծես թե, մեծ բեմերն են սպասում»,- բայց արի ու տես, որ ճանապարհին ինձ ոտնատակ տվեցին, լարս պոկվեց և դարձա բոլորին խանգարող, ավելորդ մի իր, որը շպրտվեց դարակաշարի գլխին, է՜խ, այնքան ավելորդ ու աննկատելի, որ, անգամ, երբեմն իմ գլխին այլ իրեր էին դնում և չէին էլ նկատում, որ ես այնտեղ եմ:
— Լավ, մի՛ տխրիր, հիմա դու արդեն դրսում ես: Իսկ գիտե՞ս որտեղ է այդ վարպետն ապրում:
— Այո, նա սարերի մոտ է ապրում, այնտեղ օդի մեջ աղմուկ չկա և նրան այդ լռությունն օգնում է ճիշտ լսել լարերի հնչյունը, դրա համար էլ նրա ջութակները համարվում են լավագունն աշխարհում:
Ջութակը շատ ուրախ էր, նա վերջապես դուրս էր եկել փակ սենյակից, նա կարոտով աջ ու ձախ էր նայում և լիաթոք մաքուր օդ շնչում:
— Հիմա, կարծում եմ, որ իմ երգերն ավելի զրգուն կհնչեն, ինձ ավելի առույգ եմ զգում: Զրուցելով և միմյանց ավելի լավ ճանաչելով՝ նրանք քայլում էին դեպի սարը:
— Հասանք կարծես թե, լսում ե՞ս ջութակի ձայնը, — աղջիկը ջութակը ձեռքին վազեց հեռվից նշմարվող տնակի մոտ: Տան մեջ մի մարդ էր նստած և նրա շուրջը կային բազմաթիվ ալտեր, ջութակներ, թավջութակներ, որոնց հերթով ստուգում էր, աշխատելուն զուգահեռ՝ հետները խոսում:
— Տե՛ս, է, ինչ գեղեցիկ ստացվեց քո պարանոցը, դե հիմա այսօրվա նոր գործիքները թող շարվեն և մի սոնետ նվագեն: Եվ երկու ջութակ, մեկ ալտ, մեկ թավջութակ խելոք շարվեցին և սկսեցին նվագել, աղջիկը հիացած, զարմացած լսում էր, փոքրիկ ջութակն էլ ոգևորվեց, միացավ նրանց և սկսեց նվագել։ Նվագե՜ց, նվագե՜ց և հանկարծ պոկված լարն իր գործ արեց, մի սխալ նոտա վերցրեց ու ամբողջ սոնետը փչացավ, շատ տխրեց փոքրիկ ջութակը, վարպետը վերցրեց նրան.
— Դու իմ պատրաստած ամենափոքրիկ ջութակն ես, վնասվե՞լ ես, հիմա քո լարը կնորոգեմ, մի՛ տխրիր:
— Տես, է՜, այստեղ բոլոր լարային գործիքները կենդանի են, խոսում են և ինքնուրույն նվագում,- զարմացած ասաց աղջիկը:
— Այո, նրանք իմ վարպետության և անսահման սիրո ծնունդն են, նրանք չեն կարող անկենդան լինել: Սակայն հենց այս տնակից դուրս գան, չեն կարող այլևս ինքնուրույն նվագել, անպայման նրանց նվագող է պետք, նրանք իրենց սերը տալիս են և անպայման փոխադարձը պետք է ստանան, թե չէ կտխրեն ու էլ չեն նվագի կամ շատ վատ կնվագեն, -խոսում էր վարպետը Լիլիթի հետ և միևնույն ժամանակ ջութակն էր նորոգում,- լավ չէ․․․, լավ չէ, հիմա․․․ տեսնե՜նք, հիմա այսպես, այսպե՜ս, կձգենք մի քիչ էլ, կսրբենք, և ահա պատրաստ է, ահա՜, տե՛ս, ինչ լավն ես, բայց դու ի՞նչ է, մինչև այժմ չէի՞ր երգել, ինչպե՞ս ես կարողացել, -զարմանում էր վարպետը, -դե, լա՛վ, գնա՛, քեզ սպասում է աշխարհը, գնա և թող քո երգը հնչի:
— Դե, հիմա մնում է, որ ջութակ նվագել սովորեմ, — մտահոգ ասաց աղջիկը:
— Դու վերցրու աղեղը և սկսիր նվագել, ես կերգեմ իմ սրտի երգը, դու օգնիր ինձ, որ իմ ապրումները պատմեմ շրջապատին:
— Լավ, — աղջիկը դրեց ջութակն ուսին, նայեց նրան, ջութակը, քաջալերելով ասաց, դե, սկսի՛ր: Աղջիկը սկսեց նվագել, ջութակը պատմում էր տարիներով իր սրտում կուտակված կարոտի, անպատասխան սիրո, երազների մասին, որոնք այնքան գեղեցիկ էին, որ միանգամից գրավեցին մարդկանց և մեծ ամբոխ հավաքվեց նրանց շուրջը, բոլորը ծափահարում էին, պահանջում՝ կրկին նվագել, աղջիկը չէր զլանում անդադար նվագում էր:
Այդ գրավիչ երաժշտության մասին շուտով լսեց ամբողջ աշխարհը, բոլորն ուզում էին, որ իրենց քաղաքի համերգասրահում նրանք առաջինը ելույթ ունենան, անթիվ -անհամար հրավերն էին ստանում, պատրաստվում էին հերթով գնալ քաղաքից քաղաք՝ համերգների: Մի օր էլ, երբ նրանք ջութակի հայրենի քաղաքում համերգի էին պատրաստվում, այն համերգասրահի տնօրենը, որտեղ տխուր հառաչում էր ջութակը, մոտեցավ և աղջկանից պահանջեց, որ ջութակն իրեն վերադարձնի, ջութակն ամուր կպել էր աղջկան և խնդրում էր, որ հանկարծ իրեն չտա այդ անտարբեր մարդուն: Այդ ժամանակ համերգասեր հասարակությունը տնօրենից պահանջեց հեռանալ և հանգիստ թողնել փոքրիկ ջութակին: Տնօրենը, հանգստացնելով հասարակությանը, լռություն պահանջեց և ասաց.
— Սա իմ ջութակն է, նա տարիներ շարունակ գտնվում էր իմ սենյակում, իմ դարակաշարի վրա, հիմա արդա՞ր չէ, որ ես նրան վերցնեմ:
— Իսկ ի՞նչ գործ ուներ ջութակը դարակաշարի վրա: Չե՞ս տեսնում, որ այս ջութակի տեղը մեծ բեմն է, իսկ դու նրան տարիներ շարունակ պահելով քո փոշոտ դարակաշարի վրա՝ մեզ բոլորիս զրկել ես նրան լսելու դրախտային հաճույքից, -վրդովված պատասխանեցին նրան:
— Նա աննշան, փոքրիկ և պոկված լարով ջութակ էր, հիմա երբ տեսա, թե իրականում նա ինչպիսին է, պատրաստ եմ նրան դարձնել իմ նվագախմբի առաջին ջութակը։ Դուք կշարունեք նրան լսել, բայց իմ ղեկավարությամբ:
Այդ ժամանակ ջութակը, վախենալով, որ կարող է կորցնել աղջկան, հենվելով նրան, սկսեց նվագել և նոտաների հետ նաև բառերով երգել՝
— Իմ տխուր հառաչը քո գրկում դարձավ մեղեդի,
Դու ինձ սիրեցիր առանց իմ բոլոր լարերի,
Ու հավատացիր իմ երգի ուժին
Թույլ տուր ինձ հավերժ լինել քո կողքին։
Բոլորը հուզված ծափահարեցին, իսկ տնօրենը ամոթով հեռացավ։
Աղջիկը շատ ուրախացավ, որ աշխարհով մեկ հայտնի իր ջութակը չլքեց իրեն։ Նրանք շարունակեցին գնալ քաղաքից քաղաք և նվագել, երգել բոլոր բոլորի համար։
եքիաթի հեղինակն Աստղ Մադաթյանն է։ Նա ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ և դիվանագիտության բաժինը։ Այժմ գտնվում է մայրության արձակուրդում։
Աղբյուր՝ impoqrik.am