
Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել, բնակիչները մտահոգ էին։ Ասում էին՝ մոտակա անտառում մի չար և սարսափելի մեծ դև է հայտնվել։ Նա օրվա տարբեր ժամերին կատաղի մռնչում էր, հսկա ծառերն արմատախիլ անում և ահասարսուռ աղմուկ բարձրացնում։ Բոլորը սարսափած թաքնվում էին հնարավոր ամենամութ անկյունում։
Իրականում ոչ ոք չէր տեսել նրան, բայց մի մասը վստահ էր, որ միայն կոշտուկներով և աներևակայելի մե՜ծ ձեռքերով հսկան կարող է ծառեր արմատախիլ անել, իսկ մյուս մասն էլ պնդում էր, որ նա հսկա եղջյուրներով և երկար, շատ երկար ճանկերով է գետինը փորփրում և սարսափելի երախով էլ մռնչում է։ Ասում էին՝ հրեշը իր մատանու ադամանդե քարն է կորցրել և հիմա ամեն տեղ և ամեն ինչ քանդելով՝ այն փնտրում է, և ասում էին, որ շուտով բոլոր ծառերն արմատախիլ անելուց հետո գալու է քաղաք և ամեն մարդու գրպանն ու տունը ստուգելու է և քարն ում մոտ գտնի՝ նրան տանելու է իր մոտ անտառ՝ գերության։ Այո՛, շատ էին մարդիկ վախենում նրանից։
Այդ օրերին վարդագույն քաղաքի տներից մեկում մի փոքրիկ, գեղեցիկ բալիկ էր ծնվել։ Նրա քույրը՝ Մարին․ և նրա ամենամտերիմ ընկեր Հայկը շատ էին անհանգստանում փոքրիկի համար, քանի որ այդ աղմուկից նա չէր կարողանում հանգիստ քնել, լաց էր լինում և շատ էր վախենում։ Մի առավոտ Մարին ու Հայկը որոշում են, որ բավական է, պետք է գնան և այդ չար հսկային գտնեն ու մի բան անեն, ախր այդպես ապրելն անհնար էր դարձել։ Մի փոքր ուտելիք, հեռախոս, իրենց վարդագույն ու կանաչ թրերը, և իհարկե, հայրիկի նվիրած կախարդական լուսատու փայտիկը վերցնելով՝ ճանապարհ ընկան։ Իրար ձեռք բռնած, բարձր, շա՜տ բարձր երգելով՝ նրանք գնում էին՝ հաստատ համոզված, որ մի հսկա են բռնելու։ Արդեն բավականին ճանապարհ էին անցել, երբ հանկարծ ահասարսուռ ձայնը նորից լսվեց։ Ընկերները կանգնեցին դեմ դիմաց և միմյանց մատնացույց անելով, բռունցքով հսկային դիմելով, իրար ձեռք բռնելով` սկսեցին կրկնել.
— Դո՛ւ, դո՛ւ ինձ հետ ես,
Ես քեզ կօգնեմ, որ հաղթես,
Երկուսով մենք միասին
Կհաղթենք չար հսկային։
Իրար ոգևորելով և վախը հաղթահարելով ՝ շարունակեցին ճանապարհը։ Ամբողջ օրը փնտրեցին֊փնտրեցին, բայց ոչ մի տեղ ոչ մի հսկա էլ չգտան, անգամ մի քոքոհան եղած ծառ չկար։ Շատ էին հոգնել, մի ծառի ստվերում նստեցին ու հաց կերան։ Շուտով սկսեց անձրևել, նրանք ծառերի հետևում մի թաքնված խրճիթ տեսան և որոշեցին ներս մտնել։ Դուռը բաց էր, ներս մտան, տախտակներից շինված հատակը սկսեց նրանց ոտքերի տակ ճռճռալ, չխչխկալ, թխկթխկալ։ Այդ ձայներից սարսափած՝ նրանք անշարժ կանգնեցին և սկսեցին իրենց շուրջը նայել, սա շատ հնամաշ և անհյուրընկալ տուն էր, այնտեղ ամեն ինչ շատ հին էր ու շատ տարբեր չափսերի՝ աթոռները չափազանց մեծ ու լայն էին, գդալներն ու բաժակները շատ փոքր, հանկարծ Հայկը նկատեց հատակին դրված մե՜ծ, շատ մե՜ծ հողաթափեր։ Երեխաները վախից իրար գրկեցին, դրանք այնքան մեծ էին, որ սարսափեցին, թե ի՜նչ հսկա պետք է լինի դրանք հագնողը։ Հանկարծ մի սարսափելի դխկոց ու ճրճրթոց լսվեց, և Մարիի ոտքը հատակը ճանկեց։ Հայկը նրան օգնեց, ոտքը մի կերպ հանեցին։ Նրանք հասկացել էին, որ հենց սա է հսկայի տունը և ուզում էին արագ փախչել, նրան դրսից հետևել, բայց արդեն ուշ էր, դռան դիմաց ոտքերի քստքստոց և ինչ-որ մեկի՝ սուլոց հիշեցնող շնչառությունը լսվեց։ Երեխաները շփոթված թաքնվեցին սենյակում դրված մեծ սնդուկի մեջ։ Սնդուկը կիսամաշ էր և ներսից կարողանում էին որոշ չափով տեսնել հսկային։ Չափազանց մեծ ոտքերով հսկան հագավ իր հողաթափերը, ծանր-ծանր քայլելով մոտեցավ և նստեց աթոռին։ Այդ ամենից սարսափելի ճռռոց էր բարձրանում, և երեխաները հասկացան, որ այս հսկայի տունն է այդպես անտառով մեկ ճռճռում։ Հսկան սկսեց ճաշ եփել, նրա շարժումներից առաջացած տհաճ ճռճռոցի միջից լսվում էր նաև մի բարակ, ավելի շատ ծվծվոց հիշեցնող երգ։ Երեխաները կարծեցին, թե հսկան փոքրիկ ունի, և նա է այդպես երգում։
Սնդուկի մեջ շատ փոշոտ էր, հանկարծ ոչ մի կերպ իրենց չկարողանալով զսպել՝ երեխաները սկսեցին փռշտալ։ Հսկան ճը՜ռ-ճը՜ռ քայլելով մոտեցավ սնդուկին, երեխաները վախից գրկվեցին, վերջ, հաստատ իրենց էլ է փորձելու ուտել։ Նրանք, ձեռքերն իրենց գունավոր թրերին, պատրաստ սպասում էին. հսկա ոտքերը մոտեցան սնդուկի, և սարսափելի հրեշը բացեց այն։ Ի՜նչ տեսան երեխաները. սարսափելի մեծ ոտքերով, լայն կոնքերով հսկայի մարմինը գնալով նեղանում էր, և նեղլիկ ուսերի վրայից մի փոքրիկ, շա՜տ փոքրիկ, բնբուլի պես թեթև մի քանի մազով գլուխ էր նրանց նայում՝ փոքր աչքերով և գրեթե չերևացող ականջներով։ Նա բարալիկ ու կարճ ձեռքերն օդում թափահարելով` ծիծաղելի բարակ ձայնով սկսեց բղավել.
— Այ դուք, չար երեխաներ, շուտ կորեք այստեղից, ի՞նչ գործ ունեք իմ տանը։
Նա այնքան ծիծաղելի էր, այնքա՜ն, որ երեխաները սնդուկից դուրս թռան և ճռճռան հատակին պառկած՝ սկսեցին ուշաթափ լինելու չափ ծիծաղել։
— Ի՞նչ եք ծիծաղում, կորե՛ք այստեղից,- բարակ ձայնով ծղրտում էր «հսկան» և կարճ ու բարալիկ ձեռքերով փորձում նրանց դուրս հանել իր տնից։
Մինչ նրանք վազում էին տնով մեկ, հին տունը ահարկու ճռճռում էր, և ամբողջ անտառով մեկ տարածվում էր այդ ձայնը։ Երեխաները դուրս թռան «հսկայի» տնից և վազելով հասան իրենց ծնողների մոտ։ Նրանք ծիծաղելով, մեկը մյուսին հերթ չտալով պատմեցին, որ այնտեղ ոչ մի հսկա էլ չկա, մի անմիտ մարդ է ապրում անտառում, որն իր տունը չի խնամում, և այդ տունն է իր ճռճռոցով մեծ աղմուկ բարձրացնում և սարսափ տարածում։
Այդ ամենն իմանալուց հետո մի խումբ կամավորներ գնացին անտառ, փոքր գլխով հսկայի տունը նորոգեցին, և այն դադարեց այլևս ճռճռալ և մարդկանց անհանգստացնել։
Հեղինակ՝ Աստղ Մադաթյան
Աղբյուր՝ impoqrik.am