Քրիստոս, եկած լինելով մեղանչական մարդու փրկության համար, բնականաբար ոչ միայն հաշտության միջնորդ պետք է լիներ Աստուծո և մարդու միջև, այլև մի նոր հարաբերություն ու նոր ուխտ պետք է հաստատեր նոցա մեջ։ Եվ որպեսզի շեղված ու ընկած մարդկության մոլար ու խոտոր զարգացումը վերացնելով` քավեր մեղքերից և նոր զարգացման սկիզբ դներ, պետք է նոցա մեջ հաստատեր ճշմարիտ աստվածաճանաչողություն և վայելուչ կյանք։ Այս նշանավոր նպատակն ու միջնորդությունն իրագործեց Քրիստոս յուր եռակի` այն է` մարգարեական, քահանայապետական և թագավորական պաշտոնով, վասնզի, թե մարդ եռակի կոչումն ունի` մարգարեաբար ճանաչելու աստվածային մտքերն ու գործերը, քահանայաբար մեր կյանքն Աստուծո նվիրելու և թագավորաբար աշխարհը տիրելու, և թե Իսրայելն յուր նախատիպ կյանքի նախապատրաստական ընթացքում եռակի նախապատկեր է ներկայացնում յուր մարգարեությամբ, քահանայությամբ և թագավորությամբ, որոնք միջնորդության պաշտոններ էին Աստուծո և ընտրյալ ժողովրդի մեջ։ Եվ ահա ինչպես մեր մտքով ընկավ մեր կոչումն, և Իսրայելի պատմությունը նախատիպ դարձավ յուր հիմնական կետերով, Քրիստոս այդ երեք պաշտոնով վերականգնում է մարդու կոչումն և տալիս է այն ամենը` լրիվ ու կատարյալ, ինչ որ դոքա պետք է տային միմիայն իբրև նախատիպ ու նախապատրաստություն։ Թե՛ մեր կոչումն ու թե՛ Իսրայելացոց նախապատրաստությունը գտել է յուր իրականացումն ու կատարումը Քրիստոսի մեջ. նա է ճշմարիտ մարգարե, իսկական քահանայապետ և հավիտենական թագավոր։ Ինչպես որ Հին Ուխտում մարգարեն երևան էր գալիս ճշմարտությունը վկայելու, քահանայապետը զոհաբերում էր ժողովրդի մեղքերի քավության համար, և թագավորը դատում, պաշտպանում և պահում էր Աստուծո ժողովուրդը, այդպես և միջնորդության այդ երեք մեծ պաշտոնները լրանում և յուրյանց իսկական կատարումն են ստանում Քրիստոսի` իբրև ճշմարիտ 0ծյալի մեջ։ Նա իբրև ճշմարտություն Նոր Ուխտ է հաստատում Աստուծո և ժողովրդի մեջ. իբրև հաշտության սքանչելի զոհ` վերջնականապես քավում է ժողովուրդը և հաշտ եցնում Աստուծո հետ և իբրև հավիտենական թագավոր հաստ ատում է յուր անպարտելի և հաղթական թագավորությունը։ Այդ է արտահայտում և նորա Քրիստոս անունը, զի Քրիստոս նշանակում է 0ծյալ, և օծվում էին մարգարեք, քահանայապետք ու թագավորները (Ղևտ., Դ 7, 11. Սաղմ., Բ 2)։
Քրիստոսի գործունեության խորհուրդն ամփոփ արտահայտվում է մի կարճ շարականում (էջ 397)։
«Իջեր Տէր ողորմութեամբ քով յաշխարհ.
Եւ զմեռեալ բնութիւնս` ի կեանս վերափոխեցեր։
Ելեր Տէր առ Հայր Փառօք ի յերկինս.
Եւ մխիթարիչ առաքելոցն առաքեցեր Սուրբ զՀոգիդ։
Բացեր Տէր այսօր զգանձդ երկնային,
Եւ բաշխեցեր առատապէս պարգեւս աղքատ բնութեան»։
Արշակ Տեր-Միքելյան «Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը»
Աղբյուր՝ Gratun.org