Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելի «Չարենցը` մարգարե» հոդվածում ներկայացված են նաև Եղիշե Չարենցի` 1936 թ.-ի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին գրած «Վերջին աղոթք» և «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» անտիպ ստեղծագործությունները:
Վերջին աղոթք
Տե՛ր իմ, — էությո՜ւն իմ, — հարազատ իմ, — այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, —
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, —
Չե՞ս զարմանում, Տե՛ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ և մարտընչողս արի`
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս
Յուրաքանչյուր <………….> կրկնապատիկ հրկեզ, —
Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ` —
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՛ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՛ր ինձ պես…
Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ —
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում — և գտնում ուղի…
Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո
Տետրապտիքոս
Ա
Ինչպես դարեր առաջ — վկան Նարեկացի, —
Քեզ եմ հղում ես ողբըս, ով Արարիչ,
Ես` մեղսավոր քերթողըս աստվածարյալ դարի, —
Ողջակիզյալ արյունս վարակածին…
Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի
Մայրամուտի փոխվեց արյունալիճ, —
Ուր մեր Ա՛րևն է նոր սուզվում արյունալի,
Որպես կարմիր գլուխ գլխատվածի…
Բորբ աչքերում սակայն հավատացյալ բյուրոց
Ծովածավալ արյան ցոլքը շռայլածին —
Ցոլանում է, իբրև ցոլք ցնծության մերո: —
Եվ — արեգակն է հին վերադառնում դարձյալ`
Արևմուտքից` ինչպես մահվան նաշից հառնած
Ղազարեի նման — արևը ետ դառնա…
Բ
Եվ ես դիմում եմ քեզ, ով Արարիչ, դարձյալ,
Ինչպես վկան մեր հին Նարեկացին, —
Քանզի` կարոտ ոգու և անարյուն Հացի, —
Տեսնում եմ լոկ — Կացին արեգնացյալ: —
Իբրև մի նոր վկա վաղուց աստվածարյալ`
Ես` երկրային` երկրին լոկ հավատացի, —
Չկամեցա, Աստված — ես` ինձանից բացի,
Ոչ գոյություն` ինձ պես գեթ կատարյալ:
Ես անսացի միայն — իմ հանճարի ձայնին: —
Ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ, —
Եվ` հանճարիս ուժով` ենթարկեցի այն ինձ: —
Եվ — թունավոր ինքյան, որպես կարիճ`
Ահա կանգնած եմ — զուրկ անգամ դժնի հացից, —
Եվ կախված է գլխիս — մի արեգնյալ կացին: —
Գ
Եվ ես — տխուր, ինչպես վկան Նարեկացի`
Ե՛վ զարհուրյալ այնպես, և` մենակյաց`
Զարհուրելի կյանքի հանդեպ անօգ կանգնած`
Ես ո՛ւմ դիմեմ, ո՛վ Տեր, — արդ` Քեզանից բացի:
Ինչո`ւ այսպես անօգ ես մնացի,
Եվ այնքան բորբ` հանկարծ անվերադարձ հանգավ, —
Անդրդվելի հավատս` դեպի գալի՛քն անգամ,
Եվ ինձ գերող ներկան — դարձավ անծիր:
Եվ ներբողներս` հղած ծագող Այգաբացին, —
Արեգակին և՛ իմ, և՛ իմ արյամբ առկայծ, —
Ողբ ու տրտունջ դարձան և փոխվեցին լացի:
Կյանքն եմ մեռած արդյոք ոգեկոչում դարձյալ, —
Երազելով, որ այն վերադառնա`
Ղազարոսի նման — մահվան նաշից հառնած…
Դ
Քե՛զ եմ կանչում ես արդ, ինչպես Նարեկացին`
Հղում եմ ողբըս Քեզ` սրտիս խորքից, —
Ինչպես շյուղն է հղում շունչն իր Նորքից —
Իբրև տեսիլք` Հեռվում հառնած Արագածին…
Ինչպես դողդոջ մի շյուղ բարակածիլ`
Մի երգեցիկ ցողուն — օվկիանում բերքի`
Ես դաշտերում անծի՛ր իմ հրկիզյալ Երկրի, —
Արձագանք չեմ լսում իմ երգածի…
Բայց ես գիտեմ, որ դու՛ շնչով ստեղծարար,
Ինչպես անձրև վարար անեզրական արտում, —
Ո՛չ մի մժեղ, կամ շյուղ — չես թողնելու ծարավ…
Ես — երգեցիկ եղեգ, — ինչո՛ւ այսքան տրտում
Պիտի դողամ լույսիդ անեզրության հանդեպ,
Երբ երբեք չե՛ս եղել դու այդքան նենգ…
Աղբյուր՝ Movsisyannune.com