Կան խոշոր ու մանր ձկներ: Խոշորներն ուտում են մանրերին: Ու դա հասկանալի է: Ինձ շփոթեցնում է մի այլ հանգամանք. կան մի հատուկ տեսակի ձկներ, որոնք սնվում են միմիայն իրենց համար ի վերուստ նախատեսված մի ուրիշ հատուկ տեսակի ձկներով: Ու եթե չլինեն այդ ձկները, մյուսները կոչնչանան: Աստված, ուրեմն, ստեղծում է այդ փոքր ձկներին մասնավորաբար որպես կեր մեծերի համար: Ես թույլ եմ տալիս ինձ մտածելու, որ ձկները զգացմունք չունեն, հոգի չունեն, զուրկ են իմաստավորելու կարողությունից: Թող այդպես լինի: Բայց ինչու Աստված ստեղծում է մարդկանց մի տեսակ, որոնք կեր պիտի դառնան մարդկանց մի ուրիշ տեսակի: Եվ եթե չլինի մարդկանց առաջին տեսակը, երկրորդը կոչնչանա: Դա ևս կհասկանայի այսքան գրադարաններով առատ աշխարհում, բայց մի հասարակ բան, այնուամենայնիվ, չի դիմանում տրամաբանությանը: Այդ դեպքում ի՞նչ կարիք կար, ի՞նչ իմաստ ուներ մարդուն տալ վերլուծելու ունակություն, խիղճ, արժանապատվություն, անապակ սեր… և այսքան գրադարաններ…
Աղբյուր՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ