Հայ եկեղեցին բացի Տերունի տոներից և Սրբոց օրերից, տարին մեկ անգամ հիշատակում է նաև հրեշտակներին: Ըստ մեր տոնացույցի՝ նրանց հիշատակությունը կատարվում է Խաչի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը հետևյալ անվամբ՝ «Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն»:
Հրեշտակ բառը (եբրայերեն «Մալախ», հունարեն «Անկելոս») նշանակում է պատգամաբեր: «Հրեշտակ» բառը շուրջ 500 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հրեշտակները Սուրբ Գրքի մեջ ներկայացված են իբրև անթիվ անհամար բազմություններ`որպես «Աստծո բանակ», (Ծննդոց 32.2), «Հազարք հազարաց եւ բիւրք բիւրուց» (Դանիել 7.10): Նրանց հիմնական պաշտոնն է Աստծո պատգամները և տնօրինությունները մարդկանց փոխանցել, և Նրա հրամանները գործադրել ազգերի կյանքում կամ տիեզերքում (Ծննդոց 16.7; Դատավորներ 6.11; Դանիել 6.22): Քրիստոսի կյանքում՝ Ավետումից մինչև Համբարձում, հրեշտակները կարևոր դեր կատարեցին: Շատ կարևոր է նաև պաշտոնը և պարտականությունը, որ նրանք կատարեցին և շարունակում են կատարել մեր փրկության համար. «Չէ՞ որ հրեշտակները Աստծուն ծառայող հոգիներ են և Իր կողմից ուղարկվում են՝ օգնելու նրանց, որոնք ժառանգելու են փրկությունը» (Եբրայեցիներ 1.14):
Հրեշտակները մարդկանց պես բանավոր էակներ են, սակայն՝ անմարմին ու հոգևոր: Նրանց բնությունը կրակի պատկերով է ներկայացված. «Աստված Իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց» (Եբրայեցիներ 1.7):
Քանի որ հրեշտակները հոգևոր կամ «անմարմին» (աննյութ) էակներ են, հետևաբար անտեսանելի են բնությամբ, բայց եթե Աստված կամենա տեսանելի կլինեն զանազան մարմիններով և զանազան կերպարանքներով:
Հրեշտակները սեռ չունեն, արուի և էգի զանազանություն չկա նրանց մեջ: Ինչպես Աստվածաշնչում է ասված. «Երբ մեռելները հարություն առնեն, այլևս չեն ամուսնանա, այլ կլինեն երկնքի հրեշտակների նման» (Մատթեոս 22.30): Նրանք ոչ բազմանում են, ոչ պակասում, հետևաբար մահ կամ ծնունդ էլ չունեն:
Իբրև սպասավոր էակներ հրեշտակները ցածր են մարդուց, որովհետև մարդը ստեղծված է Աստծո կերպարանքով և նմանությամբ, և երկրորդ՝ ադամորդու փրկության համար Աստծո Որդին ոչ թե հրեշտակացավ, այլ՝ մարդացավ (Եբրայեցիներ 2.16):
Աստվածաշնչում Ծննդոց գրքից մինչև Հայտնություն բազմաթիվ հիշատակություններ, դեպքեր ու դրվագներ կան հրեշտակների մասին: Օրինակ, հրեշտակներ այցելեցին Աբրահամին՝ Սոդոմ և Գոմոր ամբարիշտ քաղաքների բնաջնջման կապակցությամբ (Ծննդոց 18 և 19 գլուխներ), Քրիստոսի ծննդյան ավետիսը նրանք տվեցին հովիվներին, քրիստոնեական եկեղեցու առաջին երգը «Փառք ի բարձունս»-ը ավանդեցին նրանք (Ղուկաս 2.8-15): Քրիստոսին ծառայեցին անապատում Նրա փորձությունից հետո, ինչպես գրում է Մատթեոս ավետարանիչը. «Այն ժամանակ սատանան թողեց Նրան ու հեռացավ, և ահա հրեշտակները մոտեցան և ծառայում էին Հիսուսին» (Մատթեոս 4.11): Նրա հարության առաջին երջանիկ ավետաբերները եղան (Մատթեոս 28): Հրեշտակները կարևոր դեր կատարեցին առաքյալների կյանքում (Գործք Առաքելոց 12 գլուխ), իսկ Հայտնության գիրքը լի է աշխարհի վախճանի հետ կապված նրանց գործունեությամբ:
Մեր եկեղեցու պատմությունից հայտնի է, որ Սբ. Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապում ամեն օր այցելում էր չորրորդ դասի մի հրեշտակ: Իսկ Սուրբ Էջմիածնի տաճարի հիմնարկեքին Աստծո Միածինը մի խումբ հրեշտակների գլխավորությամբ իջավ Հայաստան հողի վրա և ցույց տվեց տեղը և ձևը առաջին քրիստոնեական տաճարի:
Հրեշտակների դասակարգումը
Ըստ Դիոնիսիոս Արիոպագացու «Երկնային քահանայապետություն» նշանավոր գրքի՝ հրեշտակների դասակարգերը բաժանված են երեք քահանայապետությունների, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք խմբեր.
Առաջին քահանայապետություն.
1. Բազմաչյա Քերովբեներ
2. Սրբասաց և վեցթևյան Սերովբեներ
3. Աթոռներ անեղ աստվածության
Երկրորդ քահանայապետություն.
4. Անփոփոխելի միշտ Տերություններ
5. Անհաղթելի սուրբ Զորություններ
6. Գերագույն Իշխանություններ
Երրորդ քահանայապետություն.
7. Անմարմին Պետություններ
8. Հրեշտակապետեր բարձրության
9. Հրեշտակների Զինվորություններ
Այս դասակարգերից երկուսը՝ Քերովբեները և Սերովբեները, հիշատակված են Հին Կտակարանում:
Սերովբեները՝ երկնքի երգիչները, նկարագրված են Եսայի մարգարեի գրքում: «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր զօրութեանց, լի է ամենայն երկիր փառօք նորա» (Եսայի 6.1-7). այս երգն էին երգում վեցթևյան Սրբասաց Սերովբեները Եսայի մարգարեի տեսիլքում:
Երբ Ադամը դրախտից վտարվեց, Քերովբեներին հանձնվեց Կենաց ծառի ճանապարհը պահպանելու պարտականությունը (Ծննդոց 3.24): Քերովբեները համարվում են Աստծո աթոռը, նրանք ունեն չորս դեմքեր. մի երեսը՝ քերովբեի, մյուսը՝ մարդու, երրորդը՝ առյուծի և չորրորդը՝ արծվի: Ունեն չորս թևեր, բազմաթիվ աչքեր, որոնց համար էլ կոչվել են «Բազմաչյա Քերովբեներ»: Նրանց քանդակները և արձանները Աստծո հրամանով դրվել են Ուխտի Տապանակի վրա, Սողոմոնի տաճարում:
Պողոս առաքյալը իր Կողոսացիներին ուղղված թղթում հաստատում է, որ Քրիստոսով ստեղծվեց ամեն բան թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա և հիշատակում է նաև Աթոռներին, Տերություններին և Իշխանություններին (Կողոսացիներ 1.16): Թե՛ Պողոս առաքյալի և թե՛մյուս ընդհանրական նամակներում կարող ենք հանդիպել հրեշտակների մյուս դասակարգերի մասին տեղեկություններ:
Հրեշտակները հիշվում են նաև հատուկ անուններով՝ ըստ իրենց այն դիրքի կամ նշանակության, որով ծառայել են աստվածային տնօրինությանը. Գաբրիել («Պատկեր Աստծո»), Միքայել («հզոր»), Ռափայել («բժշկություն»), Անայել («լրումն Աստծո»), Ուրիել («տեսումն»), Բարաքիել («ինքն աստվածային»), Ադոնիել, Փանուել, Երեմիել, Սաղաթիել և այլն (Դանիել 9.21, 10.13, 21; 12.1; Ղուկաս 1.19, 26; Տովբիթ 12.15):
Հրեշտակապետեր
Գաբրիելը մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող յոթ հրեշտակապետներից մեկն է: Դեռևս Հին Ուխտում նա բացահայտում և մեկնաբանում էր մարգարեների տեսիլքները, որոնք առնչվում էին Փրկչի գալստյանը: Իսկ Նոր Կտակարանում Գաբրիել հրեշտակապետը Հովհաննես Մկրտչի և մեր Փրկչի ծննդյան ավետաբերը եղավ (Ղուկաս 1.26-38):
Սուրբ Գրքից մեզ հայտնի մյուս հրեշտակապետը՝ Միքայելը, մարտնչում էր Իսրայելի ժողովրդի թշնամիների դեմ: Նա՝ որպես երկնային զորքերի հրամանատար, ինչպես Հին Ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Սբ. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամբ: Այդ իսկ պատճառով պատկերներում Միքայելը ներկայացվում է զրահավորված՝ սուրը ձեռքին, վիշապը ոտքերի տակ: Ինչպես նաև պատկերվում է կշեռքը ձեռքին, որ կշռում է ննջեցյալների հոգիները:
Ռափայել հրեշտակապետի մասին կարդում ենք Սուրբ Գրքի երկրորդականոն գրքերից մեկում՝ Տովբիթի գրքում (12.12,15), ուր նա ծպտված ընկերանում է Տովբիթի որդի Տուբիային՝ հաջողելով նրա ճամփորդությունը: Նրան է վերագրվում բարի մարդկանց աղոթքները Աստծուն ներկայացնելու պաշտոնը:
Պահապան հրեշտակներ
Ըստ Աստվածաշնչի՝ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը (Մատթեոս 18.10; Ղուկաս 15.10; Ծննդոց 28.12; Հովհաննես 1.51): Դանիելի գրքում հիշատակվում է, որ ամեն ազգ ունի իր հրեշտակը (Դանիել 10.13): Հայտնության գրքի համաձայն՝ եկեղեցիները նույնպես ունեն իրենց հրեշտակները, որոնց անունով Հիսուս Իր պատգամներն էր ուղարկում ամբողջ համայնքին (1.20; 2.1,8): Պետրոս առաքյալը ևս ուներ իր պահապան հրեշտակը (Գործք Առաքելոց 12.15): Պահապան հրեշտակները ոչ միայն պահպանում են մարդկանց աշխարհի վտանգներից, այլ առաջնորդում նրանց դեպի Երկնքի Արքայություն, եթե վերջիններս կամենան:
Պահապան հրեշտակը Աստծո նախախնամության մարմնացումն է, այդ պատճառով եկեղեցին շարունակ աղոթում է և խնդրում. «Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք»:
Չար հրեշտակներ
Հրեշտակները տևապես փառաբանում են Աստծուն: Սակայն նրանց մի մասը, չարաշահելով իրեն վերապահված ինքնիշխանությունը, ապստամբեց Աստծո դեմ և դարձավ չար հրեշտակ կամ սատանա, դև (Մատթեոս 25.41, Հայտնություն 12.9): Աստված սրանց «խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար» (Բ Պետրոս 2.4):
Հայ միջնադարյան գրականության մեջ հրեշտակներին նվիրվել են բազում ճառեր, քարոզներ, ներբողներ, շարականներ, հոգևոր երգեր:
Հրեշտակների կամ Սրբոց Հրեշտակապետաց անունով հայտնի են Զվարթնոց տաճարը, Սբ. Էջմիածին մայրավանքի զանգակատան խորանը, Աստապատի Հրեշտակապետ եկեղեցին, Թոքատի Սբ. Հրեշտակապետ վանքը, Սեբաստիայի Սբ. Հրեշտակապետաց վանքը, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի Սուրբ Հրեշտակապետաց, ինչպես նաև՝ Կ. Պոլսի Պալաթ թաղամասում գտնվող նույնանուն եկեղեցին: