Առակներ 15.33-16.7
15.33 Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից: 16.1 Ինչ որ մարդ դրել է սրտում, վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը: 2 Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները: 3 Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: 4 Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան: 5 Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու: Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը: 6 Ով փնտրում է Տիրոջը, նա գիտութիւն կգտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղութիւն կգտնեն: 7 Աստծոյ բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար:
Օսեե 14.9-10
9 Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ես խոնարհեցրի նրան, ես էլ կզօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձնից է քո պտուղը»: 10 Ով իմաստուն է, կհասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կիմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կանցնեն, իսկ ամբարիշտները կսայթաքեն դրանց մէջ:
Տիտոս 3.3-8
3 որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէս-պէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց: 4 Իսկ երբ մեր Փրկիչ Աստծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց – 5 ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ՝ իր ողորմութեան համաձայն – փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու, 6 որ Աստուած թափեց մեզ վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, 7 որպէսզի նրա շնորհով արդարացուած՝ ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով: 8 Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստատ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարել, քանի որ այդ է բարի եւ օգտակար մարդկանց համար:
Ավ. ըստ Մարկոսի 13.9-13
9 Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց: 10 Բայց նախ պէտք է, որ աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ: 11 Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դուք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին: 12 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: 13 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կփրկուի: