Դեռ չծնված երկվորյակները զրուցում էին իրենց մոր որովայնում։
— Դու հավատո՞ւմ ես, որ իրականում ծնունդից հետո կյանք կա,- հարցնում է երկվորյակներից մեկը։
— Այո՛, ամեն դեպքում այստեղ՝ ներսում, աճում, զորանում ենք դրսում մեզ սպասվող կյանքի համար,- պատասխանում է մյուս երկվորյակը։
— Կարծում եմ՝ դա հիմարություն է,- ասում է առաջինը,- ծնունդից հետո կյանք չի կարող լինել. ինչպիսի՞ն պիտի լինի այն։ — Ինքս էլ հաստատ չգիտեմ,- ասում է երկրորդը,- բայց հավանաբար ավելի լավ կլինի, քան այստեղ է։ Եվ գուցե մենք այս ու այն կողմ վազենք, բերանով ուտենք։
— Այդպիսի հիմար միտք ես դեռ չեմ լսել։ Բերանով ուտել. ի՜նչ անմտություն։ Կա պորտալար, որը մեզ սնուցում է։ Կամ դու ինչպե՞ս կարող ես այս ու այն կողմ վազել. չէ՞ որ պորտալարը շատ կարճ է։ Դու խենթ ես։ Դեռևս ոչ ոք երբևէ ծնունդից հետո հետ չի եկել։ Կյանքը ծնունդով վերջանում է։ Վե՛րջ։
— Ես համաձայն եմ, որ ոչ ոք չգիտի, թե ծնունդից հետո ինչպիսի՛ կյանք կլինի։ Բայց ես գիտեմ, որ հետո մենք մեր մայրիկին կտեսնենք. նա մեզ հոգ կտանի։
— Մայրի՞կը։ Դու հավատում ես ինչ-որ մայրիկի՞։ Որտե՞ղ է նա, ասա՛ ինձ։
— Այստեղ՝ մեր շուրջը, ամենուր։ Մենք կանք և ապրում ենք նրա միջոցով։ Առանց նրա մենք ամենևին չենք կարող գոյություն ունենալ։
— Հիմարություն. մայրիկից ես դեռ ոչինչ չեմ տեսել, ուրեմն նա չկա։
— Նա ինչպե՞ս կարող է չլինել։ Երբեմն, երբ մենք լուռ ենք լինում, դու կարող ես լսել նրան երգելիս կամ զգալ, երբ նա շոյում է մեր աշխարհը։
Հենրի Նուվեն