Սուրբ Եղիշեն ասում է, որ յուրաքանչյուր մարդ, հավատալով Աստուծուն, միանում է նորա հետ. «Միշտ Աստուած ինքն ընդ իւր, միշտ հաւատացեալ` ընդ նմա Աստուած», կամ «Եւ տեսեալ ուրուք զԱստուած, անդէն ի նոյն միացաւ ընդ նմա» (273, 326. Ս. Հովհ. Մանդ., 214)։ Այս սկզբունքը հասկանալի է, քանի որ մարդու կոչումն էլ Աստուծո հաղորդակից լինելն է, իբրև Աստուծո պատկեր` նորա իմաստության, արդարության ու սրբության և սիրո մասնակից լինելն է, հետևաբար Աստուծո հետ միանալն է։ Եվ երբ մարդիկ միանում են Աստուծո հետ, այդպես կազմվում է Աստուծո արքայությունը (Գաղ., Բ 20, Հռ., Զ 10. Բ Կոր., Զ 16. ԺԳ 4)։
Այս միությունը չէ Քրիստոսի աստվածության ու մարդկության միությունը, ինչպես կարծական աղանդավորությամբ մոլորվում են քրիստոնյա միստիկները9*, աստվածությունը միացած է Քրիստոսի մարդկության հետ ոչ թե այդպիսի խորհրդավոր մտքով, այլ էապես, մարդկության մեջ չեղած եղանակով և իրապես[1]։ Քրիստոս կարող է հաշտության միջնորդ լինել Աստուծո և մարդկանց մեջ միմիայն այն ժամանակ, երբ ինքն յուր մեջ կատարյալ միություն ունենա յուր մարդկության և աստվածության, երբ յուր մեջ մարդկությունն ու աստվածությունը միացած լինին, որով և կարողանա կապել մարդկանց Աստուծո հետ։ Նա, լինելով մարդկության մի անդամը, պետք է և աստվածային բարձրություն ունենա, որ մեղքից ազատ լինելով` տա մեղավոր մարդկանց այն ամենն, ինչ որ նոքա պետք է ընդունեն Աստուծուց, որ երջանիկ լինին[2]։
Բայց մարդիկ ամենայն ինչ Աստուծուց ստանալու համար պետք է միանան նորա հետ, ուստիև նոցա ամենայն ինչ տվողն Հիսուս պետք է իրապես և կատարելապես միացած լինի Աստուծո հետ, իբրև կատարյալ միջնորդ Աստուծո և մարդկանց մեջ, իբրև մարդկանց և Աստուծո հարաբերության հաշտ և կարող կապ։ Եվ իբրև այդպիսի կապ նա պետք է Աստուծո առաջ ներկայացնե ամենամաքուր մարդկությունն յուր բոլոր ընդունակությամբ, միևնույն ժամանակ նույն ինքն իսկ պետք է մարդկության հաղորդ, այլև աստվածային սիրո ճշմարիտ հայտնությունը լինի։ Նա զինքն պետք է հայտնե, վասնզի սկզբից իսկ ինքն է եղել կյանքն ու լույսը, և մարդիկ հասու չեն եղել. այն, որին հասու չեն եղել, այժմ պետք է կատարելապես հայտնե ի փրկություն։ Եվ քանի որ ամեն ժամանակ ամբողջ մարդկությունը պետք է միջոց ունենա Աստուծո հետ ճշմարիտ հաղորդակցություն ունենալու, Քրիստոս տալիս է այդ միջնորդությունը` կատարելապես միացնելով յուր մեջ մարդկությունն և աստվածությունը։ Նա հավիտենական միջնորդ է Աստուծո և մարդկանց մեջ և իբրև այդպիսի միջնորդ` մարդկության Փրկիչն է։ Աստուծո արքայության մեջ ամեն մարդ հարաբերական միություն ունի Աստուծո հետ, սակայն այդ ամեն մի հավատացյալն յուր մեղանչական վիճակից ելել և այդ միության մեջ է մտել միմիայն այն կատարյալ միության միջնորդությամբ, որ է Քրիստոս[3]։ Այդպես և Աստուծո արքայությունը կատարալ միություն է Աստուծո հետ, սակայն այդ կատարյալ միությունն, որին մասնակից է յուրաքանչյուր անդամ, հիմնվում է այն միության վեմի վրա, որի վրա հաստատվ ած է մարդկությունն և որով լիապես հայտնված աստվածությունը։ Աստուծո արքայության բազմանդամությունը միանում է Աստուծո հետ Քրիստոսի այն կատարյալ միությամբ, որով Աստված յուր բոլոր կատարելությամբ հայտնվում է մարդկային բազմության։ Մյուս կողմից, քանի որ մարդու սկզբնական կոչումն է գոյությամբ, յուր ամբողջ էությամբ միանալ Աստուծո հետ ու նորա տաճարը դառնալ, Աստված ինքն է մարմնանում և մարդու կոչման կատարումը սկզբնավորում։ Հետևաբար Քրիստոս յուր անձով միացնում է Աստուծո նպատակը մարդկության հետ և յուր միակ միջնորդութամբ մեկ ճանապարհ հարթում յուրաքանչյուրի համար։ Քրիստոսով է աշխարհի փրկությունն և Քրիստոսով է աշխարհի կատարումը (Եփես., Ա 10-12), վասնզի Քրիստոսով է ամենայն ինչ եղել ու հաստատվել (Կող., Ա 15-16), նա է եկեղեցու գլուխը (18-20) և նորանով միացած մարմինն «աճէ զաճումն Աստուծոյ» (Բ 19)։ Մարդը տեր է աշխարհի վրա, և բոլոր արարածները նորանով են միություն նկատվում ու նորա առաջնորդությամբ մշակվում, այդպես էլ ամբողջ մարդկության բազմազանությունը, հակադրությունք ու գործունեությունը միանում է մի գլխի` Քրիստոսի ներքո։ Մարդը մի անդամ է արարածական աշխարհի և իբրև նորա գլուխը` միջնորդ է նորա և աստվածային ս. նպատակի մեջ. այդպես էլ Քրիստոս մարդկության մի անդամ է, բայցև ներկայացնելով ամբողջ մարդկությունը` նորա գլուխն է և միջնորդ է մարդկության և Աստուծո մեջ։ Նա մի վեմ է, որի վրա հաստատվում է ամբողջ մարդկությունը Աստուծո հետ. նա մի սանդուղք է, որով մարդիկ բարձրանում են դեպի Աստված. նա միջնակետ է, որի շուրջը շրջանաձև տեղավորվում են բոլոր անհատներն յուրյանց դիրքով յուրյանց այն կոչման մեջ ճշտվելու համար, որով լրանում է Աստուծո արքայությունը։ Ուստիև Քրիստոս թե՛ բոլոր արարածների անդրանիկն է և թե՛ բոլոր արարածների գլուխը (Կող., Ա 15. Բ 10, 19), վասնզի նա է Աստված Բանի հայտնությունը, «որով ամենայն եղև», և նա է աշխարհի միությունն, որով պետք է լինի ամենայնի կատարումը։
Ահա ուրեմն Քրիստոս ճշմարիտ միջնորդ[4] լինելու համար միացած աստվածամարդ է10* (Էմմանուել ընդ մեզ Աստված. Ես., Է 14)։ Նա, արարիչ գոլով, միացած է յուր արարածի հետ և, անփոփոխ մնալով, ծնվում է աստվածամարդ (Եբր., Բ 14, 17. Դ 15)։ Նա, անփոփոխ լինելով իբրև Աստված, իննամսյա ժամանակով աճում է, ծնվում է Ս. Կույսից իբրև մարդ և Որդի Աստուծո կոչվում (Ղուկ., Ա 35), ըստ որում` սուրբ էր, որ պետք է ծնվեր։ Այդպես նա Բանն Աստված է և հայտնվում է իբրև մարդ, ուստի և ասում է` «Ես և Հայր իմ մի եմք» (Հովհ., Ժ 30. Ղուկ., ԻԲ 42), բայց երբեք չէ ասում` «Ես և Բանն Աստուած մի եմք», զի նորա «եսը» վերաբերում է ոչ թե Բանին միայն կամ մարդկության, այլ դոցա անբաժան միության, այդ պատճառով ասում է, որ ինքն աշխարհի լույսն է և կյանքը, և ճշմարտությունը և ճանապարհը (Հովհ., Ը 12)։ Եվ Աստված գոլով` նա խոնարհվեց, յուր արարածի, յուր ծառայի կերպարանքն առավ և մարդ դարձավ (Փիլ., Բ 6-7)։ Այդպես խոնարհվելով նա հայտնվեց յուր ծառայի կերպարանքով, ըստ որում, և սիրո թագավորության մեջ յուր մարդեղությամբ Փրկիչ ու հաշտեցնող է և Տեր ու գլուխ ի փառս Հոր Աստուծո (Բ 11)։ Նա իբրև Աստուծո Որդի ի հավիտենից Աստուծո արարչական կամաց և հայտնության միջնորդ է և այժմ հայտնվում է իբրև ճշմարիտ միջնորդ սիրո և շնորհաց արքայության համար, ուստիև միացնելով ու յուրացնելով մարդկային բնությունը` սիրո թագավորության տերն է։ Զի սիրո և շնորհաց արքայության մեջ տեր լինել չի նշանակում բռնակալ լինել, այլ յուր մարդկանց կյանքով ապրելով` նորա դրությունը անցուց անել և այդպես նորա թուլության Փրկիչը դառնալ։ Այդպես ապրելն է կոչվում նորա խոնարհվիլը, նորա կատարյալ փառքն է, սակայն, որ աստվածային սիրո կատարյալ հայտնությունը լինելով, յուր հանձն առած խոնարհությամբ բարձրացնում է մարդկանց և յուր աղքատությամբ նոցա հարստացնում (Բ Կոր., Ը 9)։ Այդ խոնարհությամբ իրագործվում է աստվածային սերը լրիվ կերպով, և երբ նա յուրն է դարձնում մարդկությունը, սեփականում է, տեր էլ է դառնում իբրև ճշմարիտ սիրո իրագործող տեր, վասնզի տերությունը հաղթությամբ է, իսկ Քրիստոսի հաղթությունն` աստվածային սիրո իրականացմամբ (Ես., ԾԳ 12)։ Այս պատճառով և Քրիստոսի վերստին առ Հայր գնալն առավել մեծ փառքով է, քան նորանով աշխարհ ստեղծվիլը, քանի որ հաղթությամբ յուր արքայության որդիներին է տանում առ Հայր (Եբր., Բ 13) այն փառքով, որ ուներ աշխարհից առաջ (Հովհ., ԺԷ 1, 5)։ Ինքն, գնալով առ Հայր, բաց է անում և դուռը դեպի Աստված` յուր փրկած մարդկության համար և, շնորհաց արքայությունը, փրկությունն ու կատարումը իրագործելով, մնում է նույնն, ինչպես միշտ և հավիտյան (Հովհ., Ը 58. ԺԷ 5)։ Ուստիև առաքյալը գրում է. «Զայս խորհեսցի իւրաքանչիւր ոք ի ձէնջ, որ եւ ի Քրիստոս Յիսուս, Որ ի կերպարանս Աստուծոյ է, ոչինչ յափշտակութիւն համարեցաւ զլինելն հաւասար Աստուծոյ. Այլ զանձն ունայնացոյց զկերպարանս ծառայի առեալ ի նմանութիւն մարդկան եղեալ. եւ կերպարանօք գտեալ իբրեւ զմարդ, խոնարհեցոյց զանձն լեալ հնազանդ մահու չափ եւ մահու խաչի։ Վասնորոյ եւ Աստուած զնա առաւել բարձրացոյց եւ շնորհեաց նմա անուն, որ ի վեր է, քան զամենայն անուն. Զի յանուն Յիսուսի Քրիստոսի ամենայն ծունր կրկնեսցի երկնաւորաց եւ երկրաւորաց եւ սանդարամետականաց։ Եւ ամենայն լեզու խոստովան լիցի, թէ Տէր է Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր» (Փիլ., Բ 4-11)։
Այս բոլորից պարզապես երևում է, որ Քրիստոս մեկ է. նա Աստված է և միանգամայն մարդ. նորա մեջ է կատարյալ աստվածությունը, նորա մեջ է և կատարյալ մարդկությունն. ոչ աստվածությունն է գերիշխում մարդկության վրա, և ոչ նորա մարդկությունն է ոչնչանում նորա անսահման աստվածության մեջ։ Նոր ա մեջ հայտնվում է աստվածային իմաստությունն և ամենուրեքությունը, նորանն է երկնքի ու երկրի իշխանությունը (Մատթ., ԻԸ 18). նորան տեսնողը տեսնում է Հոր Աստուծուն, վասնզի նա աստվածորդին է և աստվածամարդ (Հովհ., ԺԴ 9. Մատթ., ԻԸ 18), նորանով ամենայն ինչ Աստուծո արքայության է ծառայում, և նա է Աստուծո ճշմարիտ հայտնությունը։ Որովհետև նա կատարյալ Աստված և կատարյալ մարդ է, ո՛չ նորա աստվածությունն է յուր մարդեղությամբ փոխվում կամ սահմանափակվում, և ո՛չ մարդկությունն է ոչնչանում աստվածային զորության մեջ, այլ նույն, որ Աստված է, նույն և մարդ է, անշփոթ, զի Աստված անշփոթելի է և անբաժան, զի մարդեղության խորհուր դն աստվածության և մարդկության միությունն է։ Քրիստոս ոչ թե տաճար է աստվածության, ինչպես կարող է լինել հավատացողը, այլ նա ինքն է Աստված և միանգամայն մարդ։ Բանն Աստված ինքը մարդացավ, և մենք մարդացյալ Աստուծով բարձրանում ենք դեպի Աստված. Նա աստվածային սրբության, սիրո և հեզության հայտնությունն է մեր մեջ, որով մարդը կատարյալ հավատքով, հնազանդությամբ և անձնվիրությամբ ներկայանում է Աստուծո։ Նա երկնքիցն է և միշտ երկնքումն է (Հովհ., Գ 13), վասնզի Աստուծուցն է ելած (ԺԷ 27), ուստիև ասում է. «Եւ ոչ ոք ել յերկինս, եթէ ոչ որ էջն յերկնից` Որդին Մարդոյ, որ էն յերկինս» (Հովհ., Գ 13). «Ես և Հայր իմ մի եմք» (Ժ 30)։ Հետևաբար թե՛ կարծական աղանդով սնված Եվտիքյան մոլորությունը, որ ոչնչացնում է Քրիստոսի մարդկությունն ու միայն աստվածություն դավանում, և թե՛ Եբիոնյան ծնունդ Նեստորականությունն, որ երկվություն ձգելով Քրիստոսի մարդկությ ան և աստվածության մեջ` ջնջում է մարդեղության իրողությունն ու մի դաշնակցություն մտցնում Քրիստոսի աստվածության ու մարդկության մեջ, երկուսն էլ հավասարապես մեղանչում են աստվածային փրկագործության նպատակի և մարդկության փրկության հավատքի դեմ[5]։
Քրիստոս ճշմարիտ միություն է աստվածության և մարդկության առանց մեկի տուժման և մյուսի խախտման. «Զգեցաւ զմի մարմին` ըստ թուականի միոյ մարդոյ» (Եղիշե, 318). ըստ մի մարդու թվականին ենք թվում նորա մարդեղության խորհրդի էությունը. «Միութիւն եւ ոչ երկուութիւն. եւ այսուհետեւ մի գիտեմք զաստուածութիւնն, որ յառաջ էր, քան զաշխարհս, նոյն եւ այսօր»» (Ս. Հարք առ Եղիշ., 30)։ «Ոչ մարմնաւոր բնութեանն կա՛մ կամաց, կա՛մ ներգործութեան թիւ մնաց ի մարմնացեալ Բանին Աստուծոյ առնլոյ…»11*, – ասում է և Ստեփաննոս Սյունեցին առ Գերմանոս գրած թղթում, ասում է և Խաչիկ կաթուղիկոսը (Ասողիկ, 242)։ «Արդարեւ մինն է միայն ի միայնոյն` ի միոյն փառակցութիւն յաւիտեան երկրպագեալ», – բարբառում է և Ս. Գրիգոր Նարեկացին` միությունը շեշտելով (ԼԴ)։ Դարձյալ. «Ընդ ամենակատարն էութեան համասնեալ յանանջրպետ միականութիւն, թափանցական խառնութեամբ յաստուածութեանն ոգի բաղկացոյց զգոյութիւն շնչոյս հրաշապէս» (ՀԵ)։ Վերջապես. «Ոչ շփոթելով` սակայն միակն միեղեալ հանդերձ առեցելովն մահացեալ. յաւէտ կենդանի, եւ նոյն ինքն կենդանի ելով զնոյն նախուստն ընկալաւ բաժակ մահացու, զի միակն ոչ զերկատութիւն յինքեան ըստանձնեալ բերէ, զի պատճառ գոլ գծի ոչ տրամակայի` ստորանկեալ ընդ թուով» 12*, հնչեցնում է և Գրիգոր Մագիստրոսն առ հայր Անանիա գրած թղթում։
Արդ, փրկագործության հիմնաքարը Քրիստոսի միությունն է։ Մարդկային բնությունը հրապուրվելով վտարանջել էր, մոլվել դեպի չարը և ապականվել. աստվածության և մարդկության միությամբ Քրիստոս սրբեց այդ բնությունն և գերահրաշ հնազանդություն բղխեց այդ միությունից։ Մարդկային կամքի մեջ չարահակում ընթացք էր մտել, Քրիստոս միացրեց այդ կամքն յուր կամքի հետ և ճշմարիտ կամքի ուղղությունը հաստատեց։ Մարդկային հոգին ու միտքը բռնվել էր մեղքի մեջ և աշխարհին ստորադրվել` կորցնելով յուր ինքնագիտակցությունն ու ճանաչողությունը. Քրիստոս միացրեց այդ միտքն ու հոգին յուր աստվածության հետ և ճշմարիտ ինքնագիտակցություն, աստվածաճանաչություն և աշխարհաճանաչություն իրականացրեց։ Ընկել էր մեղանչած մարդը, ապականացու էր նորա կամքի ներգործությունն յուր կոչման մեջ և «անձամբ անձին ոչ կարէր կանգնել»։ Քրիստոս խոնարհվեց, միացրեց ընկած մարդկության խոնարհությունն յուր բարձրության հետ և մարդկային կոչման համաձայն ներգործությունը զորացրեց։ Նա խոնարհվեց, մարդը բարձրացավ[6]. նա մեղանչական մարդու կերպարանքն առավ, և մեղսաթավալ մարդկությունը սրբվեց. Աստվածը մարդացավ, և մարդն աստվածացավ13*. նա անմեղ էր, մեղքի մեջ մտավ և մեղքը վերացրեց։ Մարդու մեղքի հետևանքն էր ապականությունը. Քրիստոս մտավ մեղքի և ապականության մեջ և անմեղ և անապական դարձրեց. «Քանզի ապականութիւն մեղաց է ծնունդ, եւ որ մեղս ոչ արար` ոչ տիրեաց նմա եւ ապականութիւն»։ «Աստուած զՈրդին իւր առաքեաց ի նմանութիւն մարմնոյ մեղաց, եւ վասն մեղաց եւ դատապարտեաց զմեղս ի մարմնի անդ» (Հռ., Ը 3. Եբր., Դ 15. Ընդհ., 139, 140, 328, 330, 341)։
Քրիստոսի մեջ է ճշմարիտ մարդու կոչման իրագործումը, նորա մեջ է իսկական կամքը, իսկական բնությունը և իսկական ներգործությունը, որոնցով պետք է Աստուծո որդիք լինինք։ Նորա բոլոր գործունեությունը բղխում է միացյալ բնությունից, և ոչ թե նա յուր աստվածությամբ բռնանում է մարդկության վրա և ճշմարիտ գործը վարում (Ընդհ., 171, 321)։ Նորա կամեցողությունն իրականանում է միացյալ կամքից, և ոչ թե նա յուր աստվածությամբ ճնշում է յուր մարդկության կամեցողությունը[7]։ Այսպիսով է նա բարձրացնում մարդուն։ Իսկ եթե նա երկու բնություն ունենար, բռնաբար պետք է հետ մղեր մարդկայինը, այլև տիրաբար պետք է հնազանդեցներ մարդկային կամքն, եթե երկու կամք ունենար։ Եվ եթե երկու անձն ունենար, տարբեր գիտակցությանց խռովությունը պետք է կրեր։ Սույնպիսի երկվությունն երով փրկագործություն չէր լինիլ[8], զի նույն բռնությամբ ու տիրությամբ, նույն ճնշմամբ և խռովությամբ կարելի էր նաև առանց մարդեղության վարել մարդկանց դեպի մի նպատակ, իսկ այդ հակառակ է ազատ կամքի Արարչի տնօրինության։ Մարդկության փրկությունն ու բարձրացումը միմիայն Քրիստոսի աստվածության ու մարդկության միությամբ է ևեթ։ Ուստիև Հայաստանյայց Ս. Եկեղեցին ընդդեմ բոլոր մոլորությանց դավանում է ընդարձակ Հավատամքի մեջ 14*. «Եղեւ Աստուածն կատարեալ` մարդ կատարեալ, հոգւով եւ մտօք եւ մարմնով մի անձն, մի դէմ, եւ միաւորեալ մի բնութիւն։ Աստուածն մարդացեալ առանց փոփոխման եւ առանց այլայլութեան»…(հոդ. 6)[9]։
Արշակ Տեր-Միքելյան «Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը»