ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԲԱՆՆ Է (ԽՈՍՔԸ)
Տեր Հիսուս Քրիստոսը «Խոսք» է կոչվում աստվածաշնչյան երեք կարևոր տեղիներում (Սույն գրքում աստվածաշնչյան տեղիները հայերեն են թարգմանվել ըստ գրաբարյան բնագրի (Վիեննա, 1929թ. հրատարակությունից), սակայն հաճախ հարկ է եղել հետևել Հին Կտակարանի եբրայերեն և Նոր Կտակարանի հունարեն տարածված բնագրերի տարբերակներին: Բոլոր այսպիսի դեպքերը ծանոթագրվել են: (Այս և հետագա ծանոթագրությունները՝ թարգմանչի))՝
ա) Հովհ. 1.1. «Սկզբից էր Խոսքը (Բանը), և Խոսքն Աստծո մոտ էր, և Աստված էր Խոսքը»: Այստեղ հստակորեն խոսվում է Նրա աստվածության մասին:
բ) Ա Հովհ. 5.7. «Երեքն են, որ վկայում են երկնքում՝ Հայրը, Խոսքը և Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են» (Ավետարանի հնագույն հունարեն բնագրերում, ինչպես նաև գրաբարյան թարգմանության մեջ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ՀԱՅՐ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ Է): Այստեղ նույնպես պարզորոշ ցույց է տրվում Նրա աստվածությունը, և «Խոսքը» եզրը դրված է «Որդի» բառի փոխարեն (հմմտ. Մատթ. ԻԸ 19):
գ) Հայտ. 19.13. «Նա հագել էր արյամբ ներկված հագուստ, և Նրա անունն էր «Աստծո Խոսք»:
«ԽՈՍՔ» ԵԶՐԸ ԴՐՎԱԾ Է ՀՈՒՆԱՐԵՆ «ԼՈԳՈՍ»-Ի ԴԻՄԱՑ
Այս բառը չի նշանակում արտաբերված բառ, այլ ունի լեզվաբանական, իմաստասիրական և եզրաբանական նշանակություն: Հունարեն «լոգոս» եզրն առաջացել է «լեգո» բայից, որ նշանակում է մտածել, տրամաբանել. այս բառից է ծագել նաև անգլերեն «logic» (տրամաբանություն) բառը: Ուստի «լոգոս»-ը չի նշանակում պարզապես բառի արտաբերում, այլ բանական արտաբերություն կամ բառերով արտահայտված դատողություն: picture_jesus_1
Հետևաբար «Խոսք»-ը (Բան) նշանակում է Աստծո արտահայտված Բանականությունը (իմաստությունը) կամ Աստծո իմաստուն արտաբերությունը: Այն ունի թե՛ բանականության և թե՛ արտաբերման իմաստները: Սա է Որդու դիրքը Սուրբ Երրորդության մեջ:
Անշուշտ, Աստված չի կարող զատված լինել Իր Բանականությունից: Աստված և Նրա Բանականությունը մեկ բան են: Եհովայի վկաները «Խոսքին» համարում են Աստված, սակայն գերագույն և ամենակալ Աստծուն ստորադաս, որովհետև նրանք չեն հասկանում Հովհ. Ա-ում նշված «Խոսք» (Բան, Լոգոս) եզրի իմաստը:
Քանի որ Քրիստոսն Աստծո Բանականությունն ու արտաբերությունն է, ապա Աստված է և հավիտենական, որովհետև Աստծո Բանականությունը միշտ էլ գոյություն է ունեցել Աստծո հետ: Ուրեմն Քրիստոսն արարված չէ, որովհետև որևէ արարված էակ գոյություն է ձեռք բերում արարվելուց հետո միայն, իսկ սա անհնար է ասել Աստծո վերաբերյալ: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ Աստված ինչ-որ ժամանակ առանց Իր բանականության էր և ապա Իր համար բանականություն ստեղծեց: Իսկ ինչպե՞ս կարող էր դա անել առանց բանականության:
Եթե մենք պատշաճորեն ըմբռնենք Սուրբ Երրորդությունը, կտեսնենք, որ Նրա Երեք Անձերն էլ հավիտենական են և որ «Խոսքն»՝ իբրև Երրորդության Անձ, Աստծո էությունից է և սկզբնապես գոյություն ունի Նրա մեջ: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Երկրորդ Անձը՝ Բանը (Լոգոսը) կամ Խոսքը, Սուրբ Երրորդության մեջ գիտության (իմաստության), բանականության կամ արտաբերության Անձն է. որովհետև «Հիսուս Քրիստոսի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը» (Կող. 2.3): Կամ, այլ խոսքով, Երրորդության մեջ Նա Իմաստության Անձն է, ինչպես սբ Պողոս առաքյալն է Նրան բնութագրում իբրև «Աստծո իմաստություն» (Ա Կոր. 1.24): Հետևաբար, երբ Խոսքը մարմնացավ, հանձին Նրա մենք Աստծուն տեսանք, թեև «Աստծուն ոչ ոք չի տեսել երբեք» (Հովհ. 1.18): Սա նշանակում է, որ ոչ ոք երբեք չի տեսել Աստվածությունը, բայց երբ Նա մարմնացավ և մարմնով հայտնվեց (Ա Տիմ. 3.16), մենք Նրան տեսանք մարմնով: Ահա թե ինչու է սբ Հովհաննես առաքյալն ասում. «Աստծուն ոչ ոք չի տեսել երբեք: Բայց Միածին Որդին, որ Հոր ծոցում է, Նա պատմեց» (Հովհ. 1.18): Այդ Քրիստոսն է, որ Աստծո մասին պատմեց և Նրան ճանաչել տվեց մեզ:
Նույն միտքն արտահայտված է Կող. 1.15-ում. «Նա աներևույթ Աստծո պատկերն է». այլև՝ Փիլիպ. 2.5-7-ում. «…Քրիստոս Հիսուս, Ով Աստծո կերպարանքով էր, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Իր անձը դատարկեց՝ առնելով ծառայի կերպարանք»: Սա նշանակում է, որ եթե Նա, հայտնվելով իբրև Աստծուն հավասար մեկը, հափշտակություն չհամարեց սա, պատճառն այն է, որ Նա իրապես էլ այդպիսին է: Սակայն, հակառակ Հորը հավասար լինելուն, մարմնանալիս Նա դատարկեց Իրեն Իր փառքից, գալով մարդու նմանությամբ՝ առավ ծառայի կերպարանք և հնազանդվեց մինչև մահ, անգամ խաչելությա՛մբ մահ (Փիլիպ. 2.8):
Եբրայեցիներին ուղղած իր թղթում սբ Պողոս առաքյալը Տեր Հիսուս Քրիստոսի մասին ասում է. «… Ում միջոցով նաև հավիտյանները ստեղծեց: Նա Նրա փառքի լույսն ու էության պատկերն է… մեր մեղքերը սրբելով՝ նստեց բարձունքում՝ Մեծության աջ կողմում՝ այնքան առավել լինելով, քան հրեշտակները…» (Եբր. 1.2-4):
«Նրա էության պատկերը» արտահայտությունը վերաբերում է այն պատկերին, որով Նա երևաց մարմնանալիս, և այսպե՛ս կարող էինք Նրան տեսնել իբրև Քրիստոս: Ուստի Տեր Քրիստոսն ասում է. «Ով տեսավ Ինձ, տեսավ Հորը» (Հովհ. 14.9):
Նա մարմնացավ մեր փրկության համար, որպեսզի մեզ մաքրի մեղքերից: Նա Իրեն դատարկեց՝ չնայած Աստծո փառքի լույսն ու Աստծո պատկերը (Բ Կոր. 4.4) և հավիտյանների ստեղծիչ լինելուն:
Այստեղ առաքյալը ներկայացնում է Տեր Քրիստոսի աստվածային հատկություններից մեկը՝ Նրա ստեղծիչ լինելը: Նա ստեղծեց հավիտյանը (աշխարհը), որովհետև Բանն էր՝ Աստծո Բանականությունն ու Իմաստությունը:
ՄԱՐԴԻԿ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ԵՆ
Տեր Հիսուսի՝ Աստծո Որդի լինելը փաստելիս կանգնում ենք մի կարևոր հարցի առաջ.
1. Արդյոք բոլոր մարդիկ էլ Աստծո որդիներ չե՞ն կոչվում:
Այո՛, մարդիկ կոչվել են Աստծո որդիներ, սակայն մեկ ա՛յլ իմաստով. նրանց աստվածորդիությունը (Աստծո որդի լինելը) տարբերվում է Քրիստոսինից: «Ծննդոց» գրքում ասվում է, որ Աստծո որդիները տեսնում են մարդկանց դուստրերին, որ գեղեցիկ էին (Ծննդ. 6.2). «Աստծո որդիներն» այստեղ Սեթի և Ենովսի որդիներն են, որոնց ժամանակվանից մարդիկ սկսեցին կանչել Տեր Աստծո անունը (Ծննդ. 4.26), իսկ «մարդկանց դուստրերը» Կայենի զավակներն են:
Եսայի մարգարեի գրքում Աստված ասում է. «Որդիներ ծնեցի և մեծացրի, և Ինձ անարգեցին» (1.2), այլև՝ «Դու ես մեր Հայրը» (63.16), և՝ «Եվ արդ, Տեր, Դու մեր Հայրն ես. մենք կավ ենք, իսկ Դու՝ մեր Ստեղծիչը, և մենք ամենքս Քո ձեռքի գործն ենք» (64.8):
Սրանք խոսքեր են, որ ցույց են տալիս մարդկանց որդիությունը, բայց սա բնավ չի նշանակում Աստծո էությա՛մբ որդիություն:
Մարդկանց՝ Աստծո որդի լինելու մասին նշված է նաև Ելք 4.22-ում. «Այսպես է ասում Տերը. «Իսրայելն Իմ անդրանիկ որդին է», և Առակ. 23.26-ում. «Տո՛ւր ինձ, որդյակ, քո սիրտը»:
Նոր Կտակարանում նույնպես Աստված մեր Հայրն է կոչվում բազմաթիվ տեղերում, ինչպես օրինակ՝ Տերունական աղոթքում, ուր մենք ասում ենք. «Հայր մեր, որ երկնքում ես» (Մատթ. 6.9), ինչպես նաև շատ ուրիշ տեղերում, ուր ասվում է «ձեր երկնավոր Հայրը» կամ «քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է…» և այլն:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐ
2. Մարդիկ Աստծո որդիներ են հավատի, սիրո կամ որդեգրության շնորհիվ:
ա) Հավատ: Սուրբ Գիրքը Տեր Հիսուսի մասին ասում է. «Իսկ ովքեր ընդունեցին Նրան, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանց, ովքեր կհավատան Նրա անվանը» (Հովհ. 1.12): Այստեղ «Աստծո որդիներ» են անվանվում հավատացյալները:
բ) Սեր: Սբ Հովհաննեսն իր առաջին թղթում ասում է. «Տեսեք ինչպիսի՛ սեր շնորհեց մեզ Հայրը, որ Աստծո որդիներ կոչվենք» (3.1): Հետևաբար սա Աստծո սիրո գործն է, որ մեզ Իր որդիներն է կոչում:
գ) Որդեգրություն: Այս բառը նշված է Հռոմեացիներին ուղղված թղթում. «… որդեգրության սպասելով» (8.23):
Նաև քաջ հայտնի է, որ «որդի» կոչվողը, եթե նույնիսկ բնությամբ էլ այդպիսին չէ, որդի է կա՛մ որդեգրությամբ, կա՛մ հոգով (հոգևոր զավակ):
3. Որդիներ լինելով հանդերձ՝ մենք դեռևս կոչվում ենք ծառաներ:
Տերն ասում է մեզ. «Երբ դուք կատարեք այն ամենը, որ հրամայվել է ձեզ, ասեք. «Մենք անպիտան ծառաներ ենք. արեցինք՝ ինչ պարտավոր էինք անել» (Ղուկ. 17.10): Նմանապես և բոլոր արդարներն են կոչվել ծառաներ, ինչպես Տերը կկոչի բոլոր նրանց, ովքեր բարի պատերազմը մղեցին և արժանացան Արքայությանը. «Կեցցե՛ս, բարի և հավատարի՛մ ծառա, քանի որ քչի մեջ հավատարիմ ես, շատի վրա քեզ կկարգեմ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25.23):
Թեև մենք Աստծո որդիներ ենք, սակայն Նրա արարածներն ենք, իսկ որևէ արարած չի կարող աստված կոչվել: Ուստի նույնիսկ հոգևոր հովիվներն են ծառա կոչվում, իրենց հոտի անդամների պես, ինչպես Տերն է ասում. «Ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, ում նրա տերը կարգեց իր գերդաստանի վրա… Երանի է այն ծառային, ում նրա տերը գալով կգտնի այդպես արած» (Ղուկ. 12.42-43):
Աղբյուր՝ Պատմական Աստվածաբանություն