Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Վանքը եղել է գիտության հզոր դարբնոց, որտեղ կրթվել են ժամանակի նշանավոր հոգևոր գործիչները՝ իրենց նպաստը բերելով Խաչենի և հարակից շրջանների մտավոր ու մշակութային կյանքի զարգացմանը: Այնտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, որոնց մի մասն ապրում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ մնացյալը սփռված են աշխահով մեկ:
Բազմաթիվ ավանդազրույցներ են կապված վանքի և նրա անվան հետ, որոնցից մեկի համաձայն՝ Ս. Խորանի տակ են ամփոփված նախակարապետ Հովհաննես Մկրտչի գլուխն ու Պանթալեոն բժշկի հրաշագործ արյունը։ Գանձասարի վանքի կառուցումն ու նրա հետագա գործունեությունը միահյուսված են Հասան-Ջալալյան իշխանական տոհմի պատմությանը։
Գանձասարը XII-XIII դարերում եղել է եպիսկոպոսանիստ: XIV դարում վանքը դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան-Ջալալյանները: Այս տոհմի իշխանների հովանավորությամբ էլ հռչակավոր վանքը երկար դարեր եղել է ոչ միայն հոգևոր, այլև հզոր մշակութային կենտրոն:
Գանձասար գիտամշակութային կենտրոն
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը տեղակայված է Գանձասարի վանքի հարակից տարածքում։
Մատենադարանի արցախյան մասնաճյուղը կառուցվել է Գանձասարի վանքին կից հոգևոր ճեմարանի համար կառուցված շենքի հիման վրա՝ ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ, որին խորհրդատվության կարգով մասնակցել է ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Կենտրոնն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, որտեղ ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակները, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցասրահներից մեկում պատկերված են Պատմական Հայաստանի վերաբերյալ քարտեզներ, որոնք օտար այցելուներին պատմում են ոչ միայն մեր երբեմնի աշխարհակալ արքաների, այլև հոգևոր փառքի մասին՝ ներկայացնելով միջնադարյան զարգացած գրչատների և դրանց սուրբ պատերի ներսում ծնունդ առած ձեռագրերի մասին՝ Անի, Վան-Վասպուրական, Տարոն-Տուրուբերան, Բարձր Հայք, Կիլիկիա… Այս շարքում իր ուրույն տեղն ունի Արցախ աշխարհը, որն այսօր դարձել է մեր ժողովրդի հոգևոր վերածննդի խորհրդանիշը և մեր նոր երազների հանգրվանը: Միջնադարյան հայկական հոգևոր կենտրոնների շարքում իր անկրկնելի դերն ու նշանակությունն է ունեցել Գանձասարը:
Աղբյուր՝ Mshakuyt.com