Նորավանքի շնորհալի ճարտարապետի մասին պահպանվել է միջնադարյան մի փոքրիկ լեգենդ. «Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը, աղջիկն էլ նրան է հավանում։ Իշխանն այդ բանն իմանալով խոստանում է աղջկան վարպետին կնություն տալ, պայմանով, եթե նա 3 տարում մի հոյակերտ տաճար կառուցի։ Երբ շինարարությունը նշված ժամկետում մոտենում է ավարտին, իշխանն ուղարկում է իր ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանում է եկեղեցու գմբեթը, հրում և վայր գցելով սպանում է Մոմիկին» (Ա․Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 228)։ Սա իհարկե ժողովրդական երևակայության ծնունդ ավանդազրույց է, բայց և յուրահատուկ հարգանքի տուրք` սիրված վարպետաց վարպետի հիշատակին։ Պարզ է, որ 1333-ին մահացած Մոմիկը, որն այդ ժամանակ յոթանասունն անց պիտի լիներ, նման պատմության հերոս չէր կարող լինել։ Բայց ավանդազրույցների մեջ սովորաբար լինում են իրական պատմության որոշ արձագանքներ։ Ժամանակին ես գրել եմ, որ այս պատմության կապն իրականության հետ, հնարավոր է, այն է, որ Մոմիկը Նորավանքում Բուրթել իշխանի պատվերով սկսած Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին չի կարողացել ավարտել կանխահաս մահվան պատճառով, և մի քանի տարի անց (1339-ին) նրա աշակերտներն են գործը լրման հասցրել։ Այսինքն, վարպետը չի տեսել կառույցի ավարտը։ Աշակերտները նաև հիշատակի խաչքար են կանգնեցրել Մոմիկին։ Սեդրակ Բարխուդարյանը, որ 1967-ին հրատարակել է այդ խաչքարի վիմագիրը, գրում է. «ԽԱՉՔԱՐ, փոքր, գեղեցիկ, հետագայում օգտագործվել է որպես շինանյութ արևելյան կողմի պարսպի մեջ, այժմ ընկած է պարսպի տակ…», և բերում է գրությունը. ԹՎ. :ՉՁԲ: (1333) ՅԻՇԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՈՒԱ)Ծ ԶՄՈՄԿԱ ՀՈԳԻՆ ԵՒ ՈՂՈՐՄԵԱ։ Այսպիսով, խաչքարի նախնական տեղը հայտնի չի եղել։ Երբ 1999 թ. գարնանը Ս. Աստվածածին եկեղեցին վերականգնումից հետո վերաօծվեց, Մոմիկի հիշատակի խաչքարը դրվեց եկեղեցու մոտ, շատ պատահական ընտրությամբ` կառույցի հարավային կողմում։ Ընդ որում՝ սխալ դիրքով, քանի որ խաչքարերը սովորաբար դրվում են արևելք-արևմուտք առանցքով, իսկ այն կանգնեցվել էր երեսով դեպի հարավ։ Շուրջ 15 տարի այդպես մնալուց հետո խաչքարն այժմ տարվել է եկեղեցուց ոչ հեռու գտնվող Մոմիկի թանգարան։ Բայց ի՞նչ կապ ունի այս խաչքարը Մոմիկի մասին լեգենդի հետ։ Բոլորովին վերջերս ես իմացա, որ Նորավանք եկող զբոսաշրջիկներին գիդերից ոմանք պատմելով մեզ արդեն ծանոթ լեգենդը, նաև ցույց են տալիս խաչքարը, ասելով, թե այն դրված է հենց Մոմիկի ընկած տեղում…։ Այ քեզ բան։ Փաստորեն, ժողովրդական պատկերավոր մտածողությունը շարունակվում է, և հնամյա լեգենդը ակամա «ապացույցներ» է ստանում։ Այսքանից հետո թերևս կարելի է նաև մտածել, որ գուցե բոլորովին էլ պատահական չի՞ եղել խաչքարի տեղադրումը նշված վայրում։ Եվ ընդհանրապես, որտե՞ղ է պատմության և լեգենդի, իրականի ու երևակայականի սահմանագիծը։
Կարեն Մաթևոսյան