«21 փետրվարի 1944 թ., Ֆրեն
Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս
Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:
Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:
Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:
Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:
2Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:
Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է , որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Սնաք բարով: Քո բարեկամ , քո ընկեր, քո ամուսին`
Մանուշյան Միշել (ջանիկդ):
Հ . Գ.— Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հագար ֆրանկ, եթե կարոդ ես վերցնել, վճարիր իմ պարտքերը ե մնացածը նվիրիր Հայաստանին:
Մ. Մ.»:
Աղբյուր՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ