Վանքը գտնվում է Հադրութի շրջանում, Իշխանագետի հովտում, Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ, հարթավայրից առանձնացող մի բլրի վրա։ Մոտ է գտնվում Ջրակուս, Հողեր և Քյուրաթաղ գյուղերին:
Պատմական ակնարկ
Վանքի հիմնադրման և գործունեության մասին պատմական գրականության մեջ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։
Այն որ այդտեղ եղել է վանական համալիր, վկայում են բլրի վրա շրջապարիսպների, միաբանության խցերի, ուխտավորաց սենյակների դեռևս պահպանված հիմքերի մնացորդները։
Ներկայիս եկեղեցին (նկ․ 1, 2, 3) երբեմնի վանական համալիրից կանգուն մնացած միակ կառույցն է, որը վերակառուցվել է 1742 թվականին Դիզակի Մելիք Եգանի և նրա հոր՝ Ղուկաս վարդապետի հրահանգով և շրջակա Գյումուշ, Չիման և Հողեր գյուղերի բնակիչների միջոցներով (Մկրտչյան 1985, 112)։
Նկ․ 1 Կավաքավանքը արևմուտքից, 2015 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Նկ․ 2 Վանքի տեսքը հյուսիս – արևելքից, 2015թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Նկ․ 3 Վանքի տեսքը հարավ – արևելքից, 2015թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Այն մասին, որ վանքը վայելում էր Դիզակի մելիքների հոգածությունը, հաստատում է եկեղեցու հարավային ավանդատան բարավորին պատկերված Դիզակի մելիքների զինանշանը (նկ․ 4):
Նկ․ 4 Դիզակի մելիքների զինանշանը ավանդատան մուտքի բարավորին, 1987 թ․, լուս․ Ս․ Կարապետյանի։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Եկեղեցին եռանավ բազիլիկ է (նկ․ 5), երկարությունը` 12,8 մետր, լայնությունը` 9,8 մետր, բարձրությունը` 5 մետր։ Ծածկը թաղակապ է, արտաքուստ՝ երկթեք տանիք։ Մուտքը բացվում է արևմուտքից, երկու լուսմուտները՝ արևելյան և արևմտյան պատերում: Առանձնանում է սրբատաշ սպիտակ քարերով մուտքը, որը հարդարված է շթաքարային նուրբ զարդաքանդակներով (նկ․ 6)։ Քանդակազարդ է նաև ավագ խորանի բեմառէջքը։
Նկ․ 5 Կավաքավանքի հատակագիծը, չափագրությունը՝ Շ․ Մկրտչյանի, Շ․ Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, էջ 113։
Նկ․ 6 Վանքի մուտքը, 2015 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Ժամանակին մուտքի բարավորի վրա եղել է արձանագրություն․ «Թվ[ի]ն ։ՌՃՂԱ։ (1742)/ յիշատակ է Սարքիսի/ ո[ր]դի Իսուն, մօրն Զօլալին, իխ/պօրն կողակից Յերիքնազին, որ/թոնցն և դո[ւ]ստիրաց: Ա[ստուա]ծ ողորմի» (ԴՀՎ 1982, 179) (նկ․ 7):
Նկ․ 7 Վանքի մուտքի բարավորը, 1987 թ․, լուս․ Ս․ Կարապետյանի։
Բարավորի վրա եղել է նաև Գրիգոր անունը, որը հավանաբար գրիչն է։
Հարավային խորանի մեջ կա արձանագիր տապանաքար՝ «Այս է տապ/ան Ս[ու]րբ Յակ/ովիկայ» (ԴՀՎ 1982, 179) (նկ․ 8):
Նկ․ 8 Ս․ Հակոբի տապանաքարը, 2015 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վանքի ներսում կա նաև լավ պահպանված մեկ խաչքար (նկ․ 9):
Նկ․ 9 Վանքի պահպանված խաչքարը, 2015 թ․, լուս․Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Արցախյան առաջին պատերազմի տարիներին 1990-92 թվականներին Կավաքի բլուրը ռազմական հենակետի էր վերածվել ադրբեջանական զինուժի կողմից, և այդ ժամանակ էլ քանդվել և անհետացել է բարավորը, ջարդվել է նաև Սուրբ Հակոբի տապանաքարը, ջնջվել մուտքի դուռը երիզող կամարակապ քարերի արձանագրությունները, ինչպես նաև Դիզակի մելիքության զինանշանը (նկ․ 10)։
Նկ․ 10 Դիզակի մելիքության զինանշանը՝ եղծված, 2000 թ․, լուս․ Ս․ Կարապետյանի։
Եկեղեցու արևմտյան հատվածում՝ տանիքից մինչև մուտքի ճակատը, ճաքած է, վնասված է նաև արևելյան պատուհանի շրջակա հատվածը, ինչպես նաև քարաթափումներ կան եկեղեցու անկյունային պատերից։
1995 թվականին եկեղեցու մոտ տեղադրվել է խաչքար 1993 թվականին այստեղ զոհված ազատամարտիկների հիշատակին (նկ․ 11):
Նկ․ 11 Վանքի տարածքի նոր խաչքարը, 2015 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
2020 թվականի հոկտեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից շրջանի այս հատվածը գրավելուց հետո, Կավաքի բլուրը կրկին վերածվել է հենակետի, ինչի հետևանքով հոկտեմբերի 13-14 ենթարկվել է հրետանակոծության։ Եկեղեցու վիճակի մասին պատերազմից հետո տեղեկություններ չկան։
Գրականություն
- Ամիրջանյան Ս․, Դիզակ, Երևան, 2006։
- Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895։
- ԴՀՎ 1982 – Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, Երևան։
- Մկրտչյան 1985 — Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
Աղբյուր՝monumentwatch.org/