Սուրբ Հարություն եկեղեցին (նկ․ 1) գտնվում է Հադրութ քաղաքի հարավ-արևմտյան հատվածում։
Նկ․ 1․ Սուրբ Հարություն եկեղեցին հյուսիս-արևմուտքից, 2016 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Պատմական ակնարկ
Հադրութի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերվում է 1428 թվականին։ Այդ թվականին պատմական Վայոց ձորի կենտրոն Եղեգիս գյուղաքաղաքի մոտ գտնվող Ճգնավորի քար անապատում ընդօրինակվել է մի ձեռագիր Ավետարան, որի գրիչ Եղիան իրեն համարում է « աշխարհաւ յԱղվանից, և տեղաւ Դիզակեցի, և գեղա հադրութեցի» (Մկրտչյան 1987, 3)։
1887 թվականին Հադրութ գյուղի երկդասյա վարժարանի տեսուչ Ի․ Դավիդբեկովը նշում է, որ բուն «Հադրութ գյուղում կա երկու եկեղեցի՝ մեկը գյուղի ստորին մասում, դեպի արևելք գտնվող հին գերեզմանոցում, որին տեղի բնակիչները անվանում էին Կռապաշտի գերեզման, որից պահպանվել են միայն պատերի մի մասը առանց կառուցման ժամանակագրությունը փաստող որևէ հիշատակության և մյուսը` գյուղի կենտրոնում բավականին գեղեցիկ տեսք ունեցող եկեղեցին» (Давидбеков 1888, 153)։
Առաջին հիշատակված եկեղեցուց և գերեզմանոցից ներկայումս հետքեր չեն մնացել։ Երկրորդ` Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է ներկայիս Հադրութ քաղաքի հին տներով շրջապատված թաղամասում։
Ըստ Մ․ Բարխուդարյանցի` եկեղեցին կառուցվել է «ՌՃՀ (1621)» (Բարխուտարեանց 1895, 69):
Եկեղեցին վերանորոգվել է 1819 թվականին, հենց այդ ժամանակ էլ տեղադրվել է գմբեթը (Մկրտչյան 1987, 3)։
Վերջին վերանորոգումը իրականացվել է 1999 թվականին արմատներով ազոխեցի ռուսաստանաբնակ բարերար Մ․ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Միանավ բազիլիկ է, կառուցված անմշակ քարից, ունի 18,35 մետր երկարություն, 9,4 մետր լայնություն (նկ․ 2)։
Նկ․ 2 Սուրբ Հարություն եկեղեցու հատակագիծը, չափագրությունը՝ Մ․ Սարգսյանի, Շ․ Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, էջ 109։
Գլանաձև թաղը հենվում է երեք զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա: Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ՝ երկու կողային նեղ ավանդատներով (նկ․ 3)։ Ուղղանկյուն դահլիճի մեջտեղում՝ շրջանաձև երդիկի վրա, բարձրանում է զանգակատունը` սրբատաշ քարից կառուցված վեց սյուներով և բրգաձև վեղարով ռոտոնդան (նկ․ 4)։
Նկ․ 3 Սուրբ Հարություն եկեղեցին ներսից, 2016 թ․, լուս․ Ն․ Սարգսյանի։
Ունի երկու փոքր, երեք մեծ լուսամուտ։ Մուտքը բացվում է արևմուտքից, այն կամարակապ է, գեղեցիկ զարդանախշերով (նկ․ 5)։
Նկ․ 4 Սուրբ Հարություն եկեղեցու գմբեթը, 2016 թ․, լուս․ Ն․ Սարգսյանի։
Նկ․ 5 Սուրբ Հարություն եկեղեցու մուտքը, 2016 թ․, լուս․ Ն․ Սարգսյանի։
Տանիքն ամբողջությամբ ծածկված է հարթ և կիսագլանաձև սալերով։ Եկեղեցու բակում կան մեկ տասնյակից ավելի տարբեր ժամանակաշրջանների տապանաքարեր (նկ․ 6, 7, 8)։
Նկ․ 6 Սուրբ Հարություն եկեղեցու բակի տապանաքարերից, 2018 թ․, լուս․ Ի․ Բաղդասարյանի։
Նկ․ 7 Սուրբ Հարություն եկեղեցու բակի տապանաքարերից, 2016 թ, լուս․ Ն․ Սարգսյանի։
Նկ․ 8 Սուրբ Հարություն եկեղեցու բակի տապանաքարերից, 2016 թ․, լուս․ Ն․ Սարգսյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցին գտնվում էր գերազանց վիճակում, գործող եկեղեցի էր, պատերազմի ժամանակ չի տուժել, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո սոցցանցերում ադրբեջանցիների տեղադրած նյութերում երևում են եկեղեցու պատերի վրա ներկով արված գրառումները (նկ․ 9, 10), ինչպես նաև տապալված են բակի տապանաքարերից մի քանիսը։
Նկ․ 9 Սուրբ Հարություն եկեղեցին ադրբեջանական օկուպացումից հետո, 2021թ․, աղբյուրը՝ https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fria.ru%2F20210523%2Fgadrut-1732593434.html%3Ffbclid%3DIwAR1FMWxDps4i810MLQBwm8v11pV54SuLyEFwkmJXf7mQaSTpJKpnCFOut7U&h=AT3O3kvDOYyFKmhcGuuiRrCM0o9u9rQzUZz_LIZUcoyk_Xoi9QoqjZE7VvnUgPc6Q_Wxkb0QeK6LT_Vbtow6omXv2zteDshZKWm8EiGFhL6PU-F7adOzA2XBBT92ZHzR5Bg4QA
Նկ․ 10 Սուրբ Հարություն եկեղեցին ադրբեջանական օկուպացումից հետո, 2021թ․, աղբյուրը՝ https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fria.ru%2F20210523%2Fgadrut-1732593434.html%3Ffbclid%3DIwAR1FMWxDps4i810MLQBwm8v11pV54SuLyEFwkmJXf7mQaSTpJKpnCFOut7U&h=AT3O3kvDOYyFKmhcGuuiRrCM0o9u9rQzUZz_LIZUcoyk_Xoi9QoqjZE7VvnUgPc6Q_Wxkb0QeK6LT_Vbtow6omXv2zteDshZKWm8EiGFhL6PU-F7adOzA2XBBT92ZHzR5Bg4QA
Գրականություն
1․ Ամիրջանյան Ս․, Դիզակ, Երևան, 2006։
2․Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
3․ Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյանը, Երևան, 1982։
4․ Մկրտչյան 1987 — Մկրտչյան Ա․, Առաջին հիշատակությունները Հադրութի մասին, Կոլտնտեսական, թիվ 16, Հադրութ։
5․ Մկրտչյան 1987 — Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
6․ Ջալալեանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս, 1858։
7․ Давидбеков 1888 — Давидбеков И., Село Гадрут Елизаветпольской губернии Джабраилского уэзда, Сборник материалов для описания местностей и племен Кавказа, N6, Тифлис.
Աղբյուր՝monumentwatch.org/