.«Աստծո առաջ ընտրյա՛լ է Սուրբ Պահքը և, իբրև գանձ, պահվում է Երկնքում. այն զե՛նք է ընդդեմ չարի և վահա՛ն է թշնամու հրեղեն նետերի դեմ: Եվ սա ո՛չ թե իմ մտքով ասացի, այլ Սուրբ Գի՛րքը կանխավ մեզ ցույց տվեց, որ տևական Պահքը օգնական եղավ նրանց, ովքեր այն պահեցին սրբությամբ:
Սիրելի՛ս, այսուհետև Պահքը ո՛չ միայն հացի ու ջրի հանդեպ է, այլ պահվել է պետք բազում բաների՛ց:
Մեկը Պահք է պահում հացից ու ջրից՝ մինչև քաղցելն ու ծարավելը, մեկ ուրիշն էլ պահում է կատարյալ կուսություն՝ նման նրան, ով քաղցում է, սակայն չի ուտում, ծարավում է, բայց չի խմում. և այս պահքը առավե՛լ է բոլորից: Մեկը Պահք է պահում մսից ու գինուց և տարատեսակ կերակուրներից, իսկ մյուսը՝ փա՛կ է պահում իր բերանի դուռը, որ վնասակար ու անկատար խոսքեր չասի: Մեկն իրեն պահում է բարկությունից և ճնշում իր սրտի խորհուրդները, որ չհաղթեն իրեն, մյուսը՝ պահվում է ունեցվածք ձեռք բերելուց, որպեսզի վաստակելու ժամանակ ունենա իր հոգո՛ւ համար: Մեկը հրաժարվում է փափուկ անկողիններից, որ արթուն լինի աղոթելու համար, մեկ ուրիշը՝ այս աշխարհի իրերից, որպեսզի չընկնի՛ թշնամու հարվածներից: Մեկը պահում է՝ սգի մեջ լինելով, որպեսզի հաճո լինի իր Տիրոջը ճգնության նեղությամբ, իսկ մեկ ուրիշը՝ ժողովո՛ւմ է այս ամբողջը և վերածում մե՛կ Պահքի..
.Չարից մշտապես պահվելը առավե՛լ սիրելի է Աստծուն, քան Պահքը՝ հացից ու ջրից, և ավելի սիրելի է սեփական անձը խոնարհեցնե՛լը… և սրտի անիրավ խորհուրդները վերացնելն ու անօրինության մուրհակը պատռե՛լը:
Այդժամ նրա համար լույսը կծագի արեգակի պես, արդարության իրավունքները կընթանան նրա առջևից, և նա կլինի Դրախտի նման՝ լի հյութալի պտուղներով, և աղբյուրի ավազանի պես, որի ջուրը չի պակասում»: