Առակներ 1.2-9
2 Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3 ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4 պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5 որպէսզի դրանք լսելով՝ իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6 թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ: 7 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը: 8 Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9 որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին:
Նավում 2:1-6
1Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. 2քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ 3Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ 4Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ 5Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ 6 Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։
Հռոմեացիներ 5:1-5
1 Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծոյ հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, 2 որի միջոցով էլ կարողացանք հաւատով մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծոյ փառքի յոյսով: 3 Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, 4 համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս: 5 Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծոյ սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ ։
Ավ. ըստ Մատթեոսի 5:1-12
1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել: