ԱԲԳԱՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՐՈՋԸ
(Գրված է Տիրոջ չորրորդ պատասխանից երեք շաբաթ անց)Աբգար, ոչնչություն իշխան Եդեսիայի,- Հիսուս-Փրկչին, հայտնված Հուդայի երկրում, Երուսաղեմի կողմերում, որպես հավերժական ՈԻժի ճառագայթ, որը վերածնել է երկինքները, աշխարհները և կենդանի էակներին, չճանաչված «նորաթուխների» կողմից, բայց հիմա ճանաչված ամենուրեք նրանց կողմից, ովքեր մինչ հիմա խավարի մեջ էին գտնվում, փառք Քեզ կեսգիշերային մանուկներից…Տեր իմ, որտե՞ղ է այն մահկանացուն, ով կարող է ընկալել Քո անսահման Սերը մեր հանդեպ, մարդկանց, որոնք Քո արարման արդյունքներն են միայն: Եվ Դու ցանկանում ես Սիրո միջոցով ամեն ինչ նորոգել ու փոփոխել: Եվ դրա համար Դու ինքդ ես ընտրել Քո ճանապարհը, որը մարդկային իմ հասկացողությամբ Աստծո համար անընդունելի և աներևակայելի է: Եվ թեկուզ Դու այժմ գտնվում ես Երկրի վրա, որին Դու կարող ես ոչնչացնել մի շնչով, թեկուզ Դու ապրում ես մարդկանց մեջ որպես սովորական մարդ: Դու չես դադարում ղեկավարել տիեզերքը և պահպանել նրան Հոգևոր-Աստվածային քո էությամբ: Եվ յուրաքանչյուր փոշեհատիկ երկրի վրա, և՛ յուրաքանչյուր կաթիլ ծովի մեջ, և՛ արևը, և՛ լուսինը, և՛ անհաշիվ աստղերը, բոլորն ուշադիր հետևում են Քո սրտի Ամենազոր Ձայնին, որը հենց Տիեզերքի բոլոր առարկաների և բոլոր արարածների էությունն է: Եվ այն օրը, երբ Քո աշակերտները հոգով հասկացել են, Տեր, թե Դու ով ես, եղել է ամենաերջանիկ և արևոտ օրը նրանց կյանքում, նույնը նաև ես եմ զգում իմ գիշերից:Եթե չլիներ իմ ոտքերի ցավը, ես վաղուց կլինեի Քեզ մոտ, բայց ես կաղում եմ և չեմ կարող քայլել, և ահա, իմ անպիտանի ոտքերը զրկում են ինձ մեծագույն երջանկության հասնելու հնարավորությունից: Թեպետ այժմ ամեն ինչ ես ուրախությամբ եմ տանում, քանզի Դու, Տեր, բարեհաճ ես գտնվել իմ հանդեպ` չնչին ավազահատիկիս, և արժանի ես համարել գրավոր խոսել Քեզ հետ: Եվ Դու սովորեցրել ես ինձ այնքան մեծ բաներ և իմ առջև բացել ես այնքան հրաշքներ և հոգևոր առեղծվածներ, որ նման գիտությունը մեզ կարող է տրվել միայն Քո կողմից, Տեր, բայց ոչ թե մարդուց:Ի՞նչ գիտեի ես նախկինում կյանքի մասին մարմնի մահվանից հետո: Աշխարհի բոլոր իմաստունները չեն կարողացել բացատրել ինձ այդ մասին: Թեկուզ մեր կրոնական ավանդությունների համաձայն, մեր աստվածներն անմահ են, բայց այդ ավանդություններն այնքան են հեռու կյանքից, ինչպես և երազները, որտեղ մերթ քայլում ես ծովի վրայով, մերթ նավով լողում ես ցամաքում:Դու ես, Տեր, ապացուցել ինձ խոսքով ու գործով, որ միայն մահից հետո է սկսվում մարմնի ճշմարիտ, հոգևոր, կատարյալ և ազատ Հավերժական Կյանքը: Եվ այսուհետ Քո պարգևած անսահման ողորմածության հանդեպ իմ կյանքի նպատակը լինելու է հավերժական երախտագիտությունը Քեզ, Տեր, և դրա համար էլ գրում եմ Քեզ այդ մասին, թեկուզ և գիտակցում եմ, որ իմ ամբողջ երախտագիտությունը ոչինչ է Քո Ողորմածության հանդեպ:Տե՛ր, ի՞նչ կարող եմ տալ Քեզ, երբ այն ամենը, ինչ ես ունեմ, Քոնն է և Քեզանից է:Եվ ես կարծում եմ, որ Քո հանդեպ եղած ճշմարիտ երախտագիտությունը, բխած սրտի խորքից, ամենաարժանին է մարդկության համար, քանի որ երախտապարտությունը ավելի շատ հատուկ է նրան: Ահա թե ինչու, երախտագիտությունից բացի, ես ոչինչ չեմ կարող մատուցել Քեզ որպես նվեր: Կասեմ Քեզ նաև, որ ես որոշել եմ այսուհետ իմ երկրում ամեն ինչ կարգավորել համաձայն Քո կամքի և Քո ցուցումների: Ես կատարեցի Քո ցանկությունը և ոչ միայն ազատություն եմ նվիրել այն պետական հանցագործին, այլև ընդունել եմ նրան իմ դպրոցում և իրավունք եմ տվել մոտենալու իմ սեղանին: Գուցե այդպես վարվելով, ինչպես ընդունված է ասել, մի քիչ սահմանն անցել եմ, բայց իմ մարդկային մտածողությունը չի կարող քննարկել այդ արարքը, այդ իսկ պատճառով գրում եմ Քեզ այդ մասին, քանզի Ինքդ ցույց կտաս ճշմարիտ ուղին և կուղղորդես ինձ:Քեզ, Տեր, Հիսուսիդ հայտնում եմ իմ Սերն ու որդիական խոնարհությունը: Թող Քո Կամքը լինի:
ՏԻՐՈՋ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Լսիր, սիրելի որդի և եղբայր իմ Աբգար.Այժմ ես ունեմ 72 աշակերտ և նրանց մեջ 12 առաքյալ, բայց նրանք բոլորը միասին վերցրած չունեն քո Հավատը, թեկուզ դու հեթանոս ես և Ինձ երբեք չես տեսել, չես տեսել նաև անթիվ հրաշքները, որոնք չեն դադարում Իմ Ծննդյան օրից: Եվ թող քո սիրտը լցվի մեծ հույսով, քանզի կպատահի և մասամբ պատահել է, որ ես մանուկներից կվերցնեմ Լույսը և կփոխանցեմ ձեզ` հեթանոսներիդ, քանզի Ես միայն վերջերս եմ այստեղ ապրող հռոմեացիների և հելենների մեջ գտել հավատ, որը չես գտնի ամբողջ Իսրայելում:Սերն ու հնազանդությունը վերացել են հուդաների սրտերից, իսկ ձեր` հեթանոսներիդ մեջ ես գտել եմ այդ զգացմունքների ամբողջությունը: Դրա արդյունքում ես Լույսը կվերցնեմ մանուկներից ու կտամ ձեզ, կտամ ամբողջ իմ Թագավորությունը` այժմ և հավիտյանս: Իսկ մանուկները կարող են սնվել այս աշխարհի մնացորդներով:Դու ցանկանու՞ւմ ես, որ Իմ Կամքը Օրենք դառնա քո երկրում: Առայժմ դա դժվար է, քանզի ամեն ինչից պահանջվում է հայտնի հասունություն: Իմ Օրենքը Սերն է: Եթե ուզում ես քո երկրում Ինձանից ինչ-որ բան ներդնել, ուրեմն, ներմուծիր այդ Օրենքը, և դու կտեսնես, թե ինչպես է ամեն ինչ հեշտությամբ կատարվելու Իմ Կամքով: ՈՒրեմն իմացիր. Իմ Կամքն ու Իմ Օրենքը այնպես սերտ են կապված միմյանց, որ, ըստ էության, նրանք կազմում են մի ամբողջություն, ինչպես մեկ ամբողջական էություն ենք Ես ու Հայրս:Իհարկե, շատ բաներ են զուգակցված Իմ Կամքին, բայց դու դեռևս չես կարող դրանք հասկանալ: Երբ կգա Իմ աշակերտը, նա կտեղեկացնի քեզ այդ ամենի մասին: Եվ հենց որ նա քեզ մկրտի Իմ Անունից, Աստվածային Հոգին կիջնի քեզ վրա և այդուհետ կղեկավարի քեզ:Հանցագործի հետ դու ճիշտ ես վարվել և ըմբռնիր, որ Ես այժմ նույնպես եմ վարվում ձեր` հեթանոսներիդ նկատմամբ: Եվ թող քո այդ արարքը հանդիսանա հայելին այն բանի, ինչ Ես հիմա եմ անում և ոչ հեռու ապագայում կկատարեմ ամբողջությամբ: Վերջինը` քո խաղաղության և ողորմածության համար: Ամե՛ն»:
ԱԲԳԱՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՐՈՋԸ
(Գրված է տասը շաբաթ անց)Եդեսիայի ոչնչություն իշխան Աբգար-Հիսուս Փրկչին, որ Երուսաղեմում հայտնվեցիր, հանուն մաքուր սրտի տեր ժողովուրդների փրկության, որոնք կամավոր ցանկանում են ապրել Նրա Խոսքի համաձայն:Տեր, ներիր, որ կրկին համարձակվում եմ անհանգստացնել Քեզ, բայց Դու գիտես, որ մարդիկ, երբ իրենց հետ տեղի է ունենում դժբախտություն կամ բնության մեջ իրենց համար անհասկանալի ինչ-որ բան, մշտապես դիմում են հայտնի բժիշկների օգնությանը, որոնք, որպես կանոն, հմտացած են բնության գաղտնիքներով:Ինչքանո՞վ ես Դու ինձ համար բարձր աշխարհի բոլոր բժիշկներից: Իմ աչքին ոչ միայն Դու ամենալավ դարմանողն ես, այլև Արարիչը և Տիեզերքի Տերը դարերից դար: Դրա շնորհիվ միայն Քեզ կարող եմ հայտնել պետական չարագուշակ աղետների մասին, որ փլվել են մեզ վրա, աղաչելով Քեզ իմ սրտի ամենախորքերից` հեռացնել մեզանից այդ սարսափելի աղետները:Քեզ պետք է հայտնի լինի` տասն օր սրանից առաջ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ ուժեղ երկրաշարժ, որը Քո շնորհիվ համարյա ոչինչ չի փլուզել: Բայց երկրաշարժից հետո երկրորդ օրը ամբողջ երկրում պղտորվել է ջուրը, և բոլորը, ովքեր խմել են այդ ջրից, սկզբում տառապել են դաժան գլխացավերով, իսկ հետո կորցրել են դատողականությունը, սկսել են նմանվել մոլագարների: Իմ հրամանով ես անմիջապես արգելել եմ օգտվել տեղական ջրից ամբողջ երկրում մինչև նոր կարգադրությունը, միաժամանակ հրամայել եմ իմ հպատակներին` հավաքվել Եդեսիայում, որտեղ ինձանից ստանում են գինի և ջուր, որ ինձ համար հեռվից բերում են նավերով: Կարծում եմ, որ այդ կարգադրություններով ես վնաս չեմ պատճառել, քանզի այդ արարքին ինձ դրդել են ճշմարիտ Բարեգթությունն ու Սերը իմ ժողովրդի հանդեպ:Իմ սրտի ողջ հնազանդությամբ խնդրում եմ Քեզ, Տեր, օգնիր ինձ և իմ ժողովրդին: Ազատիր մեզ այդ աղետից:Քանի որ դեռևս պղտոր է ջուրը, և դեռևս այն պղտորում է մտքերը, Տեր, ես գիտեմ, որ բոլոր բարի և չար ուժերը ենթարկվում են Քեզ և մեղանչում են Քեզ: Ողորմիր մեզ և հանուն իմ ժողովրդի, փրկիր մեզ այդ աղետից:Թող լինի Քո Սուրբ Աստվածային Կամքը:Երբ Տերը կարդացել է այս ուղերձը, զայրացել է նա ոգով և բացականչել: Ի դեպ, նրա ձայնը հնչել է որպես ճայթող որոտ. «Սատանա՛, Սատանա՜, մինչև ե՞րբ ես դու գայթակղելու Տիրոջը և քո Աստծուն: Ի՞նչ է արել քեզ այդ փոքրիկ ու աշխատասեր ժողովուրդը: Ինչի՞ համար ես դու նրանց տանջում: Բայց եթե դու կրկին իմ մեջ ճանաչես Տիրոջը և քո Աստծուն, Ես կարգադրում եմ քեզ` հեռացի՛ր այս երկրից դարեդար. ամեն: Նախկինում դու բավարարվում էիր միայն բզկտելով մարդկանց մարմինները, որպեսզի գայթակղես նրանց, ինչպես ես թույլ տվեցի վարվել Հոբի հետ, բայց ի՞նչ ես անում դու հիմա Իմ երկրում: Եթե համարձակություն ունես, հարձակվիր Ինձ վրա, բայց իմ երկիրն ու մարդկանց, որ կրում են Ինձ իրենց սրտերում, թող մինչև այն ժամանակը, որը քեզ տրվելու է քո ազատ կամքի վերջին փորձությունը կատարելու»:Եվ միայն այս խոսքերից հետո է Տերը կարգադրել իր աշակերտներից մեկին` գրել հետևյալ պատասխանը` ուղղված Աբգարին:
ՏԻՐՈՋ ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԲԳԱՐԻՆ
Սիրեցյալ Իմ որդի և եղբայր Աբգար.Այդ բանը քո հանդեպ արել է ոչ թե քո, այլ Իմ թշնամին: Դու չգիտես նրան, բայց Ես նրան վաղուց գիտեմ: Բայց քիչ է մնում նրան իշխելու: Շուտով այդ աշխարհի իշխանը պարտվելու է: Դու մի վախեցիր նրանից, քանզի հանուն քեզ ու քո ժողովրդի, Ես արդեն նրան հաղթել եմ:Եվ այսուհետ դու կարող ես կրկին օգտվել քո երկրի ջրից: Այն արդեն մաքրված և վնասազերծված է:Տեսնու՞մ ես, այն դեպքում, երբ սիրել ես դու Ինձ, քեզ հետ տեղի է ունեցել չարություն: Բայց այդ դժբախտության ազդեցությամբ ուժեղացել և ամրապնդվել է քո Սերը Իմ հանդեպ, որի պատճառով այն ավելի իշխող է դարձել խավարի իշխանության դեմ, և այսուհետ դու հավիտենապես ազատ ես դժոխքի ծնունդից: Ահա թե ինչու է հավատը ենթարկվում մեծ գայթակղության և փորձության, և նրան մնում է անցնել կրակի և ջրի միջով: Բայց Սիրո կրակը հանգցնում է փորձության կրակը, և ջուրը գոլորշիանում է Սիրո ուժի ազդեցությամբ:Ինչ տեղի է ունեցել հիմա քո երկրի հետ բնության ազդեցությամբ, հոգևոր բնագավառում տեղի է ունենալու շատերի հետ Իմ ուսմունքի պատճառով: Եվ կցնորվեն նրանք, ովքեր կխմեն սուտ մարգարեների ջրափոսից:Ընդունիր Իմ սերը, Իմ օրհնությունը և Իմ բարեբախտությունը, Իմ եղբայր Աբգար:
Նամակում տեղ գտած հոգևոր արտահայտությունների ճշտումը, սրբագրումը`
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ ևԳայանե ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ