ԱԲԳԱՐԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՐՈՋԸ
(Գրված է Աբգարի կողմից Տիրոջ վեցերորդ պատասխանը ստանալուց ինը շաբաթ անց, որ հանձնվել է Փրկչին` Նրա Երուսաղեմ մտնելուց հինգ օր առաջ)
Աբգար, Եդեսիայի ոչնչություն իշխան — Հիսուս Փրկչին, որ հայտնվեցիր Երուսաղեմի կողմերում, որպես բոլոր ժողովուրդների փրկություն, Տեր-օծյալ դարերից դար, Աստված բոլոր արարածների և բոլոր մարդկանց և ոգիների` ինչպես բարիների, այնպես էլ չարերի:Տեր և Աստված իմ, ամբողջությամբ իմ սրտում ապրող և ամբողջությամբ իմ մտքերը լրացնող:Տեր, Քո առաջին նամակից, որը Քո գթասրտությամբ իրավունք ես տվել կարդալու, ես գիտեմ, որ Քո սեփական Կամքի համաձայն, ամեն ինչ պետք է իրականանա Քեզ հետ այնպես, ինչպես հիմա չարամտում են այդ նենգ հուդայականները: Եվ թեկուզ ինձ հայտնի չէ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենալու, բայց ըստ մարդկային տեսակետի, իմ սիրտը` լցված Քո հանդեպ Սիրով, ցավում է Քեզ համար և զայրանում է այդպիսի չլսված անարդարություններից:Իմ անկեղծ զգացմունքների մասին Դու ոչ միայն չես կարող չիմանալ, այլև հասկանում ես ինձանից` հասարակ մահկանացուից, ավելին: Բայց և ես, Տեր, որ լրիվ հիմքերն ունեմ գրելու Քեզ, կբացահայտվի ներքոնշյալ իմ նամակում: Ես` որպես հռոմեական վասալ և իմպերատոր Տիբերիուսի մոտիկ ազգական, Երուսաղեմում ունեմ ինձ նվիրյալ լրտեսներ, որոնք առանձնապես սուր կերպով հետևում են տեղաբնակ ինքնահավան հոգևորականներին:Եվ այսպես, իմ հավատարիմ ծառաները ինձ մանրամասն հասցրել են այդ կամակոր ու ամբարտավան գրամոլների և փարիսեցիների մտադրությունները և այն մասին, թե ինչ են նրանք մտադրվել կատարել Քեզ հետ: Նրանք ոչ միայն ցանկանում են ոչնչացնել Քեզ և սպանել ըստ իրենց ձևի, այսինքն` սպանել քարկոծելով կամ վառելով, ոչ, դա նրանք համարում են անբավարար Քեզ համար: Նրանք մտադիր են Քեզ ենթարկել ամենաանմարդկային պատժի, ցուցաբերելով աներևակայելի ու անլսելի դաժանություն: Տեր, միայն լսիր ինձ. այդ գազանները` մարդկային կերպարանքով, հավաքվում են Քեզ մեխելու Խաչի վրա և թողնելու Քեզ նրա վրա, մինչև որ դու մեռնես այդ խայտառակ ցցի վրա դանդաղ մահով և սարսափելի տանջանքների մեջ:Եվ այդ մարդկանց գազանային մտադրությունը նրանք պատրաստվում են իրականացնել մոտեցող Զատիկի տոնի նախօրեին:Տեր, ինչ էլ որ լինի, նման արարքը զայրացրել է ինձ մինչև հոգուս խորքը: Եվ ես գիտեմ, որ այդ գազանները ցանկանում են սպանել Քեզ ոչ թե նրա համար, որ Դու Քեզ անվանում ես Մեսիա: Դա նրանց ընդհանրապես չի անհանգստացնում: Ինձ ստույգ հայտնի է, որ այդ դժոխքի ծնունդները ընդհանրապես չեն հավատում Աստծուն, առավել ևս` Քեզ: Եվ ինչքան հաճախ են նրանք բացարձակ անարգում Աստծուն, զրուցելով միմյանց հետ: Բայց նրանք ուրիշ մտադրություն ունեն. տեսնում ես, այդ գազանները գիտեն, որ Հռոմը` որպես սրատես Արգուս, հետևում է նրանց խաբեություններին: Ինչպես դա հայտնի է Քեզ, ոչ հեռու, քան անցյալ տարի Զատիկի ժամանակ բացահայտվել էր հերթական ժողովրդական դավադրությունը Հռոմի դեմ, նախապատրաստված հոգևորականության կողմից: Բայց ինչքան էլ նրանք խորամանկ ու ընդհատակյա են աշխատել, միևնույն է` խորաթափանց Պիղատոսը նրանց մաքուր ջրի երես է հանել, և երբ ժողովուրդը հավաքվել է տաճարի բակում, Պիղատոսը հրամայել է բռնել և գլխատել մոտ հինգ հարյուր մարդու: Բռնվել են ավելի շատ չունևորներ, քան հարուստներ, և մեծամասամբ եղել են գալիլիացիներ, հետևապես` Իրոդի հետևորդներ: Դա էլ հենց սկզբնավորել է Պիղատոսի և Իրոդի թշնամանքը: Դա հանդիսացել է առաջին հարվածը հոգևորականությանը, և շուտով հետևել է երկրորդը, բայց արդեն Հռոմից` դաժան հրովարտակի ձևով, տաճարի հոգևորականության դեմ:Այժմ նրանք ցանկանում են արդար երևալ Հռոմի աչքում, և ինչ էլ որ տեղի ունենա, իրենց հարկավոր է եթե ոչ լրիվ ոչնչացնել այդ հրովարտակը, ապա ծայրահեղ դեպքում մեղմացնել այն իրենց օգտին, և նրանց վիճակահանությունը ընկել է Քեզ վրա: Նրանք ցանկանում են Քեզ ներկայացնել որպես պետական դավաճան և պետության դեմ անցյալ տարվա ժողովրդական ապստամբության հրահրիչ: Դրանով նրանք հույս ունեն հռոմեացիների կողմից արժանանալ ներողամտության, որպեսզի հետագայում շարունակեն իրենց նողկալի գործը: Իհարկե, դա նրանց չի հաջողվի, և Դու ինձանից լավ գիտես, որ նրանց չի հաջողվի խաբել հռոմեացիներին:Տեր, եթե Դու միայն բարեհաճես իմ` Քո ամենանվիրյալ ընկերոջ և երկրպագուի ծառայությունը, ես անհապաղ իմ սուրհանդակներին կուղարկեմ Հռոմ և Պոնտացի Պիղատոսի մոտ, և ես երաշխավորում եմ, որ այդ գազաններն իրենք են ընկնելու այն փոսի մեջ, որ փորում են Քեզ համար: Բայց, ճանաչելով Քեզ, Տեր, ինչպես ես Քեզ գիտեմ` Դու կարիք չես զգում որևէ մեկի խորհրդին, առավել ևս, անցողիկ մարդկանց խորհուրդներին, ես վստահ եմ, որ Դու գործելու ես այնպես, ինչպես Դու ես համարում անհրաժեշտ, բայց ես` որպես մարդ, իմ պարտքն եմ համարել մանրամասն հաղորդել Քեզ այն ամենը, ինչ-որ իմացել եմ` նախազգուշացնելով Քեզ: Միաժամանակ խնդրում եմ Քեզ ընդունել իմ ամենաանկեղծ երախտագիտությունը այն մեծ ողորմածության համար, որ ցույց ես տվել Դու ինձ և իմ ժողովրդին: Տեր իմ, միայն ասա` ի՞նչ կարող եմ ես անել Քեզ համար:Եվ թող միշտ լինի Քո Սուրբ Կամքը:
ՏԻՐՈՋ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Լսիր, Իմ սիրելի որդի և եղբայր Աբգար:Ամեն ինչ իրապես այնպես է, ինչպես դու ես գրել Ինձ, բայց և այնպես, ամեն ինչ պետք է տեղի ունենա Ինձ հետ, համաձայն Իմ խոսքի: Քանզի այլ կերպ ոչ մի մարդ չի հասնի Հավերժական Կյանքի:Այժմ դու դեռևս այդ հասկանալու կարողությունը չունես, բայց խնդրում եմ Քեզ, դու մի նախաձեռնիր որևէ միջոց` Ինձ արդարացնելու համար, քանզի քո ձգտումները կլինեն ապարդյուն: Այդպիսին է Հոր Կամքը, որ ապրում է Իմ մեջ, Որից ես ծնունդ եմ առել մարդու կերպարանքով: Եվ թող քեզ չվախեցնի Խաչը, որին մեխելու են Ինձ: Քանզի այսուհետ այդ Խաչը լինելու է Աստծո թագավորության անկյունաքարը, ինչպես նաև նրա դարպասը մինչև դարերի ավարտը:Ես դագաղում մնալու եմ միայն երեք օր: Երրորդ օրը ես Հարություն եմ առնելու` որպես մահին և դժոխքին հավերժական հաղթող և արդար դատով դատելու եմ բոլոր անազնիվներին, բայց Իմ սրտում ապրող արդար էակների համար Ես բացելու եմ Երկնքի Դռները:Երբ մի քանի օր անց դու տեսնես, որ մարել է արևը, այն ժամանակ իմացիր, որ քո լավագույն ընկերը և եղբայրը մահացել է Խաչի վրա: Բայց և դա թող չսարսափեցնի քեզ, քանզի բոլորը ենթակա է կատարման:Եվ երբ ես հարություն առնեմ մեռելներից, այն ժամանակ, հենց այդ նույն ժամանակ, դու կտեսնես նշանի բխումը Ինաձնից, որով կճանաչես Իմ Հարությունը:Ընդունիր, սիրելի եղբայր Աբգար, Իմ Սերը, Իմ Բարեբախտությունը, և թող քեզ հետ լինի Իմ Օրհնանքը:
ԱՎԱՐՏԻՑ ԱՌԱՋ
Գերմաներենից ռուսերեն թարգմանությունը ավարտել է Լյուդմիլա Պավլովնա ֆոն Օֆֆենբերգը, ծնված 1940 թ. դեկտեմբերի 20-ին, Ժնևում:Թարգմանության սրբագրությունը և շարվածքը ավարտել է Ն. Մ. Կուշնիրը 1992 թ. ապրիլի 9-ին Բեռլինում:Ռուսերենից հայերեն թարգմանությունը կատարել է բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Ա. Խանյանը` 2014 թ. հուլիս-օգոստոս ամիսներին:
Նամակում տեղ գտած հոգևոր արտահայտությունների ճշտումը, սրբագրումը`
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ և Գայանե ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ