Իմաստ. Սողոմոնի 7.21-24
21 Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ: 22 Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար, 23 մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, ամենազօր, ամենահայեաց եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ: 24 Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս:
Երեմիա 16:16-21
16 «Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, — ասում է Տէրը, — եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: 18 Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»: 19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար: 20 Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»: 21 «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»:
Գործք 12.1-11
1 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2 եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց: 3 Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց: Բաղարջակերաց օրերն էին. 4 երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր Զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ: 5 Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած: 6 Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին: 7 Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ կանգնեց մօտը, եւ մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից: 8 Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափերը ոտքե՛րդ գցիր»: Եւ նա այդպէս արեց: Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրա՛դ գցիր եւ արի՛ իմ յետեւից»: 9 Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, որ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում: 10 Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք: Դուռն իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. ու մի փողոց մտնելով՝ անցան նրա միջով. ապա հրեշտակն իսկոյն նրանից հեռացաւ: 11 Երբ Պետրոսն ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողովրդի ամէն ակնկալութիւնից»:
Հակոբոս 1.1-10
1 Յակոբոսը՝ Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն: 2 Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3 իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4 իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք: 5 Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի: 6 Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: 7 Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8 քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: 9 Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10 իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի, ինչպէս խոտածաղիկը.
Ա Հովհաննես 1.1-7
1 Խօսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: 2 Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: 3 Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: 4 Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի: 5 Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: 6 Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: 7 Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից:
Ավ. ըստ Հովհաննեսի 21.20-25
20 Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: 21 Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: 22 Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: 23 Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ՝ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ: 24 Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որը եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է: 25 Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք եթէ մէկ առ մէկ գրուած լինէին, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին: