Կուսանաց անապատը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղի հարավարևելյան կողմում՝ զառիվայր հրվանդանի վրա։ Ավետարանոց գյուղը Արցախի ամենահին և նշանավոր գյուղերից մեկն է, եղել է մելիքանիստ կենտրոն։ Հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է 17-18-րդ դարերից և հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք։ Բնակավայրում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ (նկ․ 1)։ Գյուղն այսօր գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մ և շրջապատված է Քիրս, Ղոնդիկ և Մավաս լեռներով։
Նկ. 1 Ավետարանոց գյուղի ընդհանուր տեսքը՝ դիտված Կուսանաց անապատի կողմից։
Պատմական ակնարկ
Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցն իր գրքում նշում է մի հիշատակարանի մասին, ըստ որի Կուսանաց անապատի եկեղեցին կառուցել են Գայանե և Հռիփսիմե կույսերը՝ Տեր Առաքելի աջակցությամբ (Ջալալեանց 1858, 243)։ Եկեղեցու մուտքի բարավորին պհպանվել է յան կառուցելու թվականը. շինարարական արձանագրությունը վերաբերում է 1616 թվականին ՝«զԵկ[ե]ղ[ե]ցիս թվ․ :ՌԿԵ: (1616)» (ԴՀՎ 5, 148, նկ․ 2): Վարանդայի մելիքության սկզբնական շրջանում եկեղեցուն ավելացվել է գավիթ-տապանատունը: Այստեղ է գտնվում նաև Մելիք Շահնազարյանների տոհմական դամբարանը, իսկ անապատը հայտնի է նաև Գայանեի վանք անունով։
Ճարտարապետական — հորինվածքային քննություն
Կուսանաց անապատից այսօր պահպանված են եկեղեցին, Շահնազարյանների գավիթ-տապանատունը և հուշարձանի արևմտյան կողմում ձգվող պարիսպը (նկ․ 3)։ Եկեղեցին եռանավ բազիլիկի հորինվածք ունի, որտեղ կողային նավերը բավական նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը՝ լայն։ Հատակաձևը քառակուսուն մոտեցող է (9,0 x 11,0 մ չափեր ունի)։ Աղոթասրահը լուսավորվում է արևմտյան պատի մեջ բացված դռան և երկու պատուհանի (նկ․ 4), հարավային կողմի երկու փոքրիկ և արևելյան՝ խորանի մեջ բացվող պատուհանների միջոցով։ Սրահը թաղածածկ է՝ կոշտացնող կամարները հենվում են խաչաձև հիմք ունեցող սյուների վրա։ Սրանցից երկուսը աղոթասրահի ներսում ազատ «կանգնած» են, իսկ մյուս երկուսը կամարի համար հենարան ծառայելուց զատ նաև խորանի կիսաշրջանի անկյունային հատվածներ են դարձել։ Եկեղեցին ունի զույգ ավանդատներ, որոնք պսակում են կողային նավերի վերջնամասը։ Ինչպես խորանի, այնպես էլ ավանդատների պատերում կան խորշ-պատրհաններ։ Եկեղեցու հարավային ճակատապատին ագուցված են 15-16-րդ դարերի երեք տապանաքարեր՝ խաչային հորինվածքներով և պատկերաքանդակներով (նկ․ 5)։ Խաչքարեր և տապանաքարեր են օգտագործված և այլ պատերում: Կուսանաց անապատի կառուցներում վաղ թվագրություն ունեցող այս կոթողների օգտագործումը նույնպես ցուցում է նախկինում այստեղ եղած կրոնական կենտրոնի մասին։ Եկեղեցու ներսում՝ սյուների և կամարների վրա փորագրված են խաչանշաններ (նկ․ 6)։
Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է գավիթը, որը դասական գավիթների նման ունի քառակուսի հատակաձև (6,4 x 6,4 մետր), բայց ավելի փոքր է։ Գավիթը թաղածածկ է։ Այն նախասրահ լինելուց բացի, նաև Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունն է։ Այստեղ են գտնվում Մանվել Վարդապետի, մելիք Միրզայի, մելիք Հուսեինի, մելիք Հովսեփի և նրանց կանանց գերեզմանները և տապանաքարերը (նկ․ 7)։
Մելիք Հուսեինը և նրա դուստր Գայանեն պատմության մեջ հիշատակվում են իրենց խիզախությամբ ու հայրենասիրությամբ։ Մելիք Հուսեինի մասին պատմում է նրա տապանաքարի արձանագրությունը.
«Այս է տապան Մէլիք Շահնազարի
Որդի Մէլիք Յիսէին, Թվ․ ՌՃՁԵ (1736):
Ոգեմ զբանս գովեսդի,
Ի վերայ Մէլիք Հուսէյնի,
Զոր գրեցի այս տապանի։
Սա էր Տէր երկրին Վարանդայի,
Լե։ (35) մասն Գեղի,
Սայ էր հացով սեղանով լի,
Ողորմէր ամեն ազգի․
Կերպարնօքն էլ գովելի,
Յոյժ կոդորեաց ազգէն դաջկի,
Պատերազմեաց յետ օսմանցի․
Սա ոչ ետ հարկ թագաւորի,
Ամուր պարիսպ էր աշխարհի։
Որ է եաշն թվին։ ՌՃԾԸ (1709) (Դիվան հայ վիմագրության, 149):
Մատենագրական քննություն
Կուսանաց անապատի տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Մկրտչյան 1985, 178-180): Անապատի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև հեղինակի գրքի ռուսերեն հրատարակության մեջ (Мкртчян 1989, 138,139):
Նկ. 2 Եկեղեցու արևմտյան բարավորի արձանագրությունը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Նկ․ 4 Եկեղեցու արևմտյան պատի ներքնատեսքը։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Խորհրդային շրջանում Ավետարանոցի Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում (1940-1945 թթ․) զոհված չանախչեցիների հիշատակը հավերժացնող հուշարձան (նկ․ 8)։ Արցախյան առաջին պատերազմից հետո Կուսանաց անապատի տարածքում վերականգնման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Կղմինդրապատվել են տանիքները, բարեկարգվել է տարածքը, 2013թ․ կանգնեցվել է նաև արցախյան առաջին ազատամարտում նահատակված Ավետարանոցի քաջորդիների հիշատակին նվիրված հուշարձան (նկ․ 9)։ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին Ավետարանոց գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին @ararathau տելեգրամյան ալիքում տեսաձայնագրություն տարածվեց, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինված զինվորականները վանքը վերածել են անկարգությունների վայրի, թշնամական և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հայկական ժառանգության հանդեպ, գոռում են, անարգում հայ-առաքելական եկեղեցու ծիսական գործառույթը, տապանաքարերի և եկեղեցու կահ-կարասիի հանդեպ թշնամական և վանդալիզմի գործողություններ կատարում։ Տեսանյութում երևում է նաև, որ ջարդված են տապանաքարերը, աղտոտված է ողջ տարածքը, կոտրել և ոտնատակ են արել հուշարձանը ներկայացնող՝ պետության կողմից տեղադրված տախտակը (նկ․ 10) (https://monumentwatch.org ):
Նկ․ 8 Հայրենական Մեծ պատերազմում զոհված չանախչեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Նկ․ 3 Հուշարձանախմբի հատակագիծը, Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха (второе издание), «Парберакан», 1989, Ереван, էջ 138:
Նկ. 5 Եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված խաչքարերը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Նկ. 6 Եկեղեցու թաղի կոշտացնող կամարը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Նկ․ 7 Գավթում տեղադրված՝ Մելիք Շահնազարյանների տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը, լուս․ Լ․ Կիրակոսյանի:
Նկ․ 9 Արցախյան առաջին ազատամարտում նահատակված Ավետարանոցի քաջորդիների հիշատակին նվիրված հուշարձան, լուս․՝ Լ․ Կիրակոսյանի:
Նկ․10 Կուսանաց անապատը ներկայացնող ցուցանակը, լուս․՝ Լ․ Կիրակոսյանի:
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., «Արցախ», «Արօր», Բագու:
- ԴՀՎ 5 — Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982, էջ 172,173։
- Ջալալեանց 1858 — Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւ ն ի մեծն Հայաստան, մասն բ, Տփխիս:
- Մկրտչյան 1985 — Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ., Երևան:
- Мкртчян 1989 — Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха (второе издание), «Парберакан», Ереван․
Աղբյուր՝monumentwatch.org/