Եբրայեցիներ 10.1-18
1 Արդարեւ, գալիք բարիքների ստուերն էր օրէնքը եւ ոչ թէ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, 2 ապա թէ ոչ՝ նրանք կը դադարէին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մի անգամ ընդմիշտ մաքրուած լինելով՝ այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճահարութիւն չէին ունենայ: 3 Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում, 4 քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը: 5 Դրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտաւ, ասաց. «Զոհեր եւ պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան: 7 Այն ժամանակ ասացի, թէ՝ ահա՛ւասիկ եկայ՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստուած (ինչպէս իմ մասին գրուած է օրէնքի գրքում)»: 8 Աւելի վերեւ ասում է, թէ՝ «Զոհեր, պատարագներ, ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան եւ չուզեցիր (բաներ, որոնք ընծայւում էին ըստ օրէնքի)»: 9 Ապա ասում է. «Ահա՛ւասիկ գալիս եմ քո կամքը կատարելու, ո՜վ Աստուած»: Հերքում է առաջինը, որ հաստատի երկրորդը: 10 Այդ կամքով էլ մենք սրբուեցինք Յիսուս Քրիստոսի մարմնի մէկընդմիշտ պատարագումով: 11 Եւ ամէն մի քահանայապետ ամէն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար եւ շատ անգամ է մատուցում նոյն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել: 12 Իսկ Յիսուս միայն մէ՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար եւ մշտնջենապէս նստեց Աստծու աջ կողմում. 13 եւ այնուհետեւ սպասում է, մինչեւ որ իր թշնամիները դրուեն իր ոտքերի ներքոյ. 14 քանզի միայն մէ՛կ պատարագով կատարեալ դարձրեց մաքրուածներին մշտնջենապէս: 15 Արդ, Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ աւելի վերեւ ասուածից յետոյ, թէ՝ 16 «Սա է այն ուխտը, որը պիտի կնքեմ նրանց հայրերի հետ այն օրերից յետոյ, — ասում է Տէրը.- իմ օրէնքները պիտի դնեմ նրանց սրտերի մէջ եւ դրանք պիտի գրեմ նրանց մտքերում»: 17 Ապա ասում է, թէ՝ «Նրանց մեղքերը եւ նրանց անօրէնութիւնները այլեւս չպիտի յիշեմ»: 18 Իսկ ուր որ թողութիւն կայ, այլեւս մեղքի համար պատարագ պէտք չէ:
Ավ. ըստ Ղուկասի 20.9-18
9 Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց: 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին: 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին: 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին: 13 Այգու տէրն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն”: 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. “Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի”: 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի: 16 Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»: 17 Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»: Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ “Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ”: 18 Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»: