Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը: Ավետարանը ոչինչ չի ասում նրանց քանակի, ազգության և անունների մասին։ Որոշ եկեղեցական հայրեր և վարդապետներ (Օգոստինոս, Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Վանական վարդապետ և այլք) կարծում են, որ մոգերը 12-ն էին, մինչդեռ Որոգինեսն առաջին անգամ նշում է 3 թիվը՝ նկատի ունենալով Հիսուսին տրված համապատասխան նվերների քանակը։
Առավել ընդհանրացած եկեղեցական ավանդությունը նրանց անվանում է Մելքոն, Գասպար, Բաղդասար, որոնցից առաջինը պարսից աշխարհից էր, երկրորդը` հնդկաց, իսկ երրորդը` արաբացվոց: Նրանք մանկանը նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին խորհրդանշում էր Մանկան Թագավոր լինելը, կնդրուկը` Հիսուսի աստվածությունը, զմուռսն էլ` Տիրոջ քավչարար մահը, այսինքն` սրանով երեք մոգերը խոստովանեցին, որ ծնված Մանուկն իրենց Թագավորն է, Աստվածը և Փրկիչը:
Միջնադարում երեք մոգերին նույնացրել են նաև Նոյի երեք որդիների հետ, որոնց միջոցով բազմացավ ամբողջ մարդկությունը: Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց (առավել հին տարբերակում՝ Մոգք-մոգեր) աշխարհով, ուր հիվանդացել և մահացել է Գասպար մոգը։ Ավանդություններից մեկը նաև ասում է, որ այս մոգերը մկրտվել են Ս․ Թովմաս առաքյալի կողմից և հետագայում նահատակվել հանուն Քրիստոսի։
Նրանց մասունքները հայտնաբերել է Հեղինե թագուհին, որոնք Ե դարում Կ․ Պոլսից տեղափոխվել են Միլան և 1164 թվականից վերջնականապես հանգրվանել Քյոլնի տաճարում։ Իսկ մոգերի տված նվերները Ս․ Աստվածամայրը վերափոխումից առաջ հանձնել է Երուսաղեմի Եկեղեցուն, որոնք Արկադիոս կայսեր օրոք տարվել են Կ․ Պոլիս, իսկ 1470 թ․ Մուրադ Բ թուրք սուլթանի կին քրիստոնյա Մարիամը դրանք նվիրաբերել է Աթոս լեռան Ս․ Պողոս եկեղեցուն։
Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան