Շահ Աբասի դիմանկարը տաճարի պատին որոշվել է քանդակել շատ արագ, իսկ պատկերը քանդակվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Ո՞րն էր երկրի մահմեդական թագավորի պատկերի հապճեպ դաջման անհրաժեշտությունը Մայր տաճարի գմբեթի տակ:

1604թ.-ին Շահ Աբասը, խախտելով խաղաղության պայմանագիրը, արշավի է դուրս գալիս դեպի Հայաստան: Գրավում է Հին Ջուղան և իր հետ տանում է մեծ թվով հայերի: Շահ Աբասը մտադիր էր տեղահանված հայերի ձեռքերով շենացնել իր երկիրը: Տեղահանված հայերին տեղավորեցին Սպահանում, սակայն շատ-շատերը նույնիսկ տարիներ անց երազում էին Հայաստան վերադառնալու մասին: Շահ Աբասը հասկանում է, որ մարդկանց ձգում է հավատն ու Էջմիածինը: Նա որոշում է հայերի համար նոր հոգևոր կենտրոն կառուցել՝ մտածելով, թե հավաքատեղի ունենալը կլռեցնի հայերի՝ հայրենիք վերադառնալու պոռթկումը: Շահ Աբասը իր զինվորներին հրամայում է գնալ Էջմիածին, քանդել Մայր տաճարը և համարակալած քարերը տեղափոխելով Պարսկաստան, Սպահանում կառուցել նոր տաճար: նա հրամայում է Սպահան բերել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, որը նույնպես Էջմիածնում էր, իսկ սա կնշանակեր, որ առաքելական եկեղեցին ինչ-որ չափով կդադարեցներ իր գործունեությունը:
Բանն այն է, որ հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով է կատարվում առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններից մեկը` սուրբ մեռոնի օրհնությունը, որը և ամբողջացնում է ողջ հայ ժողովուրդը և եկեղեցին: Շահ Աբասի սարսափելի մտադրության մասին լուրը հասնում է Հայաստան: Հայ վանականները գիտեին պարսկական սովորույթներից մեկի մասին`երբեք չքանդել այն շինությունը, որի վրա կլինի պարսից Շահի պատկերը: Իսկապես, այդպես էլ լինում է: Որոշում է կայացվում հնարավորինս արագ քանդակել Շահի պատկերը տաճարի պատին, ինչը և փրկում է Մայր տաճարը ավերումից: Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու անասելի ջանքերի շնորհիվ, հնարավոր է լինում մի վաճառականի օգնությամբ գաղտնի վերադարձնել Էջմիածին:

Մեկ այլ վարկածի համաձայն միանշանակ Շահ Աբասը չէ: Նախ նրա արշավանքները եղան 1600-ական թվականներին, իսկ մինչեւ 1680-ական թթ. Շահ Աբասը վաղուց մահացել էր: Համաձայն գրավոր վկայությունների, զանգակատները՝ հյուսիսայինը, հարավայինը եւ արեւելյանը կառուցվել են Եղիազար Այնթափցի ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին եւ բնականաբար՝ Շահ Աբասի խնդիր չկար: Այս պատմությունը շինծու պատմություն է: Արխիվային նյութերի ուսումնասիրման արդյունքում պարզել ենք, որ այդ հարթաքանդակում պատկերվածը Եղիազար Այնթափցին է՝ տաճարի զանգակատները կառուցող բարերարը: Եթե ուշադիր նայեք նկարին, կտեսնեք, որ նրա ձեռքին կլոր մի առարկա կա, որն էլ ենթադրաբար այն դրամն է, որ ինքը տվել է տաճարին: