Ավետարան ըստ Մատթէոսի գլ. 2-1, 2-ում գրված է. «Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթղէհեմումը Հերովդես թագավորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ, 2 Եւ ասացին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագավորը, որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արևելքումը, եւ եկանք նորան երկրպագելու»։ Եւ ահա այն աստղը, որ տեսան արևելքումը, նորանց առաջին գնում էր, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան: 10 Եվ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ»: Այդ մոգյան քահանաները եկել էին Մոկաց աշխարհից և Հիսուսին էին բերել ոսկի (որպես վեհության խորհրդանիշ), զմուռս (որպես զորության խորհրդանիշ) և կնդրուկ (որպես սուրբ իմաստության խորհրդանիշ):
Արևելքից եկած մոգերի մասին հատվածը ընթերցելիս, առաջանում են հետևյալ հարցերը.
«Որտե՞ղ է այդ արևելքը, ովքե՞ր են այդ մոգերը եւ ի՞նչ է մոգյան քահանաների տեսած՝ արևելքում ծագած առաջնորդող աստղը»:
Ըստ Ավետարանի՝ մոգերը աստղագետներ են եղել, որոնք եկել են արևելքից: «Սուրբ Գրոց Բառարանում»՝ Աստղ արևելքի մեջ արտահայտությունը, այսպես է մեկնաբանվում. (Մեծապես արժանի ուշադրութեան որ, երբ Քրիստոս աշխարհք եկաւ, ոչ միայն հրեայք անձկաւ կը սպասէին Մեսիա-Փրկչին այլև հեթանոս երկիրներու մէջ շարք նոյնպիսի յոյսեր կը տածէին, ոմանք՝ վասն զի հրեից մարգարէութիւնները լսած էին, այլք՝ վասնզի Փրկչի մը պետքը կ՛ զգային, ոմանք ևս բացէ ի բաց Աստուծոյ յայտնութեամբը։ Արևելքէն եկող մոգերն, ինչպէս կ՝երևի, ոչ միայն սորված էին թէ արքայազուն և աստուածային անձ մը պիտի քնանէր Հրէաստանի մեջ, այլև սքանչելեօք յուղարկուեցան ի Բեթղէհեմ՝ օդերևութական լուսով մը, որ դէպ իրենց դեմ՝ եղեալ տեղը կ՛առաջնորդեր անոնց, Մատթ․ Բ․ 9։
Անուանի աստեղագէտն Քեբլէր կ՛ըսէ թե Լուսնթագ (Յուպիտեր) և Երևակ (Սատուրն) կոչված մոլորակները Քրիստոնէական թուականէն վեց տարի առաջ մեկ գծի վրայ պատահած են, և այս էր թերևս այն աստղը զոր տեսան մոգերն արևելքի մէջ, բայց սրբազան պատմութեան խոսքն այս չի ցուցներ:)] և հետևել են այդ աստղին ( Բառարան Սուրբ Գրոց, Երևան, «Ապոլոն» հրատ., 1992, էջ 55-56): [Եվ Հակոբը ճամփա ելավ և գնաց Արևելքի որդիների երկիրը… Եվ Հակոբն ասաց նրանց. «Եղբայրներս, որտեղի՞ց եք դուք»: Եվ նրանք ասացին.- «Մենք Խառանից ենք »]: Հակոբը Պաղեստինի հարավային Բերսաբե քաղաքից ճանապարհվում է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան սահմանին մոտ գտնվող հյուսիսմիջագետքյան Խառան քաղաքը, որը, չնայած Բերսաբեից ուղիղ հյուսիս գտնվելուն, կոչվում է «Արևելքի որդիների երկիր »: Բերված փաստերը ցույց են տալիս, որ գոնե Ծննդոց գրքում Հայկական լեռնաշխարհը որոշ սահմանամերձ շրջանների հետ համարվել է «Արևելքի երկիր» (Ծննդոց 29, 1-5):
Որ «Արևելքի երկիրը» Հայաստանն է վկայում է նաև մեր «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը, քանի որ Հայաստանը Բաղդադից հյուսիս արևմուտք է ընկնում։ «Էս գիշեր սուրբ Կարապետ երազ եկավ ինձի, Որ Խալիֆան ընկեր է նեղութնի մեջ, Ու զձեզի մատաղ կ՛անե իր կռքերուն. Երբ որ եկավ ձեզի մատաղ կ՛անի. Դուք ձեր գլխու ճարըն գտեք: Որդիք, ձեզի մատաղ կ՛անի. Փախեք գնացեք Հայոց թագավորի քաղաք: Գիշեր պայծառ աստղըն բռնեք նշան, Ցերեկն էլ հարցուցեք Արևելից թագավորի էրկիր»: «Սասունցի Դավիթ», Երևան, «Լույս», 1981, էջ21:
Հիսուսն Իր ճանապարհին՝ Պերսեպոլիսում, հանդիպել է Լևոնին, Մհերին և Խոռին, երեք մոգյան քահանաներին, ովքեր քսանչորս տարի առաջ եկել էին Իրեն երկրպագելու, ինչպես նաև Եփրատ գետի հյուսիսային կողմից եկած երեք իմաստուն ուսուցիչներին` Գասպարին, Բաղդասարին և Մելքոնին: Գասպարը մոգերի երկրի (Մոկաց աշխարհի) իմաստնագույն ուսուցիչն է եղել (տես «Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարան»):
Ն. Մառը իր «Հայկական մշակույթը» գրքույկի մեջ, «Արևելքի մոգերի»մասին գրել է. […Նոքա հաբեթական ծագում ունեն, ի թիվս որոց և «մարգարե» բառացի «աստղագետ», «կարապետ», նաև սարմատների «Armeni» հայազգի, տոտեմական թե արամյան ցեղի չաստված: («Կարապետ» բառի տարբեր շչական ցեղական ձևը ներկայացնողն է սվաներենում պահված – ծարմաթ խոսքը՝ «Աստված», վրացերենում «կռապաշտի»նշանակությամբ և ծարմարթ աղավաղված արտասանությամբ)] : Այստեղից երևում է, որ «մարգարե», «աստղագետ», «հայ» (armeni) բառերն ունեն նույն իմաստը (Ն. Մառ, Հայկական մշակույթ, Երևան, «Հայաստան»հրատ., 1989, էջ 37):
«Նախ և առաջ, հրեաները աստղագետներ չեն եղել և աստղերը չեն ուսումնասիրել: Իրենց հավատքից ելնելով` համարել են, որ դա կռապաշտություն է » (Այզեկ Ազիմով, Աստվածաշունչ մատյանի ուղեցույց):Այն, որ աստղագիտությունը հնագույն ժամանակներից ի վեր զարգացած է եղել Հայաստանում, այսօր արդեն անվիճարկելի հարց է: Նույնիսկ ավելին, որոշ գիտնականներ կարծում են, որ հենց Հայաստանն է աստղագիտության հայրենիքը: Այդ են վկայում քարե աստղային քարտեզները, կենդանակերպի, մոլորակների, աստղային այլ լուսատուների գաղափարագրերի առկայությունները վաղնջական Հայաստանում և այլն:Մարդկային ամենազորավոր «զենքը»` լեզուն, տվյալ պարագայում հայոց լեզուն, չէր կարող անմասն մնալ՝ չներառելով տվյալ գիտության մշակած աշխարհայացքից:Օրինակ` «մարգ»` արդի ըմբռնմամբ` բանջարանոցային հողաթումբ, իրականում «մարգ» գրաբարյան հնագույն բուն հայկական բառ է, որ նշանակում Է աստղ (Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1977, էջ 275- 277):
Այս բառից է կազմվել Մարգար անձնանունը, որը նշանակում Է բարձրագույն (ար) աստղ. Աստղ-մարգ հասկացությունից է նաև «մարգարե» բառը, որը, ըստ Անանիա Շիրակացու՝ նշանակում Է «աստղագետ»:Հայ – Հայաստան, նույն Հայերեն արմատական բառարանում «հայել>» բացատրվում է` ներքևից վերև նայել, «նայել`» վերևից ներքև (նայել), «տեսանել`» հավասար ուղղությամբ նայել (Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 3, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1977, էջ 23):
Աստ` աստղ;Ան` երկինք:Հետևաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետևող, նայող (ազգ):Հայաստան – նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:Ըստ հին միջագետքյան պատկերացումների (որոնց մի մասը տեղ է գտել Աստվածաշունչ մատյանում)` Հայաստանը արևածագի (արևի ելման` արևելքի, ու մայրամուտի) երկիրն էր, արևի հանգրվանատեղը:Եվ Միջագետքից ու Պաղեստինից հյուսիս տարածվող լեռնաշխարհը համարվել է «արևելք» ոչ թե բառի աշխարհագրական կողմ ցույց տվող, այլ «արևի ելքի երկիր» իմաստով: Հետագայում նախնական իմաստը մոռացվել է, և բառն ընկալվել է աշխարհագրական իմաստով: Ասվածը կարելի է հիմնավորել նաև այն բանով, որ Հայկական լեռնաշխարհի` արևի հանգրվանատեղը լինելու մասին պատկերացումը պահպանվել է նաև խեթական աղբյուրներում: Վերջիններիս համաձայն` արեգակը ծագում էր «Արևելյան ծովից», որը դատելով փաստերից՝ Վանա լճի խեթական անվանումն է: Դա լիովին համահունչ է Գ. Սրվանձտյանցի 19-րդ դարում գրի առած հայկական ավանդազրույցներին, որոնց համաձայն՝ արևի ոսկյա ննջարանը գտնվում էր Վանա լճի հատակին, որտեղից ամեն առավոտ ելնում և ուր ամեն գիշեր վերադառնում էր ցերեկվա լուսատուն:
Դա է պատճառը, որ հայկական մտածողության մեջ մինչև այսօր պահպանվել է «մայր մտնել» արտահայտությունը: Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ այս առումով է ստեղծվել «Վերջալույս» անունը, օրինակ՝ դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի անունը: Վերջում անենք մի ենթադրություն: Ինչպես տեսանք Հին կտակարանի կարևորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ և այլն), Հայաստանը հանդես է գալիս իբրև «արևելք»: Ելնելով դրանից` չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ Նոր կտակարանում ևս հիշատակվող «մոգերն արևելքից», ովքեր առաջինը եկան ողջունելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հայաստանի քրմերն էին (Արտակ Մովսիսյան, Սրբազան լեռնաշխարհը, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2006, էջ 19):
Նյութը վերցրել եմ «Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումներ» գրքից։
Հրաչյա Խաչիկի Հարությունյան