«Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն» (Մատթ. ԻԴ. 11):
ԻԱ. դարը գիտական եւ տեխնոլոգիական նվաճումների, քաղաքական, տնտեսական տեղաշարժերի, մշակութային ձեռքբերումների եւ արժեհամակարգերի փոփոխության ժամանակաշրջան է: Առաջընթացի կողքին առավել նկատելի են դառնում բացասական երեւույթներն ու գործընթացները. չենք կարող ժխտել, որ հեռացել ենք Աստծուց, քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից, հոգեւոր արժեքներից, դարձել առավել սնոտիապաշտ, ունայնամիտ:
Գիտական, գրական արժեք ներկայացնող գրքերի փոխարեն ամենուր հանդիպում ենք տարատեսակ հորոսկոպների, աստղագուշակների, երազահանների, համաստեղության նշաններով զարդերի ու թալիսմանների: Անգամ հեռուստատեսությունն է, կարծես դիտավորությամբ, հետաքրքրություն առաջացնում աստղագուշակության, հեռազգայության նկատմամբ. ակամայից հիշում ես աստվածաշնչյան խոսքերը.
«Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են եւ իրենք ամէնքն էլ ունայնութեան մէջ են» (Սաղմ. ԿԱ. 10):
Այսօր աստղագուշակներից շատերն իրենց համարում են ճշմարիտ եւ աստվածավախ քրիստոնյաներ, իսկ գուշակությունը` Աստծո կողմից տրված շնորհ: Մինչդեռ ճշմարիտ քրիստոնյան նա է, ով հավատում եւ հետեւում է Հիսուս Քրիստոսին, ընդունում նրա վարդապետությունը, ուսուցումները: Եթե որեւէ մեկը շեղվում եւ հեռանում է ճշմարիտ հավատից, Աստծո խոսքից, չի կարող «ուղղադավան քրիստոնյա եւ հավատացյալ» համարվել:
Քրիստոնեական դավանաբանությունը հստակ ամրագրված է Առաքելական եւ առաջին երեք տիեզերաժողովների (Նիկեա` 325, Կ. Պոլիս` 381, Եփեսոս` 431) հավատո հանգանակներում: Վերոնշյալ հանգանակներում սահմանված են դավանաբանական այն սկզբունքները, որոնք քրիստոնեության հիմնասյուներն են: Եկեղեցին տարբերակել եւ մերժել է քրիստոնեական դավանաբանությանը հակասող կեղծ ուսմունքներն ու մոտեցումները: Ընդհանուր դոգմատիկ ձեւակերպումներից շեղված ընկալումներն ու մեկնությունները համարվել են հերետիկոսություն, իսկ նրանց հետեւորդները` հերետիկոսներ կամ աղանդավորներ:
Քրիստոնեական վարդապետության անկյունաքարը մշտապես եղել է Ավետարանը: Առաքյալները մտահոգ էին, որ ժամանակի ընթացքում այն կարող է խեղաթյուրվել ստահոդ մեկնություններով: Նրանք Եկեղեցուն հանձնարարեցին նզովել կեղծ ուսուցումներ տարածողներին.
«Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի» (Գաղ. Ա. 8):
Ելնելով պատմական եւ ավետարանական ուսուցման այս դիտանկյունից` քննարկենք քրիստոնեության եւ աստղաբանության հարաբերության հիմնահարցը:
Չնայած շատ աստղաբաններ իրենց անվանում են քրիստոնյաներ, սակայն մշտապես հակված են ձեւախեղելու աստվածաշնչյան ուսուցումները: Օրինակ` հայտնի աստղաբան Դեվիդ Լոգանը պնդում է, որ Հիսուս մարդկության Փրկիչը չէր, մերժում է նաեւ Ադամին ու Եւային, համաշխարհային ջրհեղեղին վերաբերող սուրբգրային հատվածները, սակայն գոհունակությամբ է խոսում հակաքրիստոսի ապագա գալստյան մասին: Մեկ այլ նշանավոր աստղաբան Լինդա Գուդմանը փորձում է հիմնավորել` Քրիստոս Աստծո Որդին չէր, այլ սովորական մահկանացու. առաջարկում է վերադառնալ պարզունակ բազմաստվածությանը եւ նույնիսկ փորձում է «համոզել», որ Ադամի ու Եւայի անհնազանդությունը Աստծուն ամենեւին էլ մեղսագործություն չէր: Ճիշտ է` յուրաքանչյուրն ունի հավատի եւ դավանանքի ազատության իրավունք, իրեն բնորոշ պատկերացումներ, սակայն վերոնշյալ տեսակետները, անտարակույս, չեն կարող ընդունելի լինել քրիստոնյայի համար: Հովհաննես առաքյալը, խոսելով նման դեպքերի մասին, զգուշացնում է.
«Իսկ ո՞վ է ստախոսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է: Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հորը եւ Որդուն» (Յովհ. Բ. 22):
Սուրբգրային բազմաթիվ հատվածներում Աստված դատապարտում է աստղագուշակությունը: Սուրբ Գիրքը Արարչի խոսքն է, իսկ քրիստոնյան անվերապահորեն հավատում է այդ խոսքին, ուստի նա չի կարող հետեւել այնպիսի հավատալիքների եւ երեւույթների, որոնք նզովյալ են: Քրիստոնեությունը մերժում է աստղագուշակությունը. այն իր ծագմամբ բազմաստվածային հավատալիքի դրսեւորում է: Աստղագուշակությունը պատմականորեն ձեւավորվել է երկնային լուսատուների հեթանոսական պաշտամունքից: Աստղերը համարվում էին աստվածություններ, որոնք ունեին մարդկային ճակատագրերը տնօրինելու կամք եւ զորություն: Փաստորեն աստղաբանության կրոնական հիմնասյունը բազմաստվածությունն է, որը խստորեն արգելվում է Սուրբ Գրքում: Անտիկ բազմաստվածային հավատալիքները կամ կռապաշտությունը չեն կարող մոլորեցնել ճշմարիտ քրիստոնյային:
Մի խումբ աստղագուշակներ փորձում են «հիմնավորել», թե Եկեղեցին հատուկ նպատակով որոշ գրքեր բացառել եւ դուրս է թողել սուրբգրային կանոնից: Կարելի է ենթադրել, որ այդ գրքերում նշվում է, թե իբր Հիսուս զբաղվում էր աստղագուշակությամբ: Ժամանակակից աստղաբանների որոշ աշխատություններ` «Քրիստոսի անհայտ կյանքը», «Ջրհոսի ավետարան», որոնք զուրկ են գիտական հիմնավորումից, նման ստահոդ համոզմունքներ են բովանդակում:
Նոր Կտակարանի նշանավոր ուսումնասիրողներից դոկտոր Էդգար Գուդսպիդը (Չիկագոյի համալսարան) իր «Ժամանակակից ապոկրիֆները» (Բոստոն, 1956) աշխատության մեջ անդրադարձել է վերոնշյալ գրքերին: Նա մանրամասնորեն ապացուցում է, որ դրանք գիտական որեւէ արժեք չեն ներկայացնում եւ բովանդակում են պատմականորեն չհիմնավորված եւ կեղծ տեղեկություններ, մեկնաբանություններ:
Աստված աներկբայորեն արգելում է նաեւ ոգեհարցությունը (օկուլտիզմ): Օկուլտիզմ` լատ. occultus — գաղտնախորհուրդ, ծածուկ, անդրշիրիմյան. ուսմունք, սնոտիապաշտական պատկերացումների համակարգ ըստ որի` գոյություն ունեն խորհրդավոր, գերբնական, անդրաշխարհային ուժեր, որոնք անհասանելի են բանականությանը. դրանք կարող են զգալ եւ ճանաչել միայն այսպես կոչված «ընտրյալները, լուսավորյալները», որոնք «հոգեբանական պատրաստվածության» երկար ճանապարհ են անցել: Օկուլտիզմի հետ են կապված մոգության եւ գուշակության տարատեսակները, ոգեհարցությունը, աստվածիմացությունը (Энциклопедия социологии, М., 2009):
Ի դեպ, աստղագուշակությունն օկուլտիզմի ճյուղավորումներից մեկի` մանտիկայի (հուն. μαντική — գուշակություն բառից. գիտակցական վիճակ, երբ դրսեւորվում է ՙմարգարեանալու շնորհը՚) դրսեւորում է: Մանտիկան տարաբնույթ միջոցներով ապագայի կանխագուշակումն է (Философский энциклопедический словарь, М., 2010): Անտիկ շրջանում գուշակության ձեւերը բազմաբնույթ էին` երազների միջոցով (օնիրոմանտիա), ըստ որոշ թռչունների թռիչքի (աուսպիցիա), կրակով (պիրոմանտիա), ըստ մարդու կառուցվածքի (մորֆոսկոպիա եւ ֆիզիոգնոմիկա), մեռյալների միջոցով (նեկրոմանտիա), երկնային երեւույթներով եւ լուսատուների դասավորությամբ (աստրոլոգիա), կենդանիների ներքին օրգաններով, ձեռքի ափով (խիրոմանտիա) եւ այլն: Գրեթե բոլոր գուշակներն էլ զբաղվում են հոգեչափությամբ (psychometry), մասնակցում ոգեկանչության «արարողակարգին», անբնական ներշնչման, «պայծառատեսության» վիճակում հայտնվում, հաղորդակցվում ոգեմիջնորդների (medium) հետ: Աստղագուշակները եւս պնդում են, որ տարբեր հորոսկոպներ կազմելու համար պետք է օժտված լինել հատուկ «հոգեկան ներըմբռնումով» (ինտուիցիա):
Բազմադարյա հետազոտությունները եւ հնագիտական պեղումներն ապացուցել են Սուրբ Գրքի անսխալականությունը: Աստվածաշնչի բոլոր մարգարեությունները մշտապես իրականացել են, մինչդեռ աստղաբանների կանխագուշակումները սխալ են եւ կեղծ: Մասնավորապես աշխարհի վերջի վերաբերյալ հաճախակի շրջանառվող «մարգարեությունները» ակներեւ դարձրին աստղագուշակության անզոր եւ ոչ ճշմարտացի լինելը: Մովսեսը կանխագուշակումների մասին ասում է.
«Եթէ ձեր մտքում ասէք` «Ինչպէ՞ս իմանանք, թէ Տէրը չի ասել այդ խօսքերը», ապա իմացէ՛ք. եթէ Տիրոջ անունից մարգարէի ասածը չի կատարւում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խօսքը չէ. մարգարէն ամբարշտութեամբ է խօսել, ուրեմն մի՛ թողեք նրան խօսել» (Օրինաց ԺԸ. 21-22):
Վերջինս ընդգծում է նաեւ, որ Աստծո մարգարեների բոլոր կանխասացությունները նույնությամբ կատարվել են, հետեւաբար դժվար չէ ճանաչել ստախոսներին: Աստղաբաններն իրենց գուշակություններում գրեթե միշտ սխալվում են (պարզապես երբեմն որոշ զուգադիպություններ են լինում):
Նշենք նաեւ, որ գուշակությունները մարդու վրա թողնում են հոգեբանական ծանր, երբեմն էլ անդառնալի հետեւանքներ: Դրանք կարող են հոգեկան ծանր ապրումներ, լարվածություն, խուճապ առաջացնել: Ըստ աստղաբանների` մենք «խաղալիք» ենք աստղերի ձեռքին, որոնք կյանքի բոլոր ոլորտներում ղեկավարում են մեզ:
Այսպես աստիճանաբար դառնում ենք աստղագուշակների «ստրուկը» եւ ընկնում հոգեբանական կախվածության մեջ. նրանք գուշակում են մեր ապագան, հաջողությունները եւ անհաջողությունները, դժբախտություններն ու երջանիկ լինելու հնարավորությունը, ամուսնության համար նպաստավոր ժամանակահատվածը, մասնագիտական ձեռքբերումները… Պարզապես պետք է հասկանալ, որ բոլոր գուշակներն էլ իրենց տարօրինակ «պայծառակերպությամբ» կարծես իրենց կամքն են մեզ պարտադրում, եւ այս ամենի հետեւանքով ավելորդ են դառնում մարդկային բանականությունը, վերլուծելու կարողությունը, ընտրության ազատությունը, սերը, ապրելու ձգտումն ու պայքարը: Շատերն էլ այս ճանապարհով նյութական միջոցներ են կորզում` երբեւէ չխորհելով իրենց արարքի ծանր եւ արատավոր հետեւանքների մասին: Մատթեոս ավետարանիչն ասում է.
«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն» (Մատթ. Է. 15-16):
Սուրբ Գիրքը վկայում է` Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ.
«Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ…» (Ծննդ. Ա. 26):
Մարդն է Աստծո արարչագործության թագն ու պսակը. «Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց»: Աստուած օրհնեց նրանց ու ասաց.
«Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ» (Ծննդ. Ա. 27-28):
Մարդն օժտված է ազատ կամքով, բանականությամբ, ունի ըտրելու հնարավորություն, նրան է շնորհված «իշխելու եւ տիրելու» իրավունքը, ուստի Տիրոջից բացի ոչ ոք եւ ոչինչ չի կարող կանխորոշել նրա ապագան: Աստված լուսատուներն ստեղծեց ցերեկն ու գիշերը զատելու, երկիրը լուսավորելու եւ ոչ թե մարդկային ճակատագրերը տնօրինելու համար.
«Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մեջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը» (Ծննդ. Ա. 14).
«Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն` ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն` գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր: Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ` երկիրը լուսաւորելու համար, ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար» (Ծննդ. Ա. 16-18):
Կռապաշտություն չէ՞ արդյոք աստղերին վերագրել այնպիսի զորություն եւ իմաստություն, որոնցով միայն ամենայնի Արարիչն է օժտված: Ակնհայտ անմտություն է նաեւ կյանքն ու ապագան վստահել անկենդան աստղերին, հուսալ եւ սպասել, որ դրանք գործեն կամ որոշումներ ընդունեն. փոխարենը կարդանք Սուրբ Գիրքը, հավատանք եւ ապավինենք միայն մեր երկնային Հորը, ապրենք եւ ամրանանք այդ հավատով` աղոթասիրությամբ, համբերությամբ եւ խոնարհությամբ շտկելով մեր թերությունները, հաղթահարելով թուլություններն ու արատները. այդժամ բոլոր գուշակությունները կթվան ծիծաղելի, ունայն եւ անհեթեթ: Աստղագուշակություններին հետեւելիս հիշենք Եսայի մարգարեի խոսքերը.
«Չարչարուեցիր քո խորհուրդներով: Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թէ ի՛նչ է գալու քո գլխին: Ահաւասիկ նրանք բոլորը, ինչպէս խռիւ, պիտի այրուեն կրակի մէջ եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրայ. դրանք քեզ համար օգնութիւն պիտի լինեն» (Ես. ԽԷ. 13-14):
ԱՐՓԻՆԵ ՉԱՆԹԻԿՅԱՆ