Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ` երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ`
Պաշտե գեթ իր մայրիկին:
Ախ, անառակ որդիք շատ եմ տեսել, շատ,
Անառակ մայր…Օձն էլ չունի, օ, երբեք,
Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ
Ողջ աշխարհում այս պղերգ:
Աստվածները սատանաներ դուրս եկան,
Ախպերն ախպոր, քույրը` քրոջ կդավե,
Սուրբ է մնում միայն սիրտը մայրական,
Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ:
Սայաթ-Նովան իր սիրուհուն սիրերգեց,
Նարեկն` սատծուն, Խայամն երգեց իր գինին,
Ես ինձ ասի` մորդ երգիր, բանաստեղծ,
Որ մայրանան կյանք ու կին:
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ`
Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
Բոլոր մոլոր, բոլոր մոլոր մայրերին…
* * *
Ես սիրում եմ ծաղիկները
Մեկ էլ մորս աչքերը պարզ,
Ազգեր մեկ էլ ձեր արքերը`
Թե ծաղկի պես նայեն վաս:
Ես սիրում եմ ողջ աստղերը,
Մեկ էլ մորս աչքերը հեզ,
ԱՍտված մեկ էլ քո աչքերը`
Թե ինձ պահես մայրիկիս պես…
* * *
Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:
Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ,
Վիշտ է եղել կյանքը հին:
Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:
* * *
Մայրս փոքրիկ, մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ, մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս` մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:
* * *
Մորս աչքերն օրոցքիս
Զույգ մոմերի պես վառվել`
Գիշեր ու զօր աչքերիս
Լույս տալով են սպառվել:
Ու թախծում եմ ես պռով,
Ախ, չլինի մորս պես`
Սևան, դու էլ վառվելով
Ու լույս տալով սպառվես…
* * *
Մայրս` ձեզ համար
Խեղճ, անշուք մի մայր,
Ինձ` նշխար մի երգ.
Ինձ` մի տիեզերգք,
Ինձ աշխարհ բերած
Մի նշխար աստված:
* * *
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
* * *
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` , ախ, քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի: