Հռոմեացիներ 1.1-7
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծոյ աւետարանը, 2 որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում 3 իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ 4 որը զօրութեամբ՝ Աստծոյ Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, մեր Տէր Յիսուս Քրիստոսը, 5 որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, 6 որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. 7 ամէնքիդ, որ Հռոմում էք, Աստծոյ սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից:
Ավ. ըստ Ղուկասի 2.1-7
1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար: