Կամ կը քըշեմ վաղվան հույսով`
Արևն առած ճակտիս վըրա:
Հորիզոնը, անհուն լույսով
Իմ աչերուս մեջ կը լողա:
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր: —
Կը թըռչըտի շուրջը կալին
Իշամեղուն, բռնկած գոհար,
Ու թափ տալով խըռպոտ տաղին`
Լըծկանն առաջ կը մըղե հաչ:
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր: —
Վարոցըս սուր, հըսկա մասուր,
Հոտված` սըրտեն անտառներուն
Իմ ծույլ եզիս կողեն հաստույր
Մերթ կը քաղե կաթիլ մ’արյուն:
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր: —
Հորձանքին մեջ աշխետ հունձքին
Ես կը լողամ երգերուս հետ.
Մըղեղներուն հետ միասին
Կ’ըմպեմ խարին հոտն ափավետ:
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր: —
Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ,
Ու մըշակներն ալ` ծարավի.
Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,
Թան աղբյուրին մեջ կը պաղի:
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր: —
Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր,
Որ օծեցի քեզ կուպրերով,
Զինեցի պորտըդ սևավոր
Կայծքարե սուր ակռաներով:
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր: —
Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա,
Մըշուշին մեջ մըղեղներուն,
Անհունորե՜ն կ’արշալույսնա:
…Զվարթությո՜ւն խըրճիթներուն:
— Կեցի՛ր կամըս, ա՛լ կեցիր դուն,
Խաղաղությո՜ւն խըրճիթներուն…