Շենին կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում՝ գյուղամիջով հոսող վտակի վրա (նկ․ 1, 2): 2020 թվականի հոկտեմբերից Մարիամաձորը գտնվում է Ադրբեջանական օկուպացիայի տակ։
Նկ․ 1 Կամրջի ընդհանուր տեսքը, 2019 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, 2020 թ․, լուս․ Ս․ Ամիրջանյանի։
Պատմական ակնարկ
Կամուրջն իրար է կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը։
Կամրջի՝ գետի հոսքն ընդդեմ ճակատին ագուցված շինարարական արձանագրության համաձայն կամուրջը և աղբյուրը կառուցվել են 1869 թվականին․ «Այս աղբուրս եւ կարմունճս /յիշա/տակ է ծնողաց / մերոց, Դաւիթ/իս եւ Գրիգորիս / Ասրիեան, 1869 ամի» (նկ․ 3) (Կարապետյան 2009, 114)։
Նկ․ 3 Կամրջի շինարարական արձանագրությունը, 2019 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Միաթռիչք կամուրջ է, կառուցված կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Կամարների քարերը սրբատաշ են (նկ․ 4)։
Շինարարական հիմնական արձանագրությունից բացի պահպանվել են նաև ևս երկու արձանագրություններ, որոցնում ընթեռնելի են «Գրիգոր Ասրիյան, շինեցի ուստա, Դավիթ», ( նկ․ 5) (Կարապետյան 2009, 114 )։
Խորհրդային տարիներին կամուրջն ենթարկվել է վերակառուցման և հարմարեցվել ժամանակակից տրանսպորտային միջոցների համար երթևեկությանը։
Նկ․ 4 Կամուրջն ու Շենին աղբյուրը, 2019 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
նկ. 5 Կամրջի արձանագրությունները, 2019 թ․, լուս․ Գ․ Բուդաղյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Կամուրջը գտնվում էր լավ վիճակում և օգտագործվում էր։ Պատերազմի ժամանակ չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․Կարապետյան 2009 – Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան։