Ա Տիմոթեոսին 4.1-12
1 Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ 2 տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, 3 որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն. 4 որովհետեւ Աստծոյ բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ՝ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. 5 քանի որ Աստծոյ խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է: 6 Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կլինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար. 7 բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ, 8 որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը՝ այս կեանքի եւ հանդերձեալի: 9 Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, 10 որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծոյ վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների: 11 Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր. 12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ:
Ավ. ըստ Հովհաննեսի 2.23-3.12
2.23 Եւ երբ Յիսուս Զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատերը հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: 24 Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետեւ ինքն ամէնքին ճանաչում էր, 25 եւ կարիք չկար, որ որեւէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կայ մարդու հոգու մէջ:
3.1 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը տեսնել»: 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. մի՞թէ կարելի է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել եւ ծնուել»: 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծոյ արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 որովհետեւ քամին ուր ուզում է, փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: 9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»: 10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս: 11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում: 12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, ու չէք հաւատում, հապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ: