Առակներ 8.4-11
4 «Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը: 5 Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, 6 ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, 7 քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը: 8 Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, 9 բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են, եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»: 10 Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի: 11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան:
Մաղաքիա 4.4-6
4 Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կգայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, 5 որպէսզի նա հօր սիրտը դաձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից: 6 Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները»:
Եսայի 40.3-5
3 Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծոյ շաւիղները: 4 Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր: 5 Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծոյ փրկութիւնը, քանզի Տէրը խօսեց»:
Գործք 13.25-33
25 Եւ երբ Յովհաննէսն իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ”: 26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձեզ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27 բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: 28 Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: 29 Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: 30 Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31 որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: 32 Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33 եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. “Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ”:
Ավ. ըստ Ղուկասի 1.57-80
57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց. 58 եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ: 59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում: 60 Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»: 61 Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմում չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»: 62 Նշանացի հարցրին նրա հօրը, թէ ինչ կկամենայ նրան կոչել: 63 Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Նրա անունը Յովհաննէս է»: Եւ բոլորը զարմացան: 64 Եւ իսկոյն նրա բերանը բացուեց, ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն: 65 Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին: 66 Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կլինի այս մանուկը»: Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր: 67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց. 68 «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այցի եկաւ մեզ եւ փրկութիւն բերեց իր ժողովրդին: 69 Եւ իր ծառայ Դաւթի տնից մեզ համար մի հզօր Փրկիչ հանեց, 70 ինչպէս որ խօսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարէներն էին. 71 փրկութիւն մեր թշնամիներից եւ բոլոր մեզ ատողների ձեռքից՝ 72 ողորմութիւն անելու համար մեր հայրերին եւ յիշելու իր սուրբ ուխտը. 73 այն երդումը, որ արել էր մեր հօրը՝ Աբրահամին, 74 որպէսզի թշնամիների ձեռքից փրկուած՝ կարողանանք առանց երկիւղի ծառայել նրա առաջ 75 սրբութեամբ եւ արդարութեամբ՝ մեր կեանքի բոլոր օրերում: 76 Եւ դու, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առջեւից՝ պատրաստելու նրա ճանապարհները, 77 տալու նրա ժողովրդին փրկութեան գիտութիւնը նրանց մեղքերի թողութեան համար՝ 78 մեր Աստծոյ գթառատ ողորմութեան շնորհիւ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի՝ ծագելու նրանց վրայ, 79 որոնք նստած են խաւարի եւ մահուան ստուերների մէջ, ուղղելու մեր ոտքերը դէպի խաղաղութեան ճանապարհները»: 80 Եւ մանուկն աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը: