Քանդակագործ, գեղանկարիչ
7 սեպտեմբեր, 1929 — 13 հուլիս, 2010
Ծնվել է ՀՀ Ստեփանավան քաղաքում: 1945թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1950-52թթ ծառայել է խորհրդային բանակում: 1956-58թթ աշխատել է Երևանի հախճապակու գործարանում, որպես նկարիչ-կատարող: 1970թ. աշխատանքի է անցել ՀԱՄԽ-ի գեղարվեստական ինքնագործունեության դեկորատիվ-կիրառական բաժնում, որպես ավագ մեթոդիստ: Իր արվեստում խարազանել է պատերազմները, կյանքի ստվերոտ կողմերը, անտարբերությունը, կոպտությունը, չարությունը, հիմարությունը և գովերգել հերոսությունը, իմաստությունը, ազնվությունն ու հոգու մաքրությունը: Աշխատել է բազմաթիվ նյութերով՝ կավ, շամոտ, փայտ, մետաղ, յուղաներկ, տեմպերա, կտոր, կաշի: 1963թ. Երևանում ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը: 1969թ. նրա գործերը ցուցադրվել են Հայաստանի Նկարիչի տանը: Հետագայում իր շատ մտահաղացումներ իրականացրել է քանդակային կոմպոզիցիաների ամբողջական շարքերում: Փոքր չափի քանդակների շարքերում դիմել է ազգային դասական գրականությանը, հեքիաթներին, էպոսին, ծիսական արարողություններին, համաշխարհային գրականությանը («Պարոնյանական կերպարներ», «Քաջ Նազարը», «Սասնա ծռեր», «Մոլլա Նասրեդդինը և մյուսները», «Շվեյկ»): 1978թ. Չեխիայի Սկալիցա քաղաքում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը՝ նվիրված հանրաճանաչ գրական հերոս Շվեյկին, որից հետո արժանացել է տվյալ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1960-ական թվականներին քանդակագործը դիմել է Հայաստանի պատմությանն ու առասպելներին: Այդ շրջանի աշխատանքներից են թուջե «Արգիշտի» արձանը, բրոնզե «Քիմերի» արձանը, «Ուրարտական զինվորներ» շարքը, «Սասունցիների պարը» գեղազարդ սինին, «Հարսանյաց կաթսան», «Էրեբունի» սկահակը նվիրված Երևանի 2750-ամյակին: 1977թ. արժանացել է դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնագործունեության առաջին համամիութենական փառատոնի դափնեկրի կոչման: 1959թ-ից ստեղծել է հարյուրավոր տիկնիկներ, որոնք չեն կրկնում միմյանց: 1970-80թթ զբաղված է եղել «Շախմատային դեկորատիվ ֆիգուրներ» շարքով: Վերջին տարիներին զբաղվել է հատկապես փայտի փորագրությամբ: Բարձրարժեք են հատկապես նախկին «Գիտելիք» ընկերության դուռը, «Զվարթնոցի դուռը», «Տաթևի եկեղեցու դուռը»: Մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում 6 ամիս շարունակված «Էքսպո-2000»-ին: Մասնակցել է նաև նախկին միութենական և միջազգային 45 ցուցահանդեսների և արժանացել 5 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների: Հայաստանից դուրս անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելգիայում (1970թ.), ԱՄՆ-ում (1977թ.), Չեխոսլովակիայում (1978թ.), Ալժիրում (1978թ.), Կանադայում (1980թ.), Զագրեբում (1986թ.), Գերմանիայի Հանովեր քաղաքում (2000թ.): Նրա աշխատանքները պահպանվում են Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, փայտի աշխատանքների թանգարանում, Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում, Բելգիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Իտալիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում:
Աղբյուր՝ Avproduction.am