Վարոս Աշոտի Շահմուրադյան (1940, սեպտեմբերի 2, Լենինական — 1977, հուլիսի 13, Երևան), հայ նկարիչ։
Կենսագրություն
1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Մոսկվայի գեղարդյունաբերական բարձրագույն ուսումնարանը։ 1967-1974 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1976-1977 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։
«Կապույտ նատյուրմորտ», 1971, ՀԱՊ
Ստեղծագործական գործունեություն
Հեղինակ է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի։ 1960-ական թվականների գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ Շահմուրադյանը հասել է ընդհանրացումներով հարուստ լուծումների՝
«Նատյուրմորտ։ Լուսամուտի մոտ», 1962
«Մայրություն», 1967
«Իմ նախնիները», 1968
«Ռեքվիեմ», 1969
«Հին օրհնություն», 1969
1970-ական թվականներին Շահմուրադյանը դիմել է երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարանքների՝
«Պատուհան» և «Արվեստանոցում» նկարաշարեր, 1970-1976
«Կեսօր», 1972
«Ձկներ և կարմիր բալեր», 1974
«Ձոն», 1975
«Թիթեռ», 1976
«Ալբատրոս», 1976
«Սոնետ. Գարուն-Աշուն», 1977
Ստեղծել է նաև հորինվածքներ՝ արծնապատման տեխնիկայով («Նկարչուհու մոտ», 1974)։
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1977, 1980 թվականներ), Տարտուում (1981)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։