Ստանիսլավ Ավշառյան: Երբ հորս ասում էի. Պապ, ինչու՞ ես էսպես նիհարում, ասում էր. «Շան լակոտ, գիտես` հե՞շտ է չորս տղա պատերազմ ուղարկելը»: Բայց, երբ հարևաններն էին հարցնում, թե Էդիկ, ոնց ես է չորս տղաներիդ պատերազմ ուղարկել, մի տեսակ հպարտորեն էր պատասխանում. «Բա որ իմ տղաները չկռվեն, ո՞վ պիտի կռվի»:
Մայրս մահացել է 1990թ. դեկտեմբերին: Այնքան զգայուն էր, այնքան փխրուն սրտի տեր, որ պատերազմի ժամանակ չորսս էլ, մի տեսակ, գոհ էինք, որ մեր մայրը չկա: Նա չէր կարող տեսնել ու տանել այն, ինչ տեղի ունեցավ: Եթե այն ժամանակ մահացած չլիներ, այնպայման պատերազմը կսպաներ նրան…
Փառք Աստծո, չորսս էլ ողջ-առողջ, հաղթանակով տուն եկանք: Չնայած բոլորս էլ վիրավորվել ենք: Թեթևակի չէ, էնպես լավ էլ, տղավարի վիրավորվել ենք, բայց, կարևորը` տուն ենք եկել: Հայրս էլ մինչև կյանքի վերջն ապրեց գլուխը բարձր, ճակատը` պարզ:
Ռոման Ավշառյան: Մեր հինգերորդ եղբայրը` Սոկրատը, թեպետ պատերազմին ուղակի մասնակցություն չունեցավ, հիմա կպատմեմ, թե ինչու, բայց շատ օգնեց մեզ, թե՛ հագուստ-դեղորայքով, թե՛ վիրավոր տղաներին իր մոտ տանել-բուժելով: Մինչև պատերզմն էր, որ ադրբեջանական ՕՄՕՆ-ը բռնում էր հայ ոստիկաններին, իսկ նա այն ժամանակ ոստիկանության սպա էր: Մենք նրան ինքնաթիռով փախցրինք Երևան, այնտեղից էլ ճանապարհեցինք Ռուսաստան: Բայց պատերազմի տարիներին այնքան մեծ էր նրա օգնությունը, որ հետագայում շնորհակալագրի արժանացավ:
Մխիթար Ավշառյան: Այս օրը հիշարժան օր էր` 1993թ հոկտեմբերի 26-ն էր` հորս ծննդյան օրը: Եկել էինք ցերեկով մի թեթև նշել ու վերադարձել Աղդամ: Մի նկարահանող խումբ էր եկել մեր գումարտակը: Այն ժամանակ ես գումարտակի հրամանատար էի, Գագիկը զրահատանկային ծառայության պետն էր, Սլավիկը զրահատանկային ծառայության սպա, Ռոման էլ մեր գումարտակի նյութապահովման վաշտի հրամանատարն էր: Լրագրողները հետաքրքվեցին մեզնով ու նկարեցին մեզ: Բայց մենք այս նկարը շատ տարիներ անց ենք գտել, համացանցում ենք տեսել ու վերցրել: Անգամ չգիտեմ, թե ով էր նկարողը կամ որտեղից էր:
1988թ ես Դոնեցկում էի ապրում: Շարժման հենց սկզբից էլ զգում էի, որ առանց պատերազմի էս գործը գլուխ չի գա: Արդեն նոյեմբերին ընտանիքով եկա Ստեփանակերտ: Այդ ժամանակ հինգ եղբայրներով, ամենքս մեր տեղում, կցվեցինք շարժմանը:
Որ ճիշտն ասեմ, այն ժամանակ ոչ ոք ապագայի մասին չէր մտածում, միայն գիտեինք որ Շուշիի, Խոջալուի կրակակետերը պիտի վերացնենք, որ ժողովուրդը պիտի նկուղներից դուրս գա, որ մենք մի օր պիտի ազատություն ստանանք:
Ես ու Գագան` Գագիկը, ի դեպ ասեմ, որ մենք զույգ եղբայրներ ենք, սովետական բանակում տանկիստ ենք եղել: Ու թեպետ, դեռևս տանկ չունեինք, բայց փոքրիկ ջոկատ կազմեցինք Արսեն Շումանյանի հրամանատարությամբ: Ճիշտ էն անեկոտն էինք դարձել, որ ասում է` հենց գյուղը տանկ բերեն, առաջինը ձեզ ենք տալու: Այդպես էլ եղավ, 365-րդ ռազմաբազայից առաջին տանկը հենց մենք վերցրինք: Ցավոք, մեր հրամանատարը շուտ հեռացավ մեզնից, զոհվեց Քարին Տակի մարտում: Նրանից հետո մեր մարտական ուղին շարունակել ենք չորրորդ վաշտում:
Շուշիի ազատագրուման ռազմագործողությանը ես ու Գագան մեր տանկերով ենք մասնակցել: Այդ ժամանակ մենք երկու տանկ ունեինք վաշտում: Առաջին տանկը, որ ճանպարհով դեպի Շուշի բարձրացավ Գագիկինն էր, ես էլ Դաշուշենի կողմից էի գալիս: Ցավոք, Գագիկի տանկը խփվեց, անձնակազմը` Ավանեսյան Աշոտն ու Սարգսյան Շահենը զոհվեցին, իսկ Գագիկը վիրավորվեց:
Հայրենասիրության դասը մենք գրքերից չենք առել, այլ մեր հերոս ապուպապերից: Իմ պապը մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: Միշտ հերոսական դրվագներ էր պատմում իր գլխով անցածից: Ցարական Ռուսաստանի կողմից նա ռազմական «Георгиевский крест» պարգևի է արժանացել:
Սլավա Ավշառյան: Սովետական բանակում մեզնից ոչ մեկը ծառայությունը խոհանոցում կամ շինարարական ջոկատում չի անկացրել, մենք կանոնավոր ծառայություն ենք անցել: Դրա համար էլ մեզ պետք չէր ոչինչ սովորեցնել: Իսկ պատերազմին մասնկացել-չմասնակցելու հարց մեր ընտանիքում չկար: Օրինակ` ինձ համար հայրենիքն սկսում է մեր գերեզմաններից: Ասենք` մորս գերեզմանը: Ես ինչպե՞ս թողնեմ, որ թուրքը գա ու պղծի այն: Ես կգնամ, կզոհվեմ, բայց թուրքին մոտ չեմ թողնի մորս մասունքներին: Ես գիտեմ, որ մեզնից յուրաքանչյուրն էլ այսպես է մտածում: Ու, փառք Աստծո, մեզ նման շատերը կան: Էնպես որ, հայրենասիրությունը հենց դա է, ոչ թե ամպագոռգոռ խոսքերը…
Մխիթար Ավշառյան: Մեր գումարտակը հենց որ նոր մարդ էին բերում, զրուցում էի հետները, բացատրում, ասում, որ էս պատերազմը մենք պիտի անենք, էսօր չէ` վաղն ենք անելու: Իմաստ չկա փախչելու կամ ձգձգելու: Հավաքվենք, շուտ անենք, պրծնի` գնա: Ու էսպես` ամեն նորեկի հետ: Մի անգամ, երբ էլի էին նոր մարդիկ բերել, վարսավիրանոցի մոտ լսեցի, թե ինչպես մարտակերտցի տղաներից մեկը, ով նույնպես իմ խրատների միջով էր անցել, նստած խոսքերս հատ-հատ կրկնում էր, թե թաքնվելու իմաստ չկա: Սա մեր պատերազմն է, էսօր չէ` վաղն ենք անելու: Եկեք, շուտ անենք, պրծնի-գնա: Մնացել էի փշաքաղված-կանգած: Խոսքս տեղ էր հասել…
Սլավա Ավշառյան: Պատահում է, որ երանի ենք տալիս էն օրերին: Մարդկանց միջև որիշ հարաբերություններ էին: Մի վիրավորի կամ մի զոհի մարմին հանելու համար կարող էինք մի քանի նոր զոհեր կամ վիրավորներ տալ: Ուրիշ նվիրվածություն էր, ուրիշ ընկերություն:
Ռոմա Ավշառյան: Մի անգամ Մանգասարյան Քաջիկը կապվում է, թե սնարյադ է պետք, հասցրու: էն ժամանակ էլ սնարյադների արկղեր չկային, մեքենայի թափքում իրար վրա արկերը շարած՝ տանում էի: Ամբողջ ճանապարհը ինձ վրա աշխատում էին, թե ինչպես եմ կրակե տարափի միջով անցել, արկերը Քաջիկին հասցրել, ինքս էլ չգիտեմ, բայց հետաքրքիրն այն է, որ Քաջիկը, ինքն էլ իրեն վտանգի ենթարկելով, դուրս էր եկել ու ինձ էր հետևում: Եկա, ասում եմ, ինչի՞ ես դուրս եկել, ասում է` բա որ քեզ մի բան պատահեր: Ես եմ քեզ կանչել, ուրեմն պիտի քեզ հետ լինեմ…
Մխիթար Ավշառյան: Շատ անգամ է պատահել, որ հրաշքով ենք կենդանի մնացել: Որբին, ինչպես ասում են, Աստված է պահում:
Մարտակերտը պիտի հետ վերցնեինք: Գեներալ Կարպետյանը մեր վաշտի հրամանատարն էր: Հեռվում մի թուրքի տանկ էր տեսել, որոշել էր, որ գնանք ոչնչացնենք այն: Ես, չնայած վիրավորված էի, բայց մասնակցում էի գործողություններին: Ես էի, Գագան էր, Կարապետյանն ու մեր ընկերներ Արթուրն ու Մարտիկը: Հասել էինք Մեծ Շենի մոտ, բայց տանկի դիրքը հարմար չէր, Կարապետյանը որոշեց, որ պետք է ավելի առաջ անցնել, որ լավ տեսնենք: Մարտիկը դուրս եկավ մեքենայից և ավտոմոտի շամպուրով սկսեց ստուգել` ականներ կան տեղադրված, թե ոչ: Կարապետյանն էլ շտապում էր` ինչ ական, ինչ բան, քշեց մեքենան, առաջ անցավ: Մեր հետևից Մեծ Շենի ջոկատի հրամանատար Հարութն էր գալիս: Մենք անցում ենք, մեր հետևից իրենք պայթում են: Հարութը զոհվում է: Մենք Նիվայով էինք, Նիվան նեղ է, հինգ ականի վրայով անցել ենք` չենք պայթել, իրենք մեր հետևից եկան, ու… Հիմա կանգնել էինք ու հողը ոտքներիս տակ վառվում էր… Չգիտեիր` աջ գնաս, ձախ գնաս: Հետո մարտակերտցի տղաները եկան ու ասացին, որ այդ ճանապարհը ականապատված է: Կացիններ բերեցին, մի քանի ծառ կտրեցինք, ուրիշ ճամփով հետ դառանք: Էս պատմության մեջ, գիտե՞ք, որտեղ է հրաշքը: Տնից դուրս գալիս Սամվել Կարապետյանի մայրը կանչեց, թե Սամվել, խաչդ մոռացել ես, վերցրու: Շուշիի ազատագրումից առաջ մենք ամբողջ վաշտով, չորրորդ վաշտն էր, մկրտվեցինք, բոլորս միանման խաչեր ունեինք, որ միշտ մեր կրծքին էինք կրում: Այն, որ մենք չպայթեցինք ականի վրա, հենց այդ խաչի զորությունն էր: Մեքենայում բոլորս էլ այդ խաչն էինք կրում…
Ինչ ասես, որ չենք ապրել պատերազմի տարիներին: Կորստի ցավ ու հաղթանակի հպարտություն, ուրախություն և տխրություն…
Մի օր նախատեսված ռազմագործողությունը հետաձգեցին, պարապ էինք նմացել: Որոշեցինք, մի բան անել` օրներս անցի: Գնացինք հասանք Բալուջա, տեսանք, մի բակում երեք ղազ կա: Մոտեցանք տանտիրոջն ու խնդրեցինք, որ ղազերից մեկը ծախեն: Սրանք թե` չէ, որ չէ, ղազերը պահում ենք, որ շատացնենք: Ասում եմ, բա երեքն են, երկուսն էլ է հերիք շատանալու համար: Էդ ժամանակ տան տղամարդն էր դուրս եկել ու արդարանում էր, թե` երկուսը արու են, մեկը` էգ:
Մեր ընկեր Արթուրը իրեն չկորցրեց.
— Չէէէ, էդպես չի ստացվի: Դու լսած կա՞ս, կարապների հավատարմության մասին:
-Այո,- ասում է :
— Սրանք էն նույն կարապներն են, ուղակի կարապները օդով են թռչում, սրանք էլ գետնով են քայլում: Քանի դեռ երեքն են, չեն շատանալու, անպայման պիտի երկուսով մենակ մնան,- Արթուրն է` լուրջ-լուրջ դեմքով:
Էս մարդը կնոջը կանչեց, թե` շուտ էս ղազերից մեկը մորթիր, տուր թող տանեն: Ես էլ ասում եմ` խի չեն բազմանում…
Պատերազմն ավարտվելուց հետո չորս եղբայրով էլ շարունակեցինք մեր ծառայությունը: Ռոման ու Սլավիկը արդեն զորացրվել են, ես ու Գագան դեռ շարունակում ենք մեր ծառայությունը: Հիմա ես Արցախի զինկոմն եմ: Ու միակ ցանկությունս այն է, որ այն անվանացուցակը, որ մենք բանակ ենք զորակոչում, նույն կազմով էլ հետ դառնա: Անկախ նրանից` պատերազմ կլինի, թե` ոչ: Թող մեր զինվորի ձեռքը չդողա, աչքը չփակվի, զգոնությունը չպակասի:
Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ