«Իմ կյանքում դժվար պահեր շատ են եղել: Բայց նաև կյանքը բարեհաճ է եղել իմ նկատմամբ: Երջանիկ պատահականությունների շնորհիվ հայտնվել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բերեց ինձ, կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, բայց դարձա հայրենիք, կարող էի Սիբիրի ճամփան բռնել, բայց խուսափեցինք աքսորից և նման պատահականություններին եմ պարտական Վարդուհի Վարդերեսյան լինելու համար»,- «Իմ կյանքի հեքիաթը» գրքում անկեղծացել է մեծ արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Նա ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Բեմական կյանքը սկսել է Գյումրու թատրոնում, հետո եկել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ու նվիրվել անմնացորդ: Նրան բախտ վիճակվեց բեմ բարձրանալ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի հետ:
Կինոյում և թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր որոնցից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում:
«Հաղթանակների հաղթանակն ինքն իրեն հաղթելն է»,- ասել է Վահրամ Փափազյանը Վարդուհի Վարդերեսյանի մասին, իսկ Վարդան Աճեմյանն արձանագրել է` «Վարդուհի Վարդերեսյանի արվեստը ծերանալ չգիտի»:
Աղբյուր՝ Haymitq: