Աննա Բաբաջանյան
Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ, այն պանթեոնի, որտեղ մինչեւ իր կյանքի վերջը պահակ էր աշխատում Հայաստանի Առաջին հանրապետության զորավար, նշանավոր հայդուկապետ, Անդրանիկի անձնական քարտուղար եւ զինակից Սմբատ Բորոյանը` նույնը ինքը՝ Մախլուտոն: Պատմում են, թե այն տարիներին ոչ ոք նույնիսկ չի կռահել, որ այդ մարդը Մախլուտոն է, ով այգում հսկում էր մեր մեծերի եւ նրանց թվում նաեւ՝ իր զինակից ընկերոջ, Սեւքարեցի Սաքոյի գերեզմանը: Բայց պատմությունը պատմություն չի լինի, եթե չմատուցի մեծագույն անակնկալներ: Ու հիմա այդ անակնկալներից մեկը հանգրվանել է «Զորավար Անդրանիկ» թանգարանում` պարզ ու հասարակ սնդուկի տեսքով, որն իրականում թաքցնում է թանկ ու նվիրական հիշատակներ հերոսական տարիների ու հերոսացած մարդկանց մասին: Իսկ պատմության շրջադարձը սկսվեց սովորական մի օր, երբ մի գրավաճառ Մախլուտոյի մահվանից հետո հանգրվանեց նրա տանը` ինքն էլ չպատկերացնելով, թե ինչպիսի արժեքների անուղղակի տեր է դառնալու, իսկ հետեւողականությունն ու հոգատարությունը ինչպես են երկրորդ կյանք հաղորդելու թանկագին մասունքներին:
Երբ տարիներ առաջ սովորականի պես նա ելել էր փողոց՝ թերթ ու լոտոներ վաճառելու, իրեն մոտեցել էր մի մարդ՝ ձեռքին գրքեր, դրանց թվում՝ հայդուկների մասին ստեղծագործությունը: Պարզվում է՝ այդ մարդը հենց գրքերի հեղինակն էր, եւ գրավաճառը հետաքրքրվել էր՝ արդյոք հայդուկների մասին գործի մեջ նա անդրադարձել է Մախլուտոյին: Երբ ստացել էր դրական պատասխան, պատմել էր, որ այն տանը , որտեղ ապրում է ինքը, բնակվել էր Մախլուտոն, եւ ինքը խնամքով պահել է նրա անձնական իրերից մի քանիսը: Նա այդ մարդուն հրավիրել էր իր տուն, ցույց էր տվել նկուղում պահված սնդուկը, դրա մեջ՝ Մախլուտոյի իրերը՝ ձիու նալեր, ձայնասկավառակ, լամպ, ջրաման, շերեփ, կրակայրիչ ու էլի մի քանի առարկաներ: Հավանաբար, սրանք այն իրերն էին, որոնք հայդուկապետին ուղեկցել էին իր դեգերումների ու կռիվների ընթացքում, եւ դժվար չէ կռահել, որ դրանցից յուրաքանչյուրը զորավարի համար հիշողությունների ու հիշատակների մի աղբյուր էր եղել:
Իսկ իրերով հետաքրքրված անձը ոչ ավել, ոչ պակաս՝ Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրեն Իլյիչ Բեգլարյանն էր: Գրավաճառը, գիտակցելով պատմական նշանակության առարկաների արժեքը, դրանք սիրով փոխանցել էր գրողին: Ի դեպ, գրավաճառից առաջ այդ տանն ուրիշ մարդիկ էլ էին ապրել, սակայն Մախլուտոյի՝ ձեռքից ձեռք անցած իրերը ժողովելու պարտականությունը ստանձնել էր հենց գրավաճառը: Այդպիսով՝ պատմական սնդուկն ու Սմբատ զորավարի անձնական իրերը 2006-ից ցուցադրվում են «Զորավար Անդրանիկ» թանգարանում:
Ի դեպ, հենց այդ սնդուկի մասին, որի միջոցով զինամթերք էր տեղափոխվել, հիշատակվում է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքում. «Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանը պահվում էր Արաբոյի տան տոհմական սնդուկի մեջ, Կուռթեր գյուղում. այնքան զորավոր էր, որ հին խութեցիները կռվի գնալուց առաջ նրա վրա երդվել էին: Սուրբ Կարապետի վանահոր առաջարկով Արաբոն այդ ավետարանը տանում է վանք, որ սուլթանի դեմ զենք վերցնող ռանչպարները աստվածաշնչի փոխարեն նրա վրա երդվեն»,-ասվում է ստեղծագործության մեջ:
Այսօր վիպասքի ու իրականության միջեւ դրված է մի սնդուկ, որը մարմնավորում է մեր պատմության փոքրիկ մի դրվագ: Այն մեզ միայն թանգարանային տեղեկություններով չէ, որ սնում է: Դա վկայություն է նաեւ այն մասին, որ թեեւ պահակ դարձած Մախլուտոն կորցրել էր նախկին փառքը, սակայն չէր կորցրել արժանապատվությունն ու հիշողությունը փառավոր ժամանակների մասին:
Փաստական տեղեկությունները՝ Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրեն Ժորժետա Բեգլարյանի
Լուսանկարները՝ «Հետքի»
Աղբյուր՝ Hetq.am: